Եթե 5 տարի առաջ ինձ հարցնեիք, թե հայ հումորիստներից ում եմ համակրում, պատասխանս միանշանակ ու հստակ կլիներ՝ Հայկոյին ու Մկոյին: Այնուամենայնիվ, եթե հանդգնեք ու նույն հարցն ինձ տաք հիմա, ես կմոլորվեմ ու չեմ իմանա` ինչ պատասխանեմ: Իսկ Հայաստանում հիմա հումորիստ մնացե՞լ է:

Եթե ձեզ համար հումորիստի չափանիշ է մեկը, ում կարծիքով բեղեր կպցնելը և հաստ ձայնով խոսելը ծիծաղելի է, ապա՝ այո, եթե ձեզ համար հումորի չափանիշ է անընդհատ իր կարճ հասակի մասին կատակողը, ապա՝ այո, և վերջապես, եթե կարծում եք, որ իսկական հումորիստը պետք է 32 դեղին ատամ ունենա ու դեղնած հումորներ անի, ապա կարող եք վստահ ասել, որ Հայաստանում հումորիստները շատ են, դուք էլ երդվյալ դեգենեռատ եք: 
Կարգին հաղորդումներն ազգային արժեք են: Լուրջ եմ ասում: Այս բառից մի խրտնեք. ազգային արժեք լինելը միայն ծիրանի ու կոնյակի մենաշնորհը չի: Տղերքն ի՞նչ արեցին: Հին հայկական, սովետական անեկդոտներն ու ժողովրդական կատակները քաղեցին, համեմեցին իրենց շառմով ու էկրանավորեցի: Արդյունքում ստացվեց այն, ինչ 10 տարի վայելեցինք, ու դեռ մի 50 էլ կվայելեն մեր երեխեքը, թոռներն ու նրանց սերունդները: Էս հումորները չեն հնանալու, ու տղերքի արածը չի մոռացվելու: Ինչպես ժողովրդի ծոցից ելած երգը չի հնանա, էնպես էլ էս էկրանավորված անեկդոտները չեն կորցնելու իրենց նշանակությունը: Դրանք գնալով ավելի ու ավելի մեծ հաճույքով ենք դիտելու:
Հայկոն ու Մկոն իրենց վրա մեծ գործ վերցրին, պատվով արեցին դա, բայց հետո Հայկոն շեղվեց ընտրված ճամփից ու մոլորվեց: Հայկոյին աստղայինն աստիճանաբար սկսեց տանել ճիշտ այն բանին զուգընթաց, երբ նա իր առաջ նոր ու ոչ հումորային նպատակներ դրեց: Հայկոն սկսեց իրեն շատ լուրջ ու կարևոր մարդ զգալ, փորձեր անել վերխ վերցնելու իմ ճանաչած ամենաբարի ու համեստ մարդու՝ Մկոյի վրա, Մկոն էլ, երբեմն հանգիստ, երբեմն էլ բորբոքված, ընդդիմանում էր: Արդյունքում, չտանելով 180 աստիճանով փոխված Հայկոյի ամբիցիոզ պլաններն ու նպատակները, Մկոն բարձրաձայնեց Հայկոյից բաժանվելու իր մտադրության մասին:


Այսօր Հայկոն, իրեն Նապոլեոնի տեղը դնելով, որոշում է քայլեր անել դեպի հասարակական ակտիվ ոլորտ (ոմանք ասում են՝ նաև քաղաքականություն) և զուգահեռաբար չթողնել նաև հումորը: Արդյունքում ծնվում է 100 դրամների ակցիան, որը ոտից գլուխ մառազմ էր, բայց այն Հայկոյին նոր ձևի ճանաչում ու սեր է բերում: Նրա նկարների տակ հայտնվում են «ինչ հայրենասեր ես» ոճի մեկնաբանություններ, որոնք առաջ չկային: Այս ակցիայից հետո ինձ մոտ հարց սկսեց տանջել. ինչու Հայաստանում ամեն ինչ թանկացնել կարելի՞ էր, իսկ տրանսպորտը ո՞չ: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մյուս ոլորտները թափով տերեր ունեն, իսկ գծատերերին ճնշելը մեկից մեկ է: 
Իմ կարծիքով, Հայկոն ազնիվ չի, երբ ասում է, որ այս ամենը ժողովրդի համար է, ինքը սիրում է էս ժողովրդին, ու դա միայն նրանց համար է, ու ինքը քաղաքականություն մտնել չի ուզում: Մի ծիծաղեցրեք իմ սանդալներին: Տղա ջան, դու միայն նո՞ր հասկացար, որ սա քո ժողովուրդն է ու սկսեցիր պայքարել: Ես մի բան գիտեմ: Կապիտալիստական հասարակարգում ոչ ոք պատահական ու հենց էնպես ոչինչ չի անում: Ամեն բան այստեղ ինչ-որ նպատակի համար է: Մանավանդ այնպիսի մարդու դեպքում, ինչպիսին դու ես: Այդ նպատակի համար են նաև քո՝ վերջերս բացված բարեգործական ճաշարանները, որոնց մասին ամեն Աստծու օր ստատուս ես գրում: Եթե էդքան լավն ես, ինչի՞ ես էդքան գովում քեզ, պրն. Հայկո: Արա ու լռիր, եթե ազնիվ ես ու PR-ի համար չես դա անում: Չփորձես աղքատների հաշվին դիվիդենտ հավաքել: Ու խնդրում եմ, դադարիր նկարվել էդ խեղճ սովածների հետ, ում հաց ես տալիս ու տալու պահին նկարում: Ամոթ է: Էդ մարդիկ բարեկամներ, ծանոթներ ու ամոթ ունեն: Իսկ քո նոր պրոեկտները, Հայկ, որոնց մասին անընդհատ ասում ես, ՁԱԽՈՂՎԱԾ են: Այնպես, ինչպես ձախողված են Անդոյի ու Ռաֆոյի մանրապատումները, որոնց ֆինանսավորել ու պրոդյուսինգ ես արել: Չեմ զարմանում, որ էդքան բացասական բան լսելուց հետո փակեցիր այն: Այսօր էլ ասում ես, որ նոր պրոեկտենր ես անելու ու նաև էլի հիշում ես քո 100 դրամները: Տղա ջան, քեզ մոտ երկուսն իրար հետ անել չի հաջողվում: Ամեն ինչ խառնում ես իրար: Կողմնորոշվիր՝ հումորի՞ստ ես, թե հասարակական գործիչ: Ես նախընտրում եմ, որ ընտրես հումորը, ներողություն խնդրես Մկոյից ու նորից սկսես զարգացնել այս ոլորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել