Այն, որ ժողովրդավարությունը կարող է ունենալ տարբեր ընկալումներ, հայտնի է բոլորին: Անշուշտ, անհնար է տալ ժողովրդավարության հստակ նկարագիրը, սակայն գոնե մեկ-երկու հիմնարար դրույթներ, կարծես թե, հստակ են:
Սակայն հույժ «ժողովրդավար» Ուկրաինայի իշխանությունները, հավանաբար, այդ մեկ-երկու հիմնադրույթների վերաբերյալ էլ ունեն առանձին մոտեցում: Եվ իհարկե, չեն մոռանում, որ այդ բոլոր գաղափարներն ու արժեքները կիրառելի են միայն հենց իրենց նկատմամբ, իսկ հակառակ տեսակետների ու մոտեցումներ ունեցողների համար, իհարկե, կիրառելի չեն: 
Այսպես, Ուկրաինայի գերագույն ռադան հասավ այնտեղ, որ որոշում ընդունեց Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին կոմունիստական կուսակցության խորհրդարանական խմբակցությանը լուծարելու լիազորություն վերապահելու մասին: Համապատասխան որոշման օգտին է քվերակել է 232 պատգամավոր, մինչդեռ որոշումն ընդունված համարվելու համար բավարար էր 226 ձայնը:
Որպես խմբակցության լուծարման պաշտոնական պատճառ բերվում է Ռադայի կանոնակարգով սահմանված խմբակցության անդամների նվազագույն թվի բացակայությունը: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել այն, որ մինչ այդ նույն Տուրչինովի նախաձեռնությամբ կանոնակարգը փոփոխվել էր և խմբակցության անդամների անհրաժեշտ նվազագույն թիվը նվազեցվել էր: Ավելին, որոշման ընդունումը երկու անգամ տապալվել էր:
Այս օրենսդրական փոփոխությունները, անշուշտ, Ուկրաինայի ձախ ուժերի դեմ սկսված համակողմանի արշավանքի մաս են կազմում: Դեռ մինչ այդ, մայիսին, Գերագույն ռադա էր ներկայացվել օրենքի նախագիծ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության արգելման մասին: Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ուկրաինական Կոմկուսի պատգամավորներից մեկի դեմ:
Հին է, որքան աշխարհը: Հիշենք, որ Ուկրաինայի գործող իշխանությունների արևմտյան գործընկերները նմանատիպ գործողություններ ժամանակին իրականացրել են նաև իրենց մոտ:
Ինչպես ասում են՝ վատ օրինակը վարակիչ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել