Նա նկարում էր, հիմա ապշած է...

Մենք մեզ կոտորում ենք, այստեղ-այնտեղ բղավում ենք, որ Այվազովսկին հայ է, կռիվ ենք տալիս ռուսների դեմ, բայց արի ու տես՝ մի քանի տարվա պատմություն ունեցող դեպքով նոր ենք սկսել հետաքրքրվել: Այվազովկու արձանի ձեռքի վրձինը չկա: նա այդ վրձնով նկարում էր ժամանակին, բայց առանց վրձին երևի մեծ նկարիչը հիմա կանգնած ապշահար մեզ է նայում ու մտածում է. «Տեսնես ո՞ւր կորավ սրանց հայրենասիրությունը, ինձ մեծարելու ու գովաբանելու սինդրոմը, չէ, չէ, ես մեծարման համար չեմ նկարել ու հայ ներկայացել, ուղղակի մի քիչ ցավալի է այս ամենը»:

Համացանցում մանկական գրքեր են տարածվել, որոնք նոր անեկդոտների ձեռնարկներին ոչինչով չեն զիջում: Հիմա ով մի քիչ գումար ունի, կարող է գիրք տպագրել, դրա համար երեխային գիրք գնելուց առաջ մի հատ կարդացեք՝ մեջն ինչ է գրված, ոչ թե առեք-տարեք տուն, հետո զարմացեք ու շուխուռի համար նկարեք գցեք Ֆեյսբուք: Դուք սխալ եք անում, հետո մեղավոր եք փնտրում:

Բոինգ 777-ի սև արկղերի շուրջ սովորական բյուրոկրատիան սկսվեց: «Ապալչենցիները» սև արկղերը հանձնեցին Մալայզիային, Մալայզիան իր հերթին հանձնեց հոլանդացիներին, հոլանդացիներն էլ՝ բրիտանացիներին: Այսինքն՝ մի շրջան բոլորի ձեռքով կանցնի, որովհետև այդպես է պետք, հետո մի բան կհնարեն ու կասեն բոլորին: Օրինակ՝ սենց մի բան՝ մենք լավն ենք, արկղերի մեջինն էլ դա է հաստատում, աշխարհ, հանկարծ մեզ չասեք արնախում: Սա ինձ հիշեցնում է պոչատ աղվեսի պատմությունը. «Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել