ԼՌԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է
Օրավուր Ադրբեջանի լկտիությունն անցնում է բոլոր սահմանները, օրավուր սահմանամերձ գյուղերի վրա իրականացվող գնդակոծությունները դառնում են պարբերական՝ այսպես խախտելով հրադադարի ռեժիմը, այսպես կյանքի կոչելով մի նոր հանցագործություն: Խաղաղ բնակչությանը մշտապես գնդակոծելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է, Հելսինկյան պակտի արհամարհում:
Ուրեմն, հայաստանյան իշխանությունները և արտաքին գործերի նախարարը վերջապես պիտի վերադառնան հավերժական արձակուրդից և գործի անցնեն: Գիտեմ, որ Հայաստանում շարքային քաղաքացու խոսքն արժեք չունի, որովհետև ամենավերջին ապուշն ու տգետն էլ, իշխանության մեջ տեղավորվելով, կարծում է, թե իր պապն է եղել Նյուտոնի ուսուցիչը: Բայց հիմա իսկապես գործել է պետք:
ՀՀ իշխանություններն անհապաղ պիտի հրավիրեն ՄԱԿ-ի ներկայացուցչին, ԵԱՀԿ ներկայացուցչին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիազորներին և հրամայաբար պահանջեն դատապարտել Ադրբեջանի ոտնձգությունները, միջազգային մակարդակով պատժամիջոցներ կիրառեն: 
Միաժամանակ անհապաղ պիտի հրավիրվի աշխարհի տարբեր խորհրդարաններում ընդգրկված հայ պատգամավորների ֆորում: Միայն այսպես մենք կկարողանանք փրկել մեզ դիվանագիտական պարտություններից, հակահարված տալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ադրբեջանամետ ու երկդիմի քայլերին, արձանագրել նոր շրջադարձ Ղարաբաղյան կարգավորման ճանապարհին:
Մեր կրավորական կեցվածքը, հակադիվանագիտական «դիվանագիտությունը» մեզ տանում են դեպի կործանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել