Ցանկացած հայի աշխարհի որ անկյունը գցես, ցանկացած իրավիճակում կկողմնորոշվի, գլխի ճարը կգտնի ու ջրից չոր դուրս կգա: Շարունակ գոյության համար տված կռիվը վարժեցրել է նրան այդ «գործում», այդ հատկությունը սերնդեսերունդ փոխանցվել է նրանց զավակներին: Այսօր, ինչպես երբեք, լավագույնս երևում է աշխարհով մեկ ցիր ու ցան եղած, մաքառող հայ մարդու այդ հատկանիշը:

Սակայն դարեր շարունակ լինելով պետականազուրկ ժողովուրդ, աշխարհասփյուռ հայերս անհատապես կողմնորոշման ու գոյության խնդիրներ լուծելով՝ ի սպառ ետ ենք վարժվել, նույնիսկ կորցրել ենք երբեմնի ունեցած հավաքական կողմնորոշման, հավաքական գոյատևման, էլ չենք խոսում զարգացման հատկանիշները:

Անհատի գոյատևման շնորհքը, որքան էլ որ հնարավորություն է տվել մեզ պետականազուրկ կարգավիճակում որպես ժողովուրդ ֆիզիկապես պահպանել մեր գոյությունն առ այսօր ու փրկվել մեռած ազգերի շարքերը համալրելուց, միևնույնն է, օրերից մի օր իրեն սպառելու է: Հիմա, մենք այս կեղծ պետականությամբ, այս ստրկապետությամբ շատ մոտ ենք կանգնած այդ տխուր օրվան: Աշխարհի բոլոր անցքերում ծվարած, լոկ գոյության խնդիր լուծող յուրաքանչյուր հայ, ամեն վայրկյան իր մաշկի վրա զգում է այդ վտանգը:

Սա պատմության տված վերջին շանսն է. կամ ազգովի, հավաքականորեն կսովորենք կողմնորոշվել այս մեծ աշխարհում, կհասկանանք  մեր խերն ու շառը, կտարբերենք մեր թշնամիներին ու բարեկամներին, կամ կանցնենք-կգնանք, այդպես էլ մարդկության այդ կարևոր «դասը» չսերտած, պատմության արխիվներում տեղ գտած մյուս ազգերի շարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել