Tert.am-ը գրում է.

ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին և այդ ընտրապայքարում նախագահի թեկնածուների քարոզարշավին, ասաց, որ թեկուզ ոչ շատ մեծ ծավալով, սակայն հայկական թեմատիկան և ավելի կոնկրետ՝ Հայոց ցեղասպանության հարցը նախընտրական քարոզարշավի մաս է կազմում:

-Կմանրամասնե՞ք, թե Թուրքիայի նախագահի երեք թեկնածուներից ով է իր նախընտրական քարոզարշավում անդրադառնում հայ համայնքի և Հայոց ցեղասպանության հարցին:

-Երեք թեկնածուներից կարող ենք առանձնացնել վարչապետ Էրդողանին և քեմալականների ու ազգայնականների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին, ովքեր ըստ էության շարունակում են Թուրքիայի պաշտոնական թեզը, որը ձևավորվել է դեռ անցյալ դարի կեսերին և որոշ խմբագրումներով հասել է մինչև մեր օրերը: Երբ դիտարկում ենք երկու թեկնածուի հռետորաբանությունը և ուղղակի կամ անուղղակի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը, տեսնում ենք, որ դրանք պաշտոնական թեզի կրկնություններն են, այսինքն՝ երկուստեք զոհեր, պատմաբանների հանձնաժողով, փայլուն անցյալ մինչև 1915 թվականը և այլն: Այդ երկու թեկնածուի հռետորաբանության մեջ ոչինչ չենք կարող առանձնացնել և կարող ենք ասել, որ երկու թեկնածուն այս հարցում համակարծիք են, նրանց տեսակետները չեն տարբերվում:

Այս թեկնածուները նաև որոշակի խնդիրներ ունեն, քանի որ եթե ընդդիմության թեկնածուն խոսում է ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, քննադատում է Էրդողանի իշխանությանն ինչ-ինչ սահմանափակումների համար, ապա երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, նա ինքը դառնում է իր իսկ կողմից քննադատված այդ երևույթների կրողը, ջատագովը և քարոզողը:

-Իսկ երրորդ թեկնածուի՝ Սելահաթթին Դեմիրթաշի մասին ի՞նչ կասեք:

-Նրա քարոզարշավի մեջ Հայոց ցեղասպանության թեման հստակ իր տեղն ունի, և ուզում եմ հավատալ, որ անկեղծության չափաբաժինը բավական բարձր է, քանի որ այդ քաղաքական գործչի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին վաղուց եմ հետևում, և նա առաջիններից էր, ով Թուրքիայի խորհրդարանում դեռևս տարիներ առաջ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին. ճիշտ է, սկզբից այդ տերմինը չէր օգտագործում, բայց հենց նա էր, որ հայտարարություն արեց և ասաց, որ քրդերը նույնպես պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը, և հատարարեց՝ «մենք բոլորս գիտենք հայկական կոտորածների մասին, քանի որ բոլորիս մանկությունն անցել է այդ կոտորածի մասին պատմություններ լսելով»: Այս քարոզարշավի ժամանակ նա կատարելագործել է իր նախկին մտքերը, կիրառում է «Ցեղասպանություն» եզրույթը, նշում է, որ դա Թուրքիայի տաբուներից է և խոսում է դրա վերացման մասին: 

Մի հարց կա, որ ես նրա քարոզարշավի ժամանակ չեմ նկատել, դա փոխհատուցման խնդրի բարձրաձայնումն է: Եթե նույնիսկ ակնարկներ էլ կան, ապա դրանք շատ հաճախ կրում են տեղային բնույթ՝ հայերի իրավունքները պետք է վերականգնվեն, հայերը պետք է այդ երկում հարգանքի արժանանան և այլն, բայց իրավական փոխհատուցման մասին, որը կենթադրի Ցեղասպանության ճանաչումը, այդ թեկնածուի մոտ խոսք չկա: 
Հայոց ցեղասպանության թեման արծարվում է այն ժամանակ, երբ հանդիպումներին ներկա են հայեր, կամ հայկական թեմատիկան այսպես թե այնպես շրջանցել չի լինում: Ուզում եմ, որ թյուր կարծիք չստեղծվի, թե այս թեկնածուն իր բոլոր հանդիպումների ժամանակ խոսում է Հայոց ցեղասպանության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել