Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի մասին խոսակցությունները կտրուկ դադարեցին, և տեղի ունեցածը կարծես մոռացվեց: Երկու եկեղեցիների համատեղ հայտարարությունից հետո թե հայ հասարակության ակտիվ մասը, թե Հայաստանի քաղաքական շրջանակները որոշեցին սպասել Վրաստանի իրավապահ մարմինների քննության արդյունքներին:

Մի կողմից, իրադարձությունների այս ընթացքը խոսում է այն մասին, որ երկու կողմերին էլ ձեռնտու չէ իրավիճակի սրումը, և նրանք չեն ուզում առիթ տալ այլևայլ շահարկումների: Սա անշուշտ, դրական է:

Բայց մյուս կողմից, եթե նունիսկ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, դա, որպես երևույթ, անընդունելի է: Ու կատարվածում միանշանակ իր դերը խաղացել է հոգևորականների ազգային պատկանելության հանգամանքը: Այն է, թե` կատարվածում այսպես թե այնպես քաղաքական բաղադրիչ կա: Ավելին, եթե հավատանք պաշտոնական դիրքորոշմանը և ընդունենք, որ միջադեպը կազմակերպված չի եղել և չի ուղղորդվել ինչ-ինչ անձանց կողմից, միևնույնն է, կարճ ժամանակում մոբիլիզացնել մի քանի տասնյակ մարդ ու հարձակվել եկեղեցու սպասավորների վրա, դա կարող է տեղի ունենալ միայն իր հարևանությամբ ապրող ժողովրդի նկատմամբ ատելությամբ ու անհանդուրժողականությամբ լցված հասարակությունում:

Այս միջադեպի հետևում կոնկրետ անձի կամ կառույցի կանգնած չլինելու հանգամանքը խոսում է այն մասին, որ իրականում մենք ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնած. վրաց ծայրահեղ ազգայնականության խնդիրը ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի է առնչվում, այլ արդեն հասցրել է արմատավորվել վրաց հասարակության ներսում և արդյունք է նախկինում իրականացված ազգայնամոլական տրամադրությունների սերմանման:

Դա վերացնելու համար մեծ ջանքեր, տևական աշխատանք ու ամենակարևորը` Վրաստանի կողմից քաղաքական կամք ու շահագրգռվածություն է հարկավոր լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել