Եթե սովորական երիտասարդ ես, ուզում ես վայելել ամառային հանգիստդ ու ձեռքիդ տակ առանձնակի մեծ գումարներ չունես, ապա ճանապարհորդության քո քարտեզի վրա կարմիր ամրակներն այդքան էլ շատ չեն: Երբ ընտրում էի, թե որ ուղղությամբ ճամփորդեմ, հիմնական տարբերակները, որոնք առաջարկվում էին, Անթալիան էր, Շրի Լանկան և Եգիպտոսը: Իսկզբանե մերժելով Թուրքիայի տարբերակը և հաշվի առնելով ընկերներիս դրական կարծիքը Եգիպտոսի մասին ի վերջո կանգ առա հենց Եգիպտոսի վրա: Դրանից հետո մնաց ոչ այնքան բարդ ընտրություն. կոնկրետ որտե՞ղ Եգիպտոսում: Մի քիչ խորհուրդներին հետևելով, մի քիչ էլ գուգլում քչփորելով՝ ընտրեցի Շարմ էլ Շեյխը: Իսկ տուր ընտրելը իրոք պատասխանատու և բարդ գործընթաց է: Քանի որ Հայաստանի տուրօպերատորները ինձ կտեղավորեին հայաշատ ինչ-որ հյուրանոցում, որտեղ իմ ժամանակի մեծ մասը կծախսեի «Չարբախցի Ծյուշին ճանաչո՞ւմ ես» տիպի հարցերին պատասխանելու վրա, որոշեցի հասնել Մոսկվա և տուրը վերցնել այնտեղից: 5 կամ 5.5 աստղ ունեցող հյուրանոցները, իհարկե, շքեղ են, բայց շատ քիչ բան կտան երիտասարդին, որը եկել է ակտիվ հանգիստ ու աղջիկների հետ ժամանակ անցկացնելու համար: Այնտեղ հիմնականում հանգստանում են լուրջ դեմքերով մարդիկ կամ ընտանիքներ: Մենք ընտրեցինք 4.3 աստղ ունեցող հյուրանոց՝ Sea Life անունով, որտեղ հանգստանում են բացառապես երիտասարդները, որտեղ ամեն 10 րոպեն մեկ քեզ մի միջոցառման են հրավիրում, որտեղ ձանձրանալ պարզապես հնարավոր չէ: Քանի որ տուրը Ռուսաստանից էինք գնել, մեզ հետ հանգստացողները հիմնականում ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ: Ինչո՞վ էր ֆենոմենալ մեր ընտրած հյուրանոցը: Նույն տարածքում իրար կողք կողքի տեղակայված էր 4 հյուրանոց, որոնք պատկանում էին նույն տիրոջը: Իմ թևկապը, որն ազդարարում էր այն մասին, որ ես Sea Group-ից եմ, հայեցի ասված պատ էր ծակում ) ազատ ելք ու մուտք ունես բոլոր 4 հյուրանոցներում, կարող ես օգտվել բոլոր բարերից, անվճար ճաշել բոլոր ռեստորաններում: Ի՞նչ էինք անում մենք: Արթնանում էինք մեր հյուրանոցում, ճաշում՝ մյուսում (որը 5-աստղանի էր), լողանում՝ երրորդում, ակումբներ գնում չորրորդում: Նախանձել չկա : ) Դեպի Մոսկվա տոմսն արժե 160 դոլար, իսկ տուրը դեպի Եգիպտոս` 800 դոլար: Գնել եմ Մոսկվայի Tui գործակալությունից Tez Tour-ի փաթեթ:
Եվ այսպես՝ օր առաջին:
Առաջին տպավորությունը, երբ իջնում ես ինքնաթիռից, զգում ես, որ շատ շոգ է: Բայց Երևանի շոգն ավելի անտանելի է թվում, որովհետև այտեղ ծովը միշտ դիմացդ է, լողավազանը միշտ կողքդ, բարը միշտ բաց է քո համար և անվճար կարող ես խմել ինչ խելքիդ փչի և ինչքան փչի, շոգի մասին շատ արագ մոռանում ես: Դու այնտեղ արքա ես, քանի որ տուր-փաթեթը ներառում է ամեն ինչ: Այն հաճելի բառը, որը կոչվում է All inclusive: Այսինքն՝ կարող ես օգտվել հյուրանոցում առկա ցանկացած բանից ու չվճարել դրա համար: Հարց՝ արժե՞ վճարել ծովի տեսարանով համարի համար: Եթե դուք ռոմանտիկա բառը հասկանում եք «Օդնոկլասնիկ»-ում մեծատառերով և փոքրատառերով ստատուս գրելը, ապա այդ գումարը ավելի տեղին կարող եք օգտագործել, բայց եթե իրոք ամեն առավոտ նայելու եք ծփացող ծովին, լսելու եք ալիքների ձայնը և հաճույք ստանալու դրանից, ապա միանշանակ արժե: Օրենքով այս հաճույքի համար ամեն օր լրացուցիչ պետք է վճարել 15 եվրո, բայց հյուրանոցի աշխատողը ձեզ կտա լավագույն համարը, եթե նրան 20-30 դոլար մագարիչ անեք՝ «это между нами» խոսքերով:
Ամենասարսափելի բաները, որոնք կարող են պատահել քեզ հետ Եգիպտոսում՝
1) Կորալներ: Կորալները ձգվում են ամբողջ ափի երկայնքով և 20 մետր դեպի ծով: Ծովում լողանալու համար պետք է հաղթահարել այդ 20 մետրը՝ նոր հասնել ջրին: Կորալները շատ սուր են և պետք չէ բոբիկ ոտքերով քայլել դրանց վրայով: Իմ փորձից եմ ասում, երբ առաջին օրը կտրեցի ոտքս և ծովի հետ ծանոթացա միայն հանգստիս 5-րդ օրը:
2) Օդափոխիչներ: Առաջին օրը սաստիկ շոգից խեղդված տուրիստները ամենաբարձրի վրա են դնում օդափոխիչը և պառկում քնելու: Հետո «Անտիգրիպինը» և «Տերաֆլյուն» հյուրանոցում ձեզ վրա կվաճառեն 2-5$:
Առաջին օրը ամենալավն ու ամենահիշվողն էր: Այդ օրը ընկերոջս ծնունդն էր, և նպատակ էր դրված
ա) գտնել, թե ում հետ արժե խմել Duty free-ից բերված շամպայնը
բ) չհիշել, թե ինչ ենք արել այդ օրը:
Այդ առումով մեզ շատ օգնեցին անիմատորները: Անիմատորները երիտասարդներ են, ովքեր եկել են Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, որոնք պայմանագիր ունեն հյուրանոցի հետ, և իրենց գործը մեզ համար բուռն և հետաքրքիր հանգիստ ապահովելն է: Ասեմ, որ իրենց գործը անում են փառահեղ, ինչի համար խոնարհվում եմ նրանց առաջ, և հյուրանոցի «տպավորություններ» բաժնում շռայլել եմ գովաբանության բոլոր խոսքերը նրանց մասին: 5$-ով առաջարկում են այցելել քաղաքում գտնվող ակումբը, որտեղ բոլոր հյուրանոցներից հավաքվում են երիտասարդներ: Եվ նույնիսկ ամաչում են քեզանից փողը ուզել, պտտվում են կողքդ մինչև ինքդ կառաջարկես: Նրանք մեր առաջին ընկերներն էին, որ ձեռք բերեցինք հյուրանոցում: Որոշեցինք շրջել հյուրանոցում, մտանք բոլոր խանութները, այնտեղ պարզապես հարցնում էինք՝ ի՞նչ ունես հետաքրքիր, և նա մի փոքրիկ էքսկուրսիա էր կազմակերպում իր խանութում, ցույց տալիս տարբեր յուղեր, համեմումունքներ, մոմեր, որոնցով հարուստ է արաբական աշխարհը: Ծանոթացանք մի տաղանդավոր նկարչի հետ, ով, ինչպես բոլորը, իր ծառայությունները վաճառում էր հյուրանոցում: Շատ ուրախ էր անգլերենով զրուցել հայերի հետ, որոնք որոշ չափով կիսում էին իր հետաքրքրությունները: Դեպի ակումբ գնալու ձանձրալի պրոցեսը նույնիսկ հաճելի է, երբ լավ միջավայրում ես: Ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, դե իհարկե 2 հայերը երգելով գնում են ուրախ ավտոբուսում. իհարկե, ռուսներն ու ուկրաինացիները դեռ կհասցնեն վիճել հեռուստացույցի առաջ, թե որ երկրի հեռուստաալիքով պետք է նայել ընկած Բոինգի մասին լուրերը: Իրականում շատ չեն տարբերվում ռուսական և ուկրաինական հեռուստաալիքների լուրերը, նրանք ասում են նույն բանը՝ ուղղակի հակառակ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է: Ավտոբուսից դուրս եկանք արդեն որպես մի ընտանիք և մտանք ակումբ: Պարեցինք, ուրախացանք, խմեցինք, աղջիկների հետ ծանոթացանք, պայթեցրեցինք դենս ֆլորը, նույնիսկ իրար ձեռքեր բռնեցինք և ծալապատիկ նստեցինք պարահրապարակի կենտրոնում, բոլորը մեզ են նայում, բայց մեզ դա չի հուզում: Հետո մեզ կհիշեն այդ ակումբում, հետո կասեն.

-Գնում ենք ակումբ:
-Ո՞ր ակումբ
-Այնտեղ որտեղ նստել էիք պարահրապարակում և խմում էիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել