Ջուլիետի պատշգամբը

Եթե Փարիզ այցելում ես Էյֆելյան աշտարակը տեսնելու, իսկ Անգլիա այցելում ես Բիգ Բենի համար, ապա Իտալիա այցելելուդ պատճառները չափազանց շատ են: Եթե ավելի կոնկրետ, ապա գլադիատորների երկրի ամեն մի քաղաքն առանձին պատճառ է այդ երկրի տոմսը ձեռք բերելու համար: Հռոմ, Վենետիկ, Միլան, Վերոնա, Թուրին… Այսօր կխոսենք Վերոնայի մասին և կփորձենք առանձնացնել այն վայրերը, որոնք պետք է տեսնել՝ քաղաքի ոգու մեջ ոչ թե ոտքի ծայրով, այլ ամբողջ մարմնով սուզվելու համար:

Առաջին բանը, որ  մտքիդ է գալիս Վերոնա ասելիս, իհարկե, Ռոմեոյի և Ջյուլիետի  դժբախտ սիրո պատմություն է: Շեքսպիրի գրիչն ամբողջացրեց այս քաղաքի կոլորիտն ու կանխագուշակեց նրա ապագան՝ հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից այստեղ են գալու ու տառ առ տառ վայլելու են այն մոգականությունը, որն իր մեջ կրում «ռոմանտիկ տուրիզմ» արտահայտությունը: Շեքսպիրն այդպես որոշեց ու եղավ այդպես: Սիրահար զույգերն ու իրենց կրքերը նոր ուժով փոթորկել ցանկացող ամուսնական զույգերը պետք է տենչան լինել այստեղ ու հետո պիտի երկար հիշեն այս ոչ սովարական քաղաքը:

Վերոնայի գեղեցկությունը բնավ էլ չի ավարտվում Ջուլիետի պատժգամբի մոտ, ընդհակառակը, այն միայն սկիզբն է առնում այստեղ:  Իտալացիների համար Վերոնան «Իտալիայի դուռն» է, որովհետև այն առաջին քաղաքն է, որը տեսնում են հյուսիսից եկող մարդիկ: Վերոնայի մասին գեղարվեստական, պատմական և մշակութային պատմություններ ինչքան ասես կան: Շատ միֆեր էլ կան, որին յուրաքանչյուր սիրահար զույգ պարտավոր է հավատալ:

Վերոնան գեղեցիկ է իր փոքրիկ հրապարակներով ու տաքուկ նեղլիկ փողոցներով՝ լի սննդի կետերով, որոնցում ըստ նույն լեգենդների ամենահամեղ կերակուրներն են տալիս: Ու թող որ ուտում ես ոտքի վրա, բայց դա ախր այնքան ռոմանտիկ է:

Քաղաքի հայտնի վայրերի մասին ձեզ կպատմեն տեղի գիդերը, որոնք, աչքերները կլորացրած, հերոական զբոսաշրջիկին են որոնում՝ նրան զարմացնելու և Վերոնայի սրտի բաբախյունը նրա ականջին հասցնելու համար: Վերոնան քաղաք է, որը պետք է զգալ, Վերոնայի շնչով շնչել է պետք, հակառակ դեպքում այստեղ այցելությունն անիմաստ է, ժամանակի զուտ կորուստ: պարզապես խորը շունչ քաշեք և թույլ տվեք ձեզ գայթակղվել այս քաղաքի անսահման հմայքով:

 Առաջին հարցը որ պետք է լուծել այստեղ գիշերելու տեղ գտնելն է: Բայց երբ  տեսնում ես, թե ինչ գեղեցկություն են քեզ առաջարկում տեղի հյուրանոցները, հասկանում ես, որ «գիշերելու տեղ» արտահայտությունը չափազանց գռեհիկ ու կոպիտ է: Կառաջարկեմ օգտվել B&b ցանցից, որտեղ կարող եք ընտրել համար ձեր նախասիրություններին և գրպանին համապատասխան:

Իսկ հիմա հերթով խոսենք այն վայրերի մասին, որտեղ պետք է լինել, երբ Վերոնա ես այցելում:

Վերոնա Արենա


Հռոմեական ամֆիթատրոնը (ավելի հայտնի որպես Արենա) Ռոմեոի և Ջուլետի հետ հավասար համարվում է քաղաքի սիմվոլը: Այն կառուցվել է I դարում, և ինչպես Հռոմի բոլոր ամֆիթատրոններում այտեղ նույնպես անցկացվել են գլադիատորական մարտեր: Ամուր և տպավորիչ կառույց, որը արտաքինից երեսպատված է աղյուսով և կարմիր մարմարով (այսպես կոչված «Ռոսսո Վերոնա»): Արենան հազարավոր տարիներ անց էլ պահպանել է իր նշանակությունը և հանդիսանում է հարթակ համերգների և երաժշտական միջոցառումների համար: Այստեղ կարող եք այցելել երեքշաբթիից կիրակի, առավոտյան 9-ից երեկոյան 7-ը: Օպերայի սեզոնին՝ առավոտյան 9-ից 3:30: Հիշեք՝ Արենան երկուշաբթի փակ է: Ինչպե՞ս հասնել: Ոտքով՝ պատմական կենտրոնից: Արենան Պիազզա Բրա-ում է:

Վերոնայի Տաճար


Փոքրիկ, բայց հաճելի հրապարակում, կոլորիտային և ներդաշնակ շենքերի հարևանությամբ է գտնվում է Վերոնայի Տաճարը: Այն կառուցվել է երկու նախաքրիստոնեական եկեղեցիների հիմքերի վրա և չնայած օծվել է 1187 թ-ին՝ աշխատանքները շարունակվել են դեռ երկար ժամանակ: Ճակատային մասը գոթական և ռոմանական ճարտարապետության համադրման արդյունք է՝ գեղեցիկ առջևի դռնով, որն ունի երկու կամար: Ներսից տաճարը պատված է կարմիր մարմարով  (Վերոնայի մարմար): Վերածննդի դարաշրջանի արձանները ստեղծվել են Վերոնայի ամենահայտնի քանդակագործների ձեռքերով:

Կարող եք այցելել Մարտից Օգոստոս աշխատանքային օրերին առավոտյան 10-ից երեկոյան 5:30, պետական տոներին՝ 1-ից 5:30:

Այսքան շրջելուց հետո դուք հաստատ կսովածանաք: Բայց դա խնդիր չէ, այլ ինչպես վերևում ասեցի՝ Վերոնա այցելելու պատճառներից մեկը: Սննդի պատրաստման և մատուցման փառահեղ ավանդույթը Վերոնայի ռեստորաններում շարունակվում է մինչև այսօր, որոնք իրենց հաճախորդներին առաջարկում են իտալական խոհանոցին բնորոշ ուտեստներ: Բրինձը և պալենտան այստեղ համարվում են հիմնական բաղադրիչները, բայց դրանով դեռ ոչինչ չի ավարտվում: Գեղեցիկ քաղաքի բնորոշ ուտեստներից մեկը «peperita»-ն է՝ եփած տավարի մսով և պանրի սոուսով, կամ «pastisada de caval», որը պատրաստվում է ձիու մսից, կամ «paparele»՝ տնական պատրաստված մակարոն ոլոռով և լոբիով: Վերոնան հայտնի է նաև իր DOC գինիներով՝ Բարդոլինոյի կամ Վալպոլիչելլայի համով: Քաղցրասերները թող անպայման փորձեն հայտնի «Pandoro» և «Nadain» ամանորյա թխվածքները աստղի տեսքով:

Սան Զենո եկեղեցին Վերոնայում


Լեգենդի համաձայն 589 թ-ի ջրհեղեղի ժամանակ ջուրը կանգ է առել եկեղեցու դռան մոտ՝  խնայելով հավատացյալների կյանքը, ովքեր ապաստան էին գտել ներսում: Այս եկեղեցին հռոմեական ճարտարապետության ամենակարևոր նմուշներից մեկն է Իտալիայում: Եկեղեցու ներսը շատ հարուստ է գեղանկարներով և քանդակներով, որոնք պատկանում են XII - XVI դարերին: Առանձնակի ուշադրության է արժանի խորանի նկարը, որը պատկանում է Անդրեա Մանտեգնայի վրձնին: Այն առաջին օրինակն է Սուրբ Զրույցի: Խորանի նկարը տեղադրվել է Սան Զենոյում 1459թ-ի հուլիսի 31-ին:

Կարող եք այցելել աշխատանքային օրերին առավոտյան 10-ից երեկոյան 6-ը: Տոն օրերին 1-ից 6-ը:

Պիացցա դելլե Էրբե


Պիացցա դելլա  Էրբեն միգերի ու բանջարեղենների գունեղ շուկա է, հսկայական հովանոցներով, շրջապատված պատմական շենքերով և հուշաարձաններով, որոնք բնորոշում են Վերոնայի ամենահին հրապարակը: Միջնադարյան շենքերը եկել են փոխարինելու հռոմեականներին: Շաբաթ և Կիարկի օրերին առավոտյան շուկա է, իսկ երեկոյան քաղաքի բնակիչները հավաքվում են այստեղ որպեսզի խմեն ապերտիֆ: Զբոսանքը այս հրապարակով թույլ կտա ձեզ բացահայտել հուշարձանները, որոնք գեղեցկացնում են քաղաքը: Հրապարակի կենտրոնում է գտնվում «Մադոննա Վերոնա» շատրվանը, որը ստեղծվել է 1368թ-ին:

Կաստելվիչինո

Կաստելվիչինոն (Castelvecchio - թարկմանաբար հին ամրոց) իր հզոր կամրջով հուշարձան է, ի պատիվ Սկալջերայի  ( Սկալջերան թագավորական տոհմ է, կոչվում են նաև «Լա Սկալա», որոնք ղեկավարել են Վերոնան): Կանգրադ II դե լա Սկալան կառուցեց այս ամրոցը ոչ թե արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, այլ որ պաշտպանվի ապստամբություններից, որոնք այդ ժամանակ շատ հաճախակի երևույթ էին: Կամուրջը ունի 3 կամար, որոնք ավերվել են 1945 թ-ին գերմանացիների կոզմից, բայց վերանորոգվել է 1951 թ-ին:

 

Կարող եք այցելել երեքշաբթիից կիրակի առավոտյան 8:30-ից  երեկոյան 7:30: Երկուշաբթի 13:45-ից 7:30:

Տոմսրը արժե 4-6 €

Ի՞նչպես հասնել: Կորող եք նստել ավտոբուս  21, 22, 23, 24, 31, 32, 33, 41, 61, e 62 համարները և իջնել «Corso Cavour» կանգառում:

 

Այս խորհուրդները կարդալուց հետո չեմ կարծում, թե հասցնեք տխրել այտեղ: Պարզապես թուլացեք և լավ ժամանակ անցկացրեք:

Հ.Գ

Շատ զույգեր ասում են, որ հատկապես երեխաների հետ միասին այս քաղաքն այցելելը հանգիստը շատ հիշարժան է դարձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել