Обои руки, ребенок, утопающий, ладони, волныԽաղաղություն աշխարհին...

Ասում են. «Աշխարհն այնպիսին է, ինչպիսին դու այն տեսնում ես»: Արթնացե՛ք վերջապես: Զրկե՛ք ինքներդ ձեզ հնարանքներից: Բացե՛ք ձեր աչքերը . աշխարհն էլ վաղուց այնպիսին չէ, ինչպիսին առաջ էր: Չգիտեմ՝ քանի սյան վրա է աշխարհը հենված, բայց հիմա դրանցից առնվազն երեքը խավարը, չարությունն ու տգիտությունն են: Խավարը կուլ է տվել մարդկանց բանականությունը, չարությունը հոշոտել է մարդկանց հոգիները, իսկ տգիտությունն արդեն հավասար պայքար է բռնել իմացության հետ: Ամենը ոտքից գլուխ շրջված է: Ամենքը աշխարհից թաքնված ու վախեցած են: Ի՞նչ կա հիմա աշխարհի ճամպրուկներում. ցավ, դավ, պատերազմ, արյուն ու ոխ, ոխ, որ իր ճանապարհին ոչինչ և ոչ մեկին չի խնայում՝ անգթորեն բանալով ճիրանները: Ըստ սննդային օղակի՝ մարդիկ ուտում են կենդանիներին, բայց ոչ ոք չի ասում, որ մարդիկ հիմա ուտում են իրար թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես ու ֆիզիկապես: Մի՞թե Աստված արնախում գազանների ստեղծեց ՄԱՐԴ կոչումով: Մի՞թե կարգեց բոլորին թշնամի: Մի՞թե Ռեմարկն այն ժամանակ էր ճիշտ նույնիսկ, երբ ասել էր. «Աշխարհը գեղեցիկ է մանավանդ առանց մարդկանց»: Իսկ պատերազմնե՞րը: Ի՜նչ խաղաղություն, ի՜նչ դեմոկրատիա, ի՜նչ մարդասիրություն: Աշխարհը լի է նողկալի վախկոտներով, որոնք ուզում են հերոս թվալ՝ հերոս նախագահներ, հերոս քաղ. գործիչներ: Եթե ծխելն ու ծխախոտի ծուխը վնասակար են առողջության համար, ապա թող շատ ծխեն «հերոսները», բայց ոչ կրակի ու ծխի մատնեն մարդկանց տներն ու քաղաքները: Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, վախով փակում եմ կոպերս ու պատկերացնում, որ էլ չկան հարազատներս, որ քաղաքս ռմբակոծվում է, որ մահվան հոտը ամեն անկյունից քիթս մտնում ու տնավորվում է: Ամեն առավոտ բացում եմ կոպերս ու զարմանում, որ դեռ ապրում եմ, քանի որ այս աշխարհն արդեն հենց ինքը վաղուց դիակ է, բայց շատ լավ պահպանված դիակ: «Հերոսները» սատանայորեն լավ մումիֆիկացրել են այն: Ուրեմն անհնա՞ր է աշխարհը փոխել։ Չի կարելի փրկել նրանց, ովքեր դա չեն ուզում: Իմաստ չկա խոզերին ցույց տալ արևը, երբ նրանք միայն կեղտով են հետաքրքրված, թե չէ արևն էլ կկեղտոտեն՝ զրկելով լույսից այն սակավաթիվներին, ովքեր լույսին արժանի են: Բայց ուզում եմ այդ սակավաթիվներին գրկել ու քիչ մը բարություն սփռել: Հա՛, խոսքերս աշխարհ չեն փոխի, բայց գոնե մի քիչ աշխարհին հպվեն ու լուռ սփոփեն, էլի նվաճում է, էլի մի փոքրիկ հույս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել