Չգիտեմ, դու այդպիսինն ես թե ոչ, բայց որոշ մարդիկ կյանքի ընթացքում իրենց համար ստեղծում են հոգևոր ու արտաքին աշխարհի ընտրյալ չափանիշներով օժտված իդեալներ, որոնց ոմանք փորձում են նմանվել, իսկ ոմանք էլ փորձում` գտնել:
Գաղտնիք չէ, որ տղաների մեծ մասը իր մեջ կառուցում է աղջկա մի կերպար, ով եթե հնարավորություն ունենար ապրելու հին ժամանակերում, անկասկած, մի որևէ գեղեցիկ երևույթի աստվածուհի կշնորհվեր: Այդ կերպարները օժտված են լինում այն բոլոր կատարյալ ու երազելի երևույթներով, որոնք իդեալ ստեղծողը հայտնաբերել, զարմացել ու վայելել է` մինչև իդեալի վերջնական ստեղծման պահը: Այսինքն իդեալը մեր տեսած ու եզրակացրած բոլոր գեղեցիկ երևույթների ու հատվածների ամենատպավորիչ մարմնացումն է: Դա է պատճառը, որ իդեալները մի փոքր անիրական ու անհամապատասխան են թվում մեր իրականությանը, քանի որ նրանք` ստեղծված լինելով հավաքված լավագույնից, համապատասխանում են մի աշխարհի, որտեղ բացակայում է այն տանջանքը, տառապանքը, ատելությունը, բաժանումը և այն բոլոր երևույթները, որոնք կստիպեին իդեալանման կերպարներին իջնել իրենց պատվանդանից ու միախառնվել այն ստոր ու զազրելի ամբոխին, որը չի ընդունում ոչ գեղեցիկը, ոչ կատարելությունը և առավել ևս իդեալին: Սակայն տարված լինելով իդեալի կերտմամբ ու գտնելու անհագ ցանկությամբ, իդեալի հաստատման հիմք էի ընդունել համաշխարհային գրականությունը, որն էլ իդեալի և կատարելության բացառիկ օրինակ էր: Այսպիսով գրականության մեջ առկա հերուսուհիները, հեղինակի կողմից պատկերվելով, որպես կատարելության և գեղեցիկի մարմնացում, ապրել են այդ նույն իրականության մեջ` կարողանալով պահպանել իրենց իդեալը` այդտեղ էլ ի ցույց դնելով իրենց կատարելությունը և միայն սրանից հետո են կտրվել իրականությունից և դարձել գրքի հերոսուհի: Նրանք ապրել են տվյալ ժամանակաշրջանի տվյալ իրականության մեջ` սքողված լինելով իրենք իրենց մեջ, անտեսվելով ու չգնահատելով իրենց մեջ եղած այն լույսը, որը, ինչ գիտես, քանի-քանի ինձ պես երազողների համար կլիներ ոգևորման, ապրելու և ստեղծագործելու մի յուրօրինակ մղիչ ուժ: Ինչպես գրքերում, այնպես էլ իրականության մեջ, թույլ չի տրվել, որ այդ կերտված կերպարները վերջնականապես ընկնեն հավիտենական խավար ամբոխի մեջ, այլ հակառակը` հնարավորություն է տրվել նրանց ճանապարհին հայտնվելու մեկին, ով վերստին շնորհված է եղել աչքերը բարձրացնելու, ամբոխից կտրվելու, հասարակ ու ճղճիմ արկածներից հեռանալու և  հայացքը հառելու դեպի այն լուսավոր ու փոքր կապույտ երկնքին, որտեղ էլ բոլորից գաղտնի ապրում էին այդ ընտրյալների փոքր զանգվածը:
Համաձայնվիր, որ նախանձելի են նաև նրանք, ովքեր կտրվելով տիրող ամբոխից, խոյանում են դեպի այնտեղ, որտեղ հավաքված յուրաքանչյուր ոք սպասում է մեկին, ով պատրաստ կլինի կայծ տալու այդ մարող ճրագին` ազատելով նրան այն անհամապատասխան ամբոխից, որտեղ որ ցանկանում էին նետել նրանց:
Ու այդպես գտնելով մեկը մյուսին, սկսում են բացել, բացահայտել, ձուլվել ու կերտել այն, ինչը տարբեր հեղինակներ պատկերել են իրենց տարբեր գրքերում: Եւ ահա, ես ունեի իմ ապացույցները, որտեղ ականատես ենք լինում իդեալների լինելիության, գոյատևման ու լուսավորման հերթականությանը: Այո, գրքերը ապացուցում էին այն փաստը, որ իդեալները ապրում են մեր իրականության մեջ, հարկավոր է փնտրել ու գտնել նրանց, չէ որ երկար ժամանակ սպասման մեջ մնալով, ի վերջո, նրանց ճրագը կխամրի:
Համաձայնվիր, որ դժվար է մերօրյա իրականության մեջ գտնել համախոհներ, ովքեր տեսնելով այս աշխարհը, ամեն օր շփվելով միանման ու միօրինակ մարդկանց հետ, կկիսեին իմ այն կարծիքը, որ մեր շուրջը` մի փոքրիկ անտեսված ու չայցելված անկյունում ապրում է մեկը, ով պատրաստ է արձակելու իր մեջ եղած ողջ լույսը` այցելողի համար իրականություն դարձնելով այն, ինչ պատկերված էր գրքի դեղին թղթերին:

Գիտես, շատ քչերը կգան և կկանգեն իմ կողքին, չէ որ այս աշխարհը շատերի համար այլ է պատկերված, նայիր շուրջդ, որքան աղջիկներ կան, ովքեր սպասում են ցանցկացած տղա էակի, ով մի փոքր ցանկություն ցուցաբերելու դեպքում կկարողանար վերջնականապես տիրել նրան, դե, ասա ինձ, ով կթողներ այս հեշտասիրական ու էժան ձեռքբերումներով հաճույքները և կկանգներ իմ կողքին ` վեհ ու նվիրական փնտրտուքի մեջ մտնելով, այն էլ այն դեպքում, որ չգիտես, արդյոք այդ փնտրտուքը արդյունք կտա թե ոչ:
Սակայն անտեսելով ամեն-ինչ, հավատալով գրողներին (չէ որ նրանք գտել էին ուրեմն իմ մոտ էլ կստացվեր) սկսեցի փնտրել նրան`դրանով սկիզբ դնելով կյանքիս նոր ժամանակաշրջան`գեղեցիկի որոնման ժամանակաշրջան:
Երբեմն նայել ու հետաքրքրվել ես այն մարդկանցով, ովքեր ինչ-որ բան են փնտրում: Նայիր շուրջդ, տես ինչքան շատ են մարդիկ զբաղված ինչ-որ փնտրտուքներով, ոմանք գանձեր, փառք ու հարստություն են փնտրում, ոմանք` սեր, երջանկություն, համերաշխություն, իսկ ոմանք էլ` պարզ ու հասրակ օրվա հանապազօրյա հաց: Նրանք ունեն մեկ նմանություն, այս բոլորին էլ ուժ է տալիս առաջ գնալու համար ընդամենը մեկ բան` հույսը: Ահա սա է պատճառը, որ մարդիկ ոտքերը դնում են առաջ` վերջնականապես իրենց երազանքին հասնելու և երջանիկ լինելու համար:
Ճիշտ է, կյանքը գեղեցիկ է հենց պայքարով, սակայն այդ պայքարը երբեմն այնքան է ձգվում, որ պայքարողը կորցնելով իր ներուժը, հուսահատվում է, և սկսում զիջել ներկայի անփոփոխ իրականությանը` բավարարվելով այն ամենով, ինչ մինչ այժմ ուներ: Իսկ մյուս մասը լցվելով այրիչ ցանկույթամբ և հավատով դեպի իր երազանքը` գնում են առաջ` ոչնչացնելով, պայքարելով և չհանձնվելով, գիտակցելով, որ յուրաքանչյուր անհաջողություն` նոր հաջողության սկիզբն է: Ես էլ վերջինների նման որդեգրել էի չհանձնվելու կամք և շարունակում էի գնալ երազանքիս ետևից: Ինչ խոսք, ես հավատում էի իմ երազանքին, հավատում էի, որ կգտնեմ մեկին, ով ամբողջությամբ կտարբերվեր բոլորից, կլիներ մեկը այն հազարավորների մեջ, ովքեր լինելով բնության կողմից ընտրված, շնորհված կլինեին այն բացառիկ ու զմայլելի հատկություններով, որոնց նմաններին հանդիպում ենք միայն գրքերում: Ում աչքերը չեր լինի բոլորի նման սահմանափակ կորողություներ պարունակող հասարակ օրգան, այլ օծված կլիներ մի յուրահատուկ շնորհով, որոնք ի զորու կլինեն տեսնել, վայելել ու արբենալ գեղեցիկով, վայելելու ամենաչնչինը, հասկանալ խորհրդավորը և պատկերել ամենատպավորիչը: Ես երազում էի, որ իմ գտածը կունենար արտասովոր, բայց դրա հետ մեկտեղ ինձ երջանկություն պարունակող զգայարաններ, ով կլսեր լռության ձայնը, կապրեր թռչունների, գետերի ու ջրերի արձակած խորհրդավոր հնչյուններով, կվայելեր տարվա եղանակների շնորհած աննկարագրելի արվեստով և, ի վերջո, կապրեր արբելով և լինելով արվեսից ու բնությունից արբած, կապրեցներ թե իրեն և թե իր շուրջը գտնվող ցանկացած բան: Այսքանից հետո հարկավոր էր միայն գտնել նրան և դարձնել իմ իսկ գրքի ու իրականության միակ հերոսուհի:
Այս փնտրտուքների ալիքը գնալով ավելի էր արմատները խորացնում իմ մեջ` լցնելով ներսս գտնելու յուրահատուկ հույսով:
Անցնոմ էին օրերը, սակայն ցանկությունը չէր պակասում, ամեն օր արթնանում էի մի հույսով` ի վերջո գտնել այդ մտապատկերված առասպելին:
Օրերի կույտը գալիս ու գնում էր, սակայն հնից բացի, ոչինչ չկար, միայն հուսահատությունն էր, որ օր օրի նոր թափով պարուրում էր ինձ` ստիպելով անընդհատ մտածել մի բանի մասին, որի գոյության մասին իրական կյանում  դեռևս ոչինչ չէր փաստում:
«Անհնար էր, միթե այսքանից հետո ես պետք է հանձնվեի, միթե ես չէի գտնելու նրան, միթե ես ցնորվել էի` խելագարի պես գնալով մի բանի ետևից, որը իսպառ գոյություն չուներ, միթե այս ամենը սին էր ու դատարկ և միթե ես խափված էի` հայտնվելով այս մեծ աշխարհում` ինչ-որ երևակայելի ցանկություններով ու պատկերացումներով պատված»: Ահա այսպես էին անցնում ամենօրյա փնտրտուքային օրերը` սկսելով գտնելու հույսով ու եռանդով, ավարտվելով պարտվողի և խելագարի հոգեբանությամբ: Եւ հենց այսպիսի հուսահատական ժամերին էլ ծնվում են իրադարձություններ, որոնք ստիպում եմ մի պահ կանգ առնել և նախքան հանձնվելը` մի փոքր էլ սպասել երազանքի կատարմանը: Եւ մի օր, երբ մի քանի ժամ կար, մինչ արևի մայր մտնելը, երանելի հույսերով ու տառապագին հուսահատություններով լցված, վերցրի մի քանի գիրք ու հարմար տեղավորվելով Կարապի լճի շրջակայքում` թարմ ու բուրավետ կանաչի վրա, սկսեցի ընթերցել` հույս ունենալով այդ կերպ ցրել տիրող հուսահատությունն ու ճնշող մտքերը: Ու երևի թե պատահմամբ չէր, որ վերցրի ու սկսեցի կարդալ Թեոդոր Դրայզերի «Ջեննի Գերհարդ» գիրքը: Ջեննիի պես երանելի հերոսուհու հետ հանդիպումը կրկնակի նախանձ առաջացրեց` իրականության մեջ նրա նմանին գտնելու համար: Գտնել ու տալ այն ողջ սերը, որը ամեն կերպ զերծ պահելով փոքր ու ձանձրալի սերերից, հրաբխի նման կժայթքեր` արտանետելով այնքան կիրք ու զգացմունք, որքան որ կպահանջվեր կատարելապես երջանիկ լիենելու համար:
Այսպես, ընթերցանությամբ տարված, շտապ-շտապ աչքերս անցկացնում էի բառերի վրայով ինչպես անկուշտ, ով հարձակվել էր սնունդի վրա` ստամոքսը կշտացնելու համար, այդպես էլ ես էի կուլ տալիս բառերը` ներքին սովածությունս բավարարելու համար: Ու լցված այդ տենդագին ընթերցանությամբ, պատհմամբ բարձրաձայն արտասանեցի գրքի այս տողերը` «Ցավալի բան կլիներ մեռնել՝ առանց ստանալու այն, ինչ այնքան ցանկանում ես» ու կարծես մի ձայն պատասխան տվեց այս տողերին. «էլ ավելի ցավալի կլիներ մեռնել` առանց կյանքից որևէ բան ցանկանալու»:
Կարծելով, որ դա իմ ներսում կատարվող երևակայական երկխոսություն էր, թեթևակի քմծիծաղեցի և փորձելով դուրս գալ  ստեղծված իրավիճակից, գլուխս կախեցի և փորձեցի շարունակել ընթերցանությունը` միայն այդ ժամանակ նկատելով կողքիս` մի փոքր հեռավորության վրա գտնվող աղջկան` պատասխան սպասող ժպտադեմ հայացքով: Գեղեցիկ դիմագծերով և երկար վարսերով աղջնակը երկար չսապասեց իմ պատասխանին, տալով նրան պատասխան, սկիզբ դրվեց մի երկխոսության, որտեղ քննարկվեց մեզ շրջապատող մարդկանց և երևույթների մասին: Խոսակցությունը երկարեց, մենք չհագենալով խոսում էինք գրքերից, քննարկում` Շեքսպիր, Բալզակ, Ռեմարկ, հասնում մինչև Վ. Պետրոսյան և Հ. Մաթևոսյան, խոսում երաժշտության մասին` լսելով Մոցարտից և Բախից մի քանի հատվածներ, խոսում փիլիսոփայության տեսույթների, տեսակների մասին` չմոռանալով անդրադառնալ Հեգելին, Գյոթեին, Պլատոնին և շատ-շատ ուրիշների, ովքեր իրենց մահից հետո այնքան ժառանգություն էին թողել, որ հարյուրավոր սերունդներ դեռ կուսումնասիրեն և կհիանան նրանց գործերով:

Պարզություն ու խորություն պարունակող սև աչքերով աղջիկը իր միջից շողարձակում էր մի լույս, որը փռվելով նրա շուրջը, յուրօրինակ խորհրդավորություն ու անկեղծություն էր ստեղծել և տպավորությունն այնպիսինն էր, որ զրույցը ոչ թե երկու անծանոթների մեջ էր իրականանում, այլ հակառակը` երկու ծանոթների, որոնք երբեք միմյանց չէին տեսել:
Հանգիստ եղանակը և հաճելի զրույցը այնպես էր կախարդել, որ մեր միջև զրույցը դադարեց միայն այն ժամանակ, երբ մթության մեջ միմյանց դժավարանում էինք նկատել: Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց. նա հեռացավ, որևէ այլ բառ ասելով … գրողը տանի, ես այդպես էլ չիմացա նրա անունը:
Երբեմն մեզ թվում է, որ մեր և սպասվող երջանկության մեջ տարածությունը ժամանակի ընթացքում այնքան է փոքրացել, որ ևս մեկ քայլ և մենք կլինենք երջանկության ամբողջական կրողը : Սակայն մինչ այդ քայլի կատարվելը մենք մեզ զգում ենք արդեն իսկ երջանիկ` կարծելով թե ոչնչացրել ենք այն անդունդը, որը մեզ բաժանում էր մեր երջանկությունից:
Հաջորդ օրը թե ինչ վիճակում էի գտնվում, գրեթե անհնար է նկարագրել, բայց կարելի էր մեկ բան գուշակել` ես ծարավ էի այդ երկխոսության և ամեն կերպ փորձում էին հագեցնել այն, և ավելին, ես խենթի պես սիրահարվել էի այդ երկխոսությանը` այնտեղ գտնելով իմ անցկացրած տխուր ու դժվարին օրերի սպասվող արդյունքը:
Հաջորդ օրվա ողջ մտադրությունը մեկն էր, նորից վերցնել մի գիրք ու վազել այնտեղ, որտեղ կարծես թե ընկավ իմ երջանկության սերմը և սպասում էր, որպեսզի ամեն օր խնամեմ իրեն. այսքան ժամանակ սպասելով այդ սերմին, չպետք է անտեսեի այն, չէ որ կարող էր չորանալ ու էլ երբևեք ծիլ չտար:
Հաջորդ օրը նույն ժամին նույն տեղում էի, կանգնած հարյուրավոր հայացքների առջև` սպասելով այն միակ հայացքին, որի պատկերը իր ողջ շռայլությաmբ ու պարզությամբ հանգիստ չէր թողել ողջ գիշերվա ընթացքում: Կանգնած սպասում էի, բայց րոպեները, որոնք այդ պահին դար էին ինձ թվում, սլանում էին առաջ` նրա փոխարեն բերելով ինձ հիասթափության մեծ մի նոր ալիք: Այսպիսի դեպքերում, երբ ոչինչ կախված չէ մեզնից, մենք մեր հույսը դնում ենք միայն հրաշքի վրա` սպասելով, որ նա բարի կգտնվի և իր առատություններից մեկը կզոհաբերի մեզ համար` դարձնելով մեզ բախտավոր աստղի տակ ծնված, բայց, կարծես թե, ոչինչ դեռ չէր փոխվում: Ես փորձում էի կարդալ, բայց այստեղ էլ ոչինչ չէր ստացվում:
Երբ լցված էի սպասման անհանգստությամբ և ընթերցել փորձելու անկարողությամբ, խառը ամբոխի միջից հանկարծ ականջիս լսելի դարձավ այս ձայնը`
- Նարե՞կ (ծանոթ էր ձայնը, այո, այո, դա նրա ձայնն էր):
- Հա՞  (զարմացած տեղիցս վեր եմ թռչում):
Ու նորից հիասթափություն, աչքերս շրջում եմ այս ու այն կողմ` փորձելով գտնել ձայն արձակողին, բաց նա չկար, նրա տեղը իմ ներսում էր, այդ ձայնը ծնված էր խելագարության հասնող սպասումից: Ես գժվում եմ, ոչ ոք էլ չկար, ոչ մեկ էլ ձայն չէր տալիս, այդ բացակայության կարոտի ճիչն էր, որը այդ ձևով փորձում էր հասկացնել հոգու ցավը: Ուզում էի դադար զգալ ու լսել շուրջ կատարվելիք ձայնը` դրանց մեջ գտնելով նրա ոտքերի տրոփյունը, գուցե նա այնտեղ էր` մոտակայքում, և ուր որ էր կմոտենար ինձ, սակայն ոչինչ չէր ստացվում, անտանելի աղմուկ էր` խլացնող ու հոգնեցնող:

Մութն արդեն իր թևերն էր սփռել ողջ քաղաքի վրա, բոլորն իրենց քայլերն ուղղում էին դեպի իրենց տները, այլևս իմաստ չկար առանց կտրվելու նայել գրքի բացված էջերին, միևնույնն է ոչինչ չէր երևում, դրան հավելյալ ինձ համար միևնույնն էր, դրանք բացված են թե փակ, մեկ է, ես չէի էլ կարդում, մտքերս մի այլ տեղ էին, նրանք սավառնում էին, նրանք փորձում էին հանդիպել նրան: Սակայն մտքերս էլ, ինչպես ես, հուսահատված վերադարձան իրականություն և տեսնելով իրականության բաց պատկերը` ընկան տխուր մտորումների մեջ:  Ոչինչ չէր մնում անել, քան համակերպվել այն մտքի հետ, որ կողքիդ ունենալով երազածդ իդեալը, դեռ չգտած արդեն կորցրիր` այլևս հնարավորություն չունենալով նրան տեսնելու. սա նման էր մի երջանկություն պարգևող կախարդական տուփի, որին հանդիպելով ճանապարհիդ, անտես թողնելով հեռանաս` փոխանակ վերցնել ու երջանկանալ:
Անցնում էին սպասման ու հույսերով պատված օրերը, ու ամեն օր, ինչպես այն երազային ու հեքիաթային օրը, վերցնում էի գրքերը ու գնում այնտեղ, որտեղ ականատես եղա մի հրաշքի, որը ապացուցում էր իդեալների` մեր կողքին ապրելու փաստը: Չնայած նրան չէի գտնում, բայց անգամ նրա գոյության փաստը ինձ դարձրել էր իսկապես երջանիկ մարդ, չէ որ այն երկար դժվարին օրերը իրենց արդյունքը տվել էին: Նրանք ապրում էին մեր շուրջը, ապրում, մտածում, դյութում, խորհում ու ընթերցում այնպես, ինչպես մեծ գրողների հերոսուհիները իրենց գրքերում, այո, այո, նրանք նույն հերոսուհիներն են, սակայն ոչ թե ամբողջապես կրկնօրինակում են հերոսուհիներին, այլ հերոսուհիներն են կերտվել իրականության մեջ գտնված նմանօրինակ կերպարներից:
Նրա ձգձգվող բացակայությունը ինձ կրկին նետել էր այն հուսահատության մեջ, որտեղից որ մի պահ գլուխս բարձրացնելով, կարծել էի թե երբեք այնտեղ չեմ վերադառնա, սակայն կյանքը իր սառնասրտությամբ ու անհանդուրժողականությամբ ինձ նորից նետեց այնտեղ, որտեղից ինձ կարող էր հանել միայն նրա կենարար ներկայությունը:
Ահա այսպես ամեն անգամ, անդավաճան մարդու պես վերցնում էի գրքերը ու գնում Կարապի լիճ: Այնտեղ ամեն ծառ ու թուփ, կարծես թե ինձ պես սպասում էր նրա հայտնվելուն, բայց ամեն անգամ լույսը ընկնելուն պես հուսահատությամբ արբելով, տխուր ու տրտում բաժանվում էինք:
Օրերը գլորվում էին, և այն անմոռանալի հանդիպումից մոտ մեկ ամիս անց, ամբոխի մեջ նշմարեցի նրա հայացքը և նրա ` մինչև ինձ մոտնենալը, վարկյանական արագությամբ կորղացա կերտել այն սիրո ապագան, որը մեզ սպասվում էր իրար մոտենալուց հետո, վայելում այն, ինչ արդեն մեր շուրջն էր, որտեղ բոլոր գեղեցիկ երևույթները կապված էին նրա հետ և որտեղ նա կերտելու էր գլխավոր հերոսուհու կերպարը: Սակայն մինչ ես երանության մեջ, հաճելի երազներում լող էի տալիս, նա իր ընկերների հետ անցավ իմ կողքով` միայն հեռվից մի պարզ ու հասարակ ժպիտ ուղարկելով և էլ ուրիշ ոչինչ: Հուսահատությունը փշրեց իմ սիրտը և մինչ ուշքի գալով կփորձեի նրան նորից տեսնել, նա արդեն խառնվել էր եռացող ամբոխի մեջ և կորել հազարվոր հայացքների մեջ ...ու այս անգամ էլ նա հեռացավ:

Տողեր միայն նրա համար

Ամեն անգամ քեզ այնտեղ չգտնելով, բայց հաջորդ օրը նորից այդ նույն հույսով այնտեղ վերադառնալով, հասկանում էի թե որքան կապված եմ քեզ: Միայն հասկանաս, թե որքան եմ զգում քո միանգամվա ներկայությունը, որը փարատեց այն վերքերը, որոնք ստացել էի քեզ փնտրելու հետևանքով: Ունեի երազանք լինելու իմ իդեալի ետ, սակայն ինչպես գրքերում, այնպես էլ իրական կյանքում ամեն ինչ շատ հեշտ ու դյուրին չեղավ` ակնթարթորեն գտնելով, այդես արագորեն էլ կորցրի քեզ: Ու քանի որ ուրիշ ոչ մի տարբերակ չկար քեզ հետ հանդիպելու, խոսքերս քեզ հղելու, մի քանի բառ փոխանակելու համար, որոշեցի գրել այս նամակը ու հանձնել անծայրածիր անէության մեջ` հույս ունենալով, որ քամին ականատես լինելով իմ թափառող վշտերին,  այս նամակը մի ինչ որ կերպ կհասցներ քեզ մոտ ու դու կկարդաս այս տողերը` գրված նրա կողմից, ով կամաց-կամաց մահանում է` քո բացակայության պատճառով: Խնդրում եմ, իմ սիրելի անանուն, արի այնտեղ, որտեղ ծնվեց իմ երջանկությունը, որտեղ զգացի ուրախ օրվա ողջ ճոխությունը, վայր, որը ճանաչվեց կատարյալի ու գեղեցիկի գույության մի վայր, որը դարձավ ինձ համար անդավաճան մի բնակավայր: Արի այստեղ, արի ինձ մոտ, խոսել եմ ուզում քեզ հետ և, ի վերջո, ուզում եմ իմանալ քո` արդեն սիրելի անունը:
Հ.Գ. ժամանկին, երբ փնտրում էի իմ իդեալին, բոլորը կարծում էին, որ սննպատակ ճամփով եմ գնում, բայց ես գտա նրան, և երբ բոլորը կկածեն, որ էլ երբևէ ես չեմ գտնի նրան, ես նախկինի պես կգնամ առաջ` հավատալով, որ նորից կգտնեմ նրան` երբեք բաց չթողնելու պայմանով:

Նարեկ Դալլաքյան - Նամակ նրան. անունը` չգիտեմ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել