Tert.am-ը գրում է.

Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այս մասին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր» ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ իրականացվել էին դեռևս 70-80-ական թվականներին:

Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին ու կայանը սպասարկող անձնակազմի համար ստեղծված պայմաններին: Քաղաքապետին ներկայացնելով կատարված աշխատանքների ծավալները՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենը նշել է, որ սանիտարական գոտու վերանորոգումն իսկապես անհրաժեշտություն էր: Տարիների ընթացքում խիստ անհրաժեշտություն էր ծագել վերանորոգել ջրհավաք կառույցները, ջրագծերը, ընդունիչ խցերը, սպասարկման ճանապարհը, քլորատունը, ինչպես նաև ապահովել տարածքի գիշերային լուսավորությունը:

«Վերանորոգման ծրագրի շրջանակում ամբողջովին վերակառուցվել են դրենաժային 3 համակարգերը, ինչի արդյունքում ջրամատակարարումը դարձել է ավելի հուսալի, իսկ ջրի որակը՝ ավելի ապահով: Միևնույն ժամանակ մոտ 15լ/վրկ. ավելացել է սպառողներին մատակարարվող ջրի քանակը: Վերակառուցվել են գործող ջրահավաք խցերն ու կառուցվել է ևս մեկը: Նոր կառուցված խցից ջուրը հիմնական ջրատարին հասցնելու համար կառուցվել է 500 մմ տրամագծով 400 գծամետր մետաղական խողովակաշար: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում վերանորոգվել են նաև էլեկտրաենթակայանը, պահակատունը, սանիտարական գոտին սպասարկող ճանապարհը»,- նշել է Գոռ Գրիգորյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել