Քաղաքացու գույքը՝ սեփականությունը ժառանգման իրավունքի կանոններով անցնում է այլ քաղաքացիների՝ ժառանգներին: Ժառանգներն էլ ժառանգման իրավունքի կանոններով գույք են ձեռք բերում սեփականության իրավունքով: Ժառանգման ենթակա է միայն քաղաքացիների սեփականությունը:

Ժառանգումը մահացած քաղաքացու (ժառանգատուի) իրավունքների ու պարտականությունների՝ օրենքով սահմանված կարգով այլ անձանց (ժառանգներին) փոխանցումն է: Այդ առթիվ առաջացած հարաբերությունները կարգավորող նորմատիվ ակտերի ամբողջությունն էլ կազմում է ժառանգման իրավունքը: Ժառանգներին փոխանցվում են ժառանգատուի բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացի նրանցից, որոնց փոխանցումը ժառանգման կարգով չի թույլատրվում օրենսդրությամբ կամ հակասում է այդ իրավունքների ու պարտականությունների բնույթին:   

Քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները իր մահվանից հետո ժառանգման իրավունքի նորմերի հիման վրա այլ անձի կամ այլ անձանց փոխանցումն անվանվում է ժառանգում:

Քաղաքացու մահվան դեպքում ժառանգներին փոխանցվում են ինչպես իրավունքները այնպես էլ պարտականությունները, ուստի ժառանգումը համարվում է ընդհանուր (ունիվերսալ) իրավահաջորդություն:

Ժառանգատու կարող են լինել միայն ֆիզիկական անձինք, լինեն նրանք ՀՀ քաղաքացիներ, օտարերկրացիներ, թե քաղաքացիություն չունեցողներ:

Իրավաբանական անձը չի կարող ժառանգություն թողնել: Եթե իրավաբանական անձը լուծարվում է, ապա նրա մնացած գույքը ևս օտարվում է կամ փոխանցվում է նրա իրավահաջորդին: Սակայն այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ժառանգման իրավունքին վերաբերող նորմերը կիրառման ենթակա չեն:

Ժառանգատուն այն քաղաքացին է, որը մահացել է կամ դատարանի վճռով հայտարարվել է մահացած: Ժառանգատու կարող է լինել ցանկացած քաղաքացի, քանի որ բոլոր քաղաքացիներն էլ, առանց բացառության, իրավունակ են: Ժառանգատու լինելու համար նշանակություն չունի նաև մինչև քաղաքացու մահը նրա գործունակ լինելը: Ցանկացած քաղաքացու մահվան դեպքում, անկախ նրա գործունակության աստիճանից, նրա գույքն անցնում է այլ անձանց՝ ժառանգման իրավունքի կանոններով:

Ժառանգատու կարող են լինել ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք: Օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում օգտվում են ՀՀ քաղաքացիների հետ հավասար քաղաքացիական իրավունակությունից, բացառությամբ ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Մարինե Ֆարմանյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել