Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը հուլիսի 22-ին նշել է իր ծննդյան առաջին տարեդարձը. տոնին ներկա են եղել թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ծնողները՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, մորական կողմի տատիկ-պապիկը, ինչպես նաև 7 կնքահայրերն ու մյուս բարեկամները։
Ինչպես նշում է Лента-ն, ծննդյան տոնը նշվել է Քենսինգթոնյան պալատում, որտեղ հմայիչ փոքրիկին նվիրել են փայտյա խաղալիքներ, հեծանիվ ու այլ իրեր։ Իսկ թե ինչ է նվիրել թագուհին բրիտանական գահի ապագա ժառանգին, չի հաղորդվում։
Աղբյուրը նկատում է, որ ծննդյան տոնն ի սկզբանե պետք է շատ համեստ լիներ, սակայն թագուհու գալն ինքնըստինքյան միջոցառմանը տոնական ու հանդիսավոր երանգ է հաղորդել։ Նշվում է, որ Էլիզաբեթ 2-րդը Քենսինգթոնյան պալատ է ժամանել կանաչ Bentley մեքենայով. նրա գալուն անհամբեր սպասում էին լրագրողները։
The Daily Mail-ը հավելում է, որ թեև Ջորջի պապիկն ու տատիկը՝ արքայազն Չարլզն ու Քորնուոլի դքսուհի Կամիլան, ներկա չեն եղել տոնակատարությանը՝ Շոտլանդիայում լինելու պատճառով, որպես նվեր հսկայական փափուկ սկյուռ են գնել փոքրիկի համար։
Ընդհանուր առմամբ, բրիտանացիներն ուշադիր հետևում են թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամին, քանի որ վերջինս մեծ սեր է վայելում Միացյալ Թագավորությունում։ 2013թ. արքայազն Ջորջը ճանաչվել է ամենաազդեցիկ լոնդոնցին, իսկ 2014թ.՝ թագավորական ընտանիքի ամենաոճային անդամը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ