Սոումյա Բանդիոպադհայը փողոցային լուսանկարիչ է Կալկաթայից: Նա սիրում է իր լուսանկարներում պատկերել մարդկանց, նրանց մշակութային առանձնահատկությունները և կենսակերպը: Այս լուսանկարչի մասին ավելի իմանալու համար կարող եք ընթերցել նրա հետ անցկացված հարցազրույցներից մեկը:

-Մի քանի խոսքով պատմեք Ձեր մասին:

-Ես մասնագիտությամբ համակարգչային ինժեներ եմ, սակայն հոգով լուսանկարիչ եմ: Ես գեղեցիկ կին և հնգամյա սքանչելի որդի ունեմ:

-Ինչո՞ւ եք ընտրել փողոցային լուսանկարչությունը:

-Միայն մեկ պատճառ կա. ես սիրում եմ նոր մարդկանց հանդիպել ու մոտիկից ծանոթանալ նրանց հետ: Ես սիրում եմ ուսումնասիրել նրանց մշակույթն ու ավանդույթները, իսկ ապա արտացոլել դրանք իմ լուսանկարներում:  

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պիտի լինի լավ լուսանկարը:  

-Ըստ իս՝ լավ լուսանկարը պետք է դիտողին պատմություն պատմի: Պատմությունը կարող է փողոցում գրանցված ինչ-որ առանձնահատուկ ու ուշագրավ պահ լինել կամ ինչ-որ մարդու չարտաբերված խոսքերը:

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Իմ բախտը բերել է, որ ես տեսել եմ այնպիսի մեծ լուսանկարիչների աշխատանքները, ինչպիսիք են Ռագու Ռաին, Հենրի Քարթիեր-Բրեսոնը, Սթիվ Մակքարին և այլք: Հենց նրանց ստեղծագործություններն էլ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում ինձ համար:

-Հարցազրույցի ավարտին կցանկանա՞ք որևէ խորհրդով կիսվել սկսնակ լուսանկարիչների հետ:

-Փորձեք յուրաքանչյուր օր նոր բան սովորել: Հանդիպեք մարդկանց, լսեք նրանց պատմությունները, ժամանակ տրամադրեք ստեղծագործելուն: Իսկ օրվա վերջում պատրաստ եղեք ընդունել քննադատությունը և այդ դեպքում հաջորդ առավոտյան արթնանալիս Դուք ավելի լավ լուսանկարիչ կլինեք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել