Tert.am-ը գրում է.

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը ժողովուրդներին չի պատրաստում խաղաղության։

Հանդիպմանը ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:

Հանդիպմանը հանդես գալով ելույթով` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա:

«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԵՄ շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ` քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ, և հավելել, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախարարը նշել է, որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ս.թ. մարտին ուժի մեջ մտած Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը թույլ կտա մասնակցել ԵՄ տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը:

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին` նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը:

Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել