Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության նախագահ Սամվել Զաքարյանի հետ զրույցել է դեղերի դրոշմապիտակավորման մասին որոշման, գնումների գործընթացով ձեռք բերվող դեղերի որակի, ՄՄ անդամակցելու պարագայում շուկայում սպասվող փոփոխությունների մասին: Միության նախագահը նշեց, որ նոր կառավարությունը փոփոխությունները կատարելիս հաշվի չի առնում իրենց կարծիքը: «Դրոշմապիտակավորման ծախսերն անելու դեպքում կարող են դեղերի գները թանկանալ»,-հավելեց նա: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցությանը, Սամվել Զաքարյանը նշեց. «Իմ կարծիքով՝ երեք մեծ պետությունների բերել մեր չափանիշների՝ շատ ավելի դժվար է, քան մենք ընդունենք իրենց օրենսդրական չափանիշները: Արդյունքում օրենսդրական մասով մենք մի քայլ հետ կգնանք, քան իրենք կբարձրանան»:  

-Որպես գերակա ճյուղ արդարացվո՞ւմ են դեղագործության ոլորտում կառավարության կողմից իրականացված քայլերը:

-Արդարացվում է, պարզապես կուզենայինք, որ ավելի ակտիվ միջոցառումներ լինեին: Դեղագործության ռազմավարության միջոցառումների ժամանակացույցով մեր ոլորտը ամենալավն է, և կատարված աշխատանքների մասով առաջիններից է: Մենք շատ ակտիվ աշխատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ և արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ: Արդյունքը եղավ այն, որ անցած տարի դեղագործության ոլորտը ամենաբարձր ցուցանիշներն արձանագրեց. 29.8 տոկոս արտադրության աճ եղավ և 25.8 տոկոս արտահանման աճ:

-Իսկ նոր կառավարությունում նոր մոտեցումներ նկատո՞ւմ եք, թե՞ նախկինի շարունակությունն է:

-Ոչ, բավականին ուրիշ աշխատաոճ է: Մասնավորապես մեզ զարմացրեց, որ նոր փոփոխությունները կատարվում են առանց մեզ հետ քննարկելու, և մեր կարծիքը շրջանցում են: Օրինակ՝ զուգահեռ ներմուծման կանոնակարգի հաստատման փաստաթուղթն անսպասելի հայտնվեց մասնավոր ոլորտի առաջ: Այդ կարգը բավականին թերի է, մասնագիտորեն շատ բացեր ունի, որոնց շուտով կանդրադառնանք:

-Ի՞նչ կասեք նոր փոփոխության մասին, ըստ որի դեղերը ևս պետք է դրոշմապիտակավորվեն: 

-Դա մեր մյուս խնդիրն է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի մեջ օճառի, կոսմետիկայի և այլ միջոցների հետ միասին մտցրել են նաև դեղերը՝ պարտադիր դրոշմապիտակավորման համար: Դա ոչ մասնագիտական մոտեցում է, որովհետև դեղերը, յուրահատուկ ապրանքատեսակ լինելով, ունեն իրենց յուրօրինակ կարգը: Արդյունքում՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի պատճառաբանությամբ դեղերն էլ հայտնվեցին այդ ցուցակում՝ առանց մեր կարծիքն ընդունելու, և թեև մենք փորձեցինք մեր ձայնը բարձրացնել, սակայն լսող չկար: Հայաստան է մտնում երկու հարյուր միլիոնից ավելի դեղափաթեթ՝ տարբեր չափերի, տարբեր որակի փաթեթավորումներով, և այդ ամեն ինչը պետք է դրոշամապիտակավորվի, դա հսկայական ծախսերի հետ է կախված: Եթե փաթեթի մեջ օրինակ 60 հատ հաբ է, իսկ հիվանդը ցանկանում է 5 հատ, արդեն կխախտվի դրոշմապիտակավորման կարգը, իսկ մեր սպառողները, սոցիալական ծանր վիճակից ելնելով, միշտ չէ, որ 60 հատը կառնեն, 5-ը կխմեն և մնացածը կթափեն: Դրոշմապիտակավորման ծախսերն անելու դեպքում կարող են դեղերի գները թանկանալ:

-Պատճառաբանվում է, որ դա ստվերի դեմ պայքարի միջոց է:

-Այդ դրոշմապիտակավորումը ոչինչ չի տա, ամբողջովին անիմաստ է դեղերի դեպքում, դեղերն առանց այն էլ հատուկ վերահսկվում էին և մինչև վերջին սրվակը ներմուծելու ժամանակ գրանցվում էին, այսինքն` ստվերային գործունեությունը գործնականում բացառված է: Եթե հիմնականում Վրաստանից մաքսանենգ ճանապարհով էին դեղեր ներմուծվում, ապա պետք է պայքարել դրա դեմ, պաշտոնապես ներմուծողները ուղղակի չեն կարող ստվերով ներմուծել: Դրոշմապիտակների ներկայությունն ավելի լայն ճանապարհ է տալիս նույն մաքսանենգ ճանապարհով ներկրողների համար, որովհետև նրանք ակցիզը տասը դրամանոց դեղի վրայից կպոկեն և տասը հազարանոց ոչ գրանցված ներմուծածի վրա կփակցնեն: Պաշտոնապես գործողները իրենք ներկրում են ամբողջովին համակարգված, ստուգվող հոսքերով և չեն կարող ստվերային գործել: Պետք է պայքարել մաքսանենգ ճանապարհով ներմուծվողների դեմ, ոչ թե կազմավորված շուկան քանդեն և էքսպերիմենտներ անեն: Եվրոպական երկրներում այդպիսի կանոնակարգ չկա: Ռուսաստանն ու Ուկրաինան էին մտածում այդպիսի դրոշմապիտակներ անելու մասին, իսկ հայերը պետք է առաջ ընկնեին և հերթական փորձարկումն անեին մեր սպառողի և արտադրողների վրա:

-Այսինքն նոր կառավարությունը չի՞ խթանում տեղական արտադրողների գործունեությունը: 

-Ես չէի ցանկանա այդպես կտրուկ ասել, սակայն կառավարության առաջին քայլերը ցույց են տալիս աշխատաոճի տարբերություն և խնդիրներ են առաջացնում տնտեսվարողների համար: Միջազգային արտադրողների համար այս տեսակ անհասկանալի փոփոխության դեպքում իրենց ավելի հեշտ է հրաժարվել մեր երկրին մատակարարելուց այդ դեղամիջոցները, որովհետև մեր շուկան շատ փոքր է, նրանց այնքան էլ հետաքրքիր չէ, այլ մեզ է հետաքրքիր, որ դեղատներում լինեն այդ դեղերը: 

-Իսկ ի՞նչ կասեք գնումների գործընթացով ձեռք բերվող դեղերի մասին:

-Մենք լսել ենք բողոքներ: Երբ պարզեցինք հնդկական կազմակերպությունները հաղթել են մեր տեղական արտադրողին, պաշտոնապես նամակ ուղարկեցինք Առողջապահության նախարարությանը և վարչապետին, որպեսզի հետաքննություն անցկացվի և պարզեն այդ դեղերի կազմակերպությունները, դրանց հավաստագրերի իսկությունը, որովհետև իրենք բերում են շատ կասկածելի GMP հավաստագրեր, որոնք, ինձ թվում է, այնտեղ շատ հեշտ է տրվում: Արդյունքում չգիտեմ՝ եղե՞լ է նման հետաքննություն, թե ոչ, բայց մինչև հիմա ոչ մի պատասխան չունենք, թե ինչեր են արվել: Դա ոչ միայն հիվանդների այլ նաև տեղական արտադրողների և երկրի տնտեսության զարգացման հարցն է, որովհետև այնպիսի հայտնի, լուրջ որակով դեղեր արտադրող «Արփիմեդ» կազմակերպությունը պարտվեց անհայտ ծագումով անսպասելի շուկայում հայտնված հնդկական կազմակերպությանը՝ չորս դրամի տարբերությամբ: Դա մետֆորմին դեղն էր՝ շաքարի երկրորդ տիպի դիաբետի համար օգտագործվող: Դեղերի առումով փաստավորված կան բողոքներ նաև բժիշկների կողմից: Այսպիսով` ստացվեց այնպես, որ երկու հարյուր միլիոն դրամի չափով պատվեր գնաց Հնդկաստան: Դա նշանակում է այդ դեղի հավելյալ արտադրություն չի լինի, տեղական կազմակերպությունը շրջանառությունից դուրս է կգա, աշխատատեղեր չեն բացվի: Կան դեղեր, որոնք նաև մատակարարվում է մեր բանակին, և կենսահամարժեքությունից թույլ դեղերը բողոքներ են առաջացնում: Ղեկավարությունը տեսնում է, որ այդ դեղերը չեն օգնում, գալիս են մեր տեղական արտադրողին խնդրում են մեր բանակի համար դեղ մատակարարել, իսկ բյուջե և ֆինանսավորում չկա: Իսկ մենք, լինելով հայրենասեր մարդ, հանում՝ նվեր ենք տալիս:Մի շարք հնդկական դեղեր, շատ տարօրինակ ձևով, բոլոր ժամկետներից առաջ գրանցվել են փորձագիտական կենտրոն և մտել շուկա: Մենք այդ հարցը ցանկանում ենք բարձրացնել, թե ինչպես է լինում, որ այդ դեղերն արագ գրանցվում և հաղթում են տեղական արտադրողին:

-Իսկ ի՞նչ դեղ է դա և ինչի՞ համար: 

-Ես դա չեմ կարող ասել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել