Ապրում ենք հայավարի ու այսպես տնավարի քանդում մեր երկիրը, թողնում հեռանում: Ում հետ խոսում ես, ոչ մեկը չի հավատում Հայաստանի ապագային, բոլորը շատ մեծագիտակ են ու ահավոր հոռետես, գումարած նաեւ հայի տունն ու օջախը քանդող մեծամտությունը: Բայց, երբ խորանում ես հարցի լրջության մեջ, պարզ ուրվագծվում են միմիայն շահեր ու տարօրինակն այն է, որ այդ շահերը, չգիտես՝ ինչու, բարձր են ընդհանուր հասարակության շահերից: Հայաստանում բախվում են մի քանի անձանց ու մի ամբողջ ժողովրդի շահերը, եւ այդ մի քանի մարդկանց պառակտիչ, երկարատեւ ու քայքայիչ գործունեության հետեւանքով մենք մեր հայրենիքն ենք կորցնում, որը լայնամաշտաբորեն դատարկվում է: Այդ մի քանի օգտատերերը, փաստորեն, մտածված կերպով Հայաստանում ձեւավորել են գողապետական՝ օլիգարխամոնապոլիկ տնտեսավարման համակարգ եւ ազատ շուկայի, ազատ մրցակցության ու ազատ շուկայական հարաբերությունների փոխարեն, փաստորեն, առաջնորդվելով միմիայն նեղանձնական՝ սեփական շահերով նաեւ խնամիաբարեկամական, քավորպետրոսական ու բռնապետական հարկադրական մեթոդներով ու եղանակներով, միանշանակորեն, տանում են մեր երկիրը հաստատ կործանման: 20 եւ ավելի երկար ու ձիգ տարիներ Հայաստանը թալանվում է անխնա՝ ներքին եւ արտաքին թշնամիների ձեռքերով: Իրենց արդարացման ու նույնիսկ հերոսացման համար, նրանք հասարակությանն անընդհատ կերակրում են տարաբնույթ սուբյեկտիվ ու անազնիվ տեսակետներով ու վարկածներով, որոնք առաջ են քաշվում տարբեր այլ խնամի կուսակցությունների ձեռքերով... Մեր իմաստուն ժողովուրդը հայտնվել է լուռ ու համբերատար հանդիսատեսի դերում՝ գերադասելով լքել հայրենին... Ռեժիմն իրեն սպառել է բոլոր հարաբերություններում ու միայն պետական, մասնավորապես, ուժային կառույցների վրա ունեցած մեծ իշխանությունն է, որ թույլ չի տալիս մեր համբերատար ժողովրդին առանց արյունահեղության բռունցքվել ու հետ վերադարձնել հայ հասարակությանը կորուսյալ Հայոց Աշխարհն ու մեր իսկ սեփական հայրենիքում հաստատել օրինական կարգեր: Հայաստանը ինքնաբավ ու շատ հարուստ երկիր է ու սուտ է այն մարմանջը, որ մեր հայրենիքը չի կարող բավարարել իր կարիքները: Ճի՛շտ, ազա՛տ տնտեսավարման դեպքում մեր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները թույլ կտան շատ կարճ ժամանակաշրջանում մեր երկիրը դարձնել իսկական դրախտ, հրաժեշտ տալ աղքատությանը, մարդիկ կունենան պատվաբեր ու եկամտաբեր մշտական աշխատանք, չեն լքի հայրենիքն ու կնվիրվեն մեր աշխարհի կառուցմանը, ոչ թե կմեկնեն արտասահման ու կշենացնեն այլոց երկրներն ու տները...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել