Ֆինանսների նախարարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ավելացել են տնտեսվարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվները: Այս տարվա հուլիսի 1-10-ին, 2013-ի հուլիսի 1-10-ի համեմատ, տնտեսվարողների կողմից դուրս գրվող հաշիվներն ավելացել են 54 տոկոսով` կազմելով 400 հազար` 260 հազարի փոխարեն: Հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների և ծառայությունների գումարը՝ ներառյալ ԱԱՀ-ն, նույն ժամանակաշրջանում աճել է մոտ 48 տոկոսով` համապատասխանաբար կազմելով` 89 մլրդ` 2013-ին շուրջ 60 միլիարդ դրամի փոխարեն:
Հունիսի առաջին տասնօրյակի համեմատ դուրս գրվող հարկային հաշիվներն ավելացել են 34 տոկոսով` 400 հազարը 300 հազարի դիմաց, իսկ դրանցում ներառված գումարը` 89 մլրդ դրամ 65 մլրդ դրամի դիմաց:
Այս խախտումները ստացվել են հուլիսի 1-10-ի ընթացքում ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության միջոցառումներով: Մասնավորապես, թիրախային 45 տնտեսվարող սուբյեկտների մոտ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում գրեթե կրկնակի ավելացել է դուրս գրվող հարկային հաշիվների քանակը` միջին օրական 5 հազարից հասնելով 10 հազարի: 61 տնտեսվարող սուբյեկտների մոտ էլ հայտնաբերվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքում կամ տեղափոխում, ինչի արդյունքում կազմվել են 27 միլիոն դրամի վարչական ակտեր: Վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանը հայտարարել է, որ իրականացվող հսկողական և վարչարարական միջոցառումների նպատակը գործարքների համատարած փաստաթղթավորումն է, ինչն էլ կբերի ստվերային տնտեսության կրճատման:
Հիշեցնենք, որ գործարարների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ էր արել նրանց հուլիսի 1-ից ինքնակամ դուրս գալ ստվերից, այլապես կկիրառվեն օրենքով նախատեսված լծակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել