Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ, Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում:

Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:

Վիսոցկին միանգամից չէր կողմնորոշվել, որ ցանկանում է դերասան դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է ճարտարապետա-շինարարական ինստիտուտ, սակայն կես տարի սովորելուց հետո թողնում է ուսումը:

Այդ որոշումը նա կայացրել է 1995 թվականի դեկտեմբերի 31-ին: Վիսոցկին իր դասընկեր Իգոր Կոխանովսկու հետ որոշել էր ամանորի գիշերը շատ յուրօրինակ անցկացնել: Նրանք ստիպված էին քննության համար գծագրեր նկարել: Զանգերի ղողանջներից հետո ընկերներն անցնում են աշխատանքի: Ժամը երկուսին դրանք պատրաստ էին: Սակայն հանկարծ Վիսոցկին վերցնում է ներկերի տուփն ու այն թափում գծագրերի վրա: «Վերջ: Դեռ կես տարի ժամանակ ունեմ, որպեսզի թատերական ընդունվեմ: Իսկ սա իմը չէ»:

Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո: Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում:

Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին և լուրջ չէին ընկալվում ոչ Վիսոցկու, ոչ էլ իր առաջին ունկնդիրների կողմից: Մի քանի տարի անց` 1965 թվականին, նա գրում է հայտնի «Подводная лодка» երգը, որի մասին Իգոր Կոխանովսկին հետագայում կգրի. «Подводная лодка»-ն արդեն լուրջ էր: Եվ կարծում եմ, որ այդ երգը հայտարարեց, որ նրա պատանեկան արվեստի ժամանակի վերջն է եկել»:

Մոտավորապես այդ ժամանակ Վլադիմիր Վիսոցկին գալիս է Տագանկայի թատրոն, որը, իր խոսքերով, դառնում է «իր թատրոնը»: «Թատրոն եկավ մի երիտասարդ: Հարցրեցի նրան, թե ինչ է ուզում անել, նա էլ ասաց, թե մի քանի երգ է գրել, խնդրեց լսեմ: Համաձայնեցի: Մեր հանդիպումը պետք է որ հինգ րոպեից ավել չտևեր, բայց ես մեկուկես ժամ լսում էի նրան»,- հիշում է Յուրի Լյուբիմովը: Այսպես սկսվեց Վիսոցկու ուղին Տագանկայի թատրոնում: Սակայն այնտեղ ամեն ինչ չէր, որ հարթ էր անցնում: Յուրի Լյուբիմովի հայրական վերաբերմունքը Վիսոցկու հանդեպ առաջացնում էր կոլեգաների նախանձը:

Թատրոնի հետ միաժամանակ Վիսոցկին նկարահանվում էր կինոյում: Նրա ամենահայտնի և ամենասիրած կինոդերը «Место встречи изменить нельзя» հեռուստասերիալում Ժեգլովի դերն էր, որը շատ ռեալիստական էր ստացվել: Բազմաթիվ հեռուստադիտողներ համոզված էին, որ Գլեբ Ժեգլովը հորինովի կերպար չէր:

«Աշխատել է պետք»,- Վիսոցկու սիրած արտահայտությունն էր: Եթե նա կարողանար, 24 ժամ կաշխատեր: 3-4 ժամ քուն, մնացածը` աշխատանք: Իր երգերը նա հիմնականում գիշերն էր գրում: Տուն էր գալիս ներկայացումից հետո ու անցնում աշխատանքի: Մարինան նրան տաք թեյ էր տալիս ու լուռ նստում անկյունում: Երբեմն նա քնում էր, իսկ Վիսոցկին առավոտյան արթնացնում էր նրան, որպեսզի կարդա գիշերը գրած բանաստեղծությունները:

Նա սիրահարվեց նրան...

Նա այդ ժամանակ ապրում էր Փարիզում, Ռոբեր Օսեյնի կինն էր...կինոաստղ...նկարահանվում էր Մարչելո Մաստրոյանիի,Մարլոն Բրանդոյի հետ...նրա մասին կարելի էր երազել ՝ինչպես երկնքի ամենապայծառ աստղի...Նա էլ երազում էր...

Վիսոցկին և Մարինա Վլադին հանդիպեցին Մոսկվայում ընթացող միզազգային կինոփառատոնի ժամանակ:
Մարինա Վլադիին հրավիրեցին թատրոն, ուր բեմադրվում էր Եսենինի «Պուգաչովը»: Վիսոցկին կատարում էր Խլոպուշայի դերը: Բեմադրությունը մեծ տպավորություն թողեց Վլադիի վրա: Ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ռեստորանում, մի սեղանի շուրջ: Վիսոցկին մոտեցավ այդ «ֆրանսիական հրաշքին» ու կամաց արտաբերեց. «Վերջապես ես հանդիպեցի Ձեզ...ուզում եմ գնալ այստեղից ու երգել միայն Ձեզ համար»:

Որոշ ժամանակ անց Վոլոդյայի ընկերներից մեկի տանը նրանք կրկին հանդիպեցին: Մարինան խնդրեց բոլորին իրենց մենակ թողնել: Մի ամբողջ գիշեր նրանք խոսեցին իրենց սիրո մասին:

Ամուսնացան 1970 թվականին: Ամուսնական ճամփորդությւոնը տևեց 3 օր: Դրանք նրանց համատեղ կյանքի լավագույն երեք օրերն էին. քաղցր առանձնություն, ծովի բույր, վրացի սիրաշատ ընկերներ, հյութեղ խորոված, տնական գինի:

Բաժանում

Վիսոցկին Մոսկվայում է, Մարինան՝ Փարիզում, քանի որ Վոլոդյային Ֆրանսիա մեկնելու թույլտվություն չեն տալիս: Հաղորդակցվելու համար մնում է միայն նամակագությունն ու հեռախոսազանգերը: Միայն ամուսնությունից վեց տարի անց Վիսոցկուն արտասահման մեկնելու թույլտվություն տվեցին:

Հանուն դրա Մարինան ստիպված եղավ ժամանակավորապես դառնալ Ֆրանսիաի կոմունիստական կուսակցության անդամ: Նրանք հանդիպեցին ու արեցին ամեն ինչ՝ բացթողնվածը լրացնելու համար: Մարինան Վիսոցկու համար համերգներ էր կազմակերպում Փարիզում, ճանապարհորդում էին աշխարհով մեկ, զբոսնում, վայելում կյանքը: Սովետական Միությունում Վիսոցկին առաջինն է ունեցել ու վարել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Ամեն ինչ բարեհաջող էր թվում, սակայն ինչ-որ բան արդեն կոտրվել էր նրա մեջ:

Չնայած իր մեծ ժողովրդականությանը, իշխանությունը չէր ուզում «ճանաչել» և ընդունել Վիսոցկուն: Նրա բանաստեղծությունները չէին տպագրվում, ձայնասկավառակները չէին թողարկվում, նրա պիեսների փորձերն արգելվում էր անցկացնել թատրոնում: Ընտանեկան կյանքն էլ «հեռակա էր»: Նույնիսկ ելքի վիզաները,որոնք ստիպված էր «խոնարհաբար» խնդրել, նրան ուրախություն չէին պատճառում: Իր ապրումներն ու հույզերը նա ճնշում էր նարկոտիկներով, «խեղդում ալկոհոլի մեջ»:

Վիսոցկին փորձում է հաղթահարել իր հիվանդությունը, հասկանալ ինքն իրեն: Եվ իր «Համլետի» նման սկսում է մտորել, խորհել կյանքի ու մահվան իմաստի շուրջ:

«Քո սառնությունը իմ հանդեպ վերագրում եմ հոգնածությանդ,-գրում է նրան Մարինա Վլադին,-որը ոչ հազվադեպ է ամուսնինների միջև, ովքեր ապրել են միասին ավելի քան 10 տարի: Այն ,որ դա մորֆիի պատճառով է՝ ես այն ժամանակ չգիտեի, իսկ գլխավորը, թերևս, քո հուսահատությունն էր: Ես տեղեկանում եմ քո մշտական դավաճանությունների, անհավատարմության մասին, ես հիվանդ եմ խանդով: Ես միանգամից չհասկացա, որ դրանք կյանքից կառչելու հուսահատ փորձեր էին, փորձում էիր ապացուցել ինքդ քեզ, որ դու դեռ գոյություն ունես: Դու փորձում ես դրա մասին ինձ ասել, բայց ես դա չեմ լսում... վերջ... փակուղի...դու միայն կարող ես գոռալ կարևորի մասին ,իսկ ես նկատում եմ միայն այն, ինչ մակերեսային է... Դու լալիս ես քո սերը, իսկ ես տեսնում եմ միայն դավաճանությունները:

...Դու, հավանաբար,ակնկալում էիր իմ օգնությունը: Միասին էինք պայքարում քո հարբեցողության դեմ: Բայց մի գիշեր ամեն ինչ ասվեց ու մեր միջև չկար այլևս որևէ գաղտնիք: Ասես մենք նորից վերադարձանք մեր սիրո ակունքին, միմյանցից թաքցնելու բան չունենք, դու ասում ես. «Վերջ, հավաքում եմ ինձ բռանս մեջ, չէ որ կյանքս դեռ չեմ ապրել»: Դու դողում ես, միայն թե այդ դողը ցրտից չէ, քո մոխրագույն դարձած դեմքին կենդանի ու խոսուն միայն աչքերդ են մնացել»:

Հիվանդություն

Վիսոցկու սրտի առաջին նոպան պատահեց Բուխարեստում՝ 1979 թվականին: Արտիստին փրկեցին սրտի մեջ անմիջական ներարկում անելով:

«Այդ սևազեստ կնոջը հարկավոր չէի»,- այդ ժամանակ ասել է Վիսոցկին, սակայն ինքըղ«ամեն ինչ արեց», որ մի տարի անց «չուշանա նրա հետ ժամադրությունից»:

«Վերջին» ընդառաջ

Մեռնելուց մի ամիս առաջ Վիսոցկին գրում է Վլադիին. «Իմ Սեր....գտիր ուժերիս համապատասխան ելք...Պարզապես ուզում եմ խնդրել քեզ՝ տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք: Ես սիրում եմ քեզ, ու չեմ կարող թույլ տալ, որ քեզ վատ լինի: Հավատա, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, և մենք կլինենք երջանիկ»:

Առաջին տագնապալից զանգից Մարինան թռավ Մոսկվա, սակայն ամեն անգամ ավելի էր համոզվում, որ Վոլոդյային փրկելու նրա բոլոր ջանքերը զուր են: Ասես Վիսոցկին գիտակցաբար գնում էր «վերջին» ընդառաջ...

11 հունիսի,1980թ.Մարինան ճանապարհում է Վիսոցկուն Մոսկվա: Դեպի օդակայան տանող ճանապարհին նրանք փոխանակում են մի քանի ծեծված արտահայտություններ. «Քեզ լավ նայիր... հիմարություն չանես», և երկուսն էլ հասկացան, որ արդեն անտանելի հեռու են միմյանցից:

18 հուլիսի Վիսոցկին վերջին անգամ խաղաց «Համլետ»: Այդ երեկո նա իրեն վատ էր զգում: Կուլիսների հետևում բժիշկը պարբերաբար ներարկումներ էր անում:

29 հուլիսի. Վոլոդյան նորից պիտի մեկներ Փարիզ, Մարինայի մոտ: Ավաղ...Վիճակված չէր:

Հունիսի 23-ին նրանց վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ.

«Իսկ 25-ի առավոտյան 4-ին ես արթնացա քրտնքի մեջ կորած: Վառեցի լույսը, նստեցի մահճակալին, բարձիս վրա վառ կարմիր հետք կար. մի մեծ ճզմված մոծակ էր: Ինձ դյութեց այդ բիծը: Հնչեց հեռախոսազանգ, ես գիտեմ, ես չեմ լսի նրա ձայնը: Գիտեմ՝
«Վոլոդյան մահացավ»... այսքանը... երկու կարճ բառ... արտասանված անծանոթ ձայնով ...»:

Ոչ ոք չվերադարձրեց իր տոմսը

Վիսոցկու հուղարկավորությանը, թվում էր, թե ողջ Մոսկվան է մասնակցում: Այդ ժամանակ Մոսկվայում Օլիմպիական խաղերն էին ընթանում: Պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չեղավ: Իշխանությունները վախենում էին անկարգություններից: 
Միայն թատրոնի դրամարկղի ապակուն մի համեստ գրություն էր փակցված. «Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին»: Ոչ ոք չվերադարձրեց իր տոմսը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել