Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում բավական հետաքրքիր զարգացումներ բովանդակող մտքեր կային: Դրանք ուղղված էին գործընթացային նոր ընթացքի ուղենշմանը: Կարող ենք ասել, որ «քառյակը», որպես սոցիալ-քաղաքական երևույթ, իր ինստիտուցիոնալացման փուլում է դեռևս, դրա համար էլ առաջին նախագահը խոսեց ԲՀԿ-ի նկատմամբ իշխանության մտրակի գործադրման մասին, որով փորձում է նախանշել «քառյակի» որդեգրած քաղաքականության գործընթացային զարգացման փուլը, բայց այդ նպատակին հասնելու համար դեռևս պետք է առանցքային նշանակություն ունեցող ԲՀԿ-ի նկատմամբ իշխանությունների քայլերի էությունը բացահայտել՝ միաժամանակ ստուգելով այդ կուսակցության քաղաքական դիմացկունությունը: Բնականաբար, Բարգավաճի ղեկավարներն առիթներ կունենան անդրադառնալու այս մտքին, և կշեշտեն, որ իրենց որևէ մեկը չի կարող ճնշել՝ պահպանելով «հզոր կուսակցության» իրենց կերտած իմիջը: Ըստ այդ հաշվարկի՝ դա կոգևորի նաև ընդդիմադիր հատվածին թե քաղաքական, թե հասարակական սեկտորում, և բոլորին կհաղորդի վճռականություն՝ աշնանն ընդառաջ: Նշելով, որ որևէ քաղաքական ուժ նման բան չի հանդուրժի, Տեր-Պետրոսյանն ակնարկում էր, որ իրենք կպաշտպանեն ԲՀԿ-ին՝ փոխարենը ԲՀԿ-ն էլ պիտի շարունակի խորացնել համագործակցությունն ընդդիմության հետ: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանն իր խոսքում նշել է, թե «աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ Սերժ Սարգսյանը կդառնա սեփական համակարգի գերեզմանափորը»: Սրանով ՀԱԿԿ առաջնորդը փորձում է ստուգել մյուս ուժերի պատրաստվածության աստիճանը՝ իշխանության հետ առճակատման գնալու առումով, հատկապես՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» կգնա նման քայլի, և եթե վերջինս հայտարարի, որ ինքն իշխանության շանտաժներին ու ճնշումներին չի ենթարկվում, ապա պետք է դա ապացուցի հանրահավաքների հարթակներում: Ըստ էության՝ ՀԱԿԿ ղեկավարի միտքը հետևյալն է. թեժ աշունը հնարավոր է, եթե պառլամենտական ընդդիմադիր բոլոր կուսակցությունները շարունակեն սերտորեն համագործակցել և պահանջել իշխանության հրաժարականը: Դրան զուգահեռ, հայտարարելով, որ քաղաքական ուժերն այլևս թույլ չեն տա բռնապետական իշխանություն, նա հասկացրեց ՀՀԿ-ին, որ ճնշումների լեզվով խոսելու դեպքում կարող է համընդհանուր դժգոհություն գեներացնել, և ընդդիմությունը վճռականորեն դրանք կուղղի իր դեմ: Նման սցենարը ԲՀԿ-ի համար գրավիչ դարձնելու նպատակով առաջին նախագահն իր խոսքում նշել է, թե «Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը»: Տեր-Պետրոսյանի ենթատեքստն այդ կուսակցությանն ավանգարդային դերի վերապահմամբ գործողությունների մղելն է: Նա հասկացնում է, որ այլևս Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն է առաջնորդողի դերում՝ նրա վրա դնելով որոշակի պարտավորություն և պատասխանատվություն: Իհարկե, քառյակը պետք է պահպանել ցանկացած գնով, որովհետև դա միակ ձևաչափն է, որը կարող է զսպել իշխանությանը, մանավանդ, եթե որոշվի քաղաքական ակցիաներով հանդես գալ: Իսկ որպեսզի պահպանվի այն ու դառնա լավ կառուցվածքով համագործակցային պլատֆորմ, պետք է հնարավորինս շուտ մտնել որոշակի գործընթացի մեջ կամ ծավալել իրական քաղաքական գործողություն, որովհետև քաղաքական գործողությունը ենթադրում է որևէ խմբի կամ անհատի կողմից սիստեմատիկ ու գիտակցված միջամտություն սոցիալ-քաղաքական հարաբերությունների վրա՝ դրանք համապատասխանեցնելով սեփական շահերին, իդեալներին և նպատակներին, որն առաջացնում է որոշակի քաղաքական հետևանք: Սա շատ կարևոր է, որովհետև սիստեմատիկ ու գիտակցված միջամտությունը, որը հանգեցնում է հստակ հետևանքների, կապում է քաղաքական ուժերին միմյանց ու իրենց իրականացրած քայլերի հետ: Այլևս ավելի դժվար է լինում այդ ճանապարհից դուրս գալը, որովհետև առաջանում է պատասխանատվություն, սկսվում է ինստիտուցիոնալիզացման գործընթաց: Իսկ խմորման փուլում գտնվող ուժերի արձակուրդը նրանց հակառակորդների համար լավագույն նվերն է: Հիմա շատ բան կախված է ԲՀԿ-ի նախաձեռնողականությունից, որը տիրապետում է հսկայական ռեսուրսների և կարող է կազմակերպել քաղաքական գործողության համար անհրաժեշտ տարատեսակ ակցիաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել