Ըստ Ռոյթեր գործակալության` ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հինգշաբթի կայացած իրենց հերթական հեռախոսազրույցում համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման շուրջ:
Զրույցում նշվել է, որ մալայզիական օդանավի կործանումից մեկ շաբաթ անցնելուց հետո անգամ Ռուսաստանը, իրենց կարծիքով, որևէ քայլ չի ձեռնարկել Ուկրաինայի արևելքում ընթացող առճակատման կարգավորման ուղղությամբ: Նրանք արձանագրեցին, որ միջազգային հանրությունը ստիպված կլինի կիրառել նոր պատժամիջոցներ:
Նշենք, որ հուլիսի 21-ին հրավիրած ճեպազրույցում ռուս զինվորականները հրապարակեցին Դոնեցկի մարզի տարածքի օպերատիվ իրավիճակի ռադիոտեղորոշիչ վերահսկողության պատկերը, ինչի արդյունքում ուկրաինական իշխանություններին կարող են առաջադրվել բազմաթիվ հարցեր` ինչպես ուկրաինական ռադիոտեղորոշիչ կայանների ակտիվացման, այնպես էլ ուկրաինական կործանիչի և զենիթա-հրթիռային համալիրի մասով: ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարեց, որ այդ բոլոր տվյալները փոխանցվել են ԵՄ-ին:
ԱՄՆ-ն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հումքային և ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ: Եվրամիությունը ևս ընդլայնել է պատժամիջոցների իր ցանկը: Ներկայումս քննարկվում են ոլորտային պատժամիջոցները:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պատժամիջոցների անվան տակ քողարկվում են ի շահ որոշակի արևմտյան ընկերությունների ձեռնարկվող հովանավորչական միջոցառումները: Իսկ Վլադիմիր Չիժովը գտնում է, որ Եվրամիությունը դեռևս չի կարողացել հետ կանգնել պատժամիջոցների ուղու ռելսերից, թեև բավականին ակնհայտ է, որ այդ ուղին տանում է ոչ մի տեղ:
Դժվար է չհամաձայնել Վլադիմիր Չիժովի հետ: Սանկցիաներով հարցը ոչ միայն չի լուծվում, այլև առճակատումն առավել խորանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել