Քանի որ հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր անհատների կողմից խրոխտ ու հպարտ դեմքի արտահայտությունով արտագաղթելու մասին որոշումների հրապարակայնացումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ շատերի մտքում արտագաղթը դիտարկվում է որպես մեղր ու կարագ և երկնքից թափվող մանանայով երկրներում ապրելու հնարավորություն, ուզում եմ ներկայացնել էն պատճառները, որոնք ինձ մշտապես հետ են պահել ու, ըստ իս, միշտ էլ հետ կպահեն արտագաղթելուց:

Տնտեսական պատճառներ

Հայաստանում տնտեսական դրություն որքան էլ լարված լինի, իմ ընտանիքն այստեղ ունի բնակարան, ու մենք ստիպված չենք բնակվարձի փող ճարել: Բացի դրանից, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ես այստեղ ունեմ աշխատանք, ես այստեղ ունեմ փորձ, ես այստեղ ունեմ չեմ ասում միլիոններ աշխատելու, բայց նորմալ, մարդավայել կենսակերպ վարելու հեռանկար:

Փոխարենը դուրսն ինձ սպասում է անորոշություն: Ես այնտեղ չունեմ սեփականություն, ես այնտեղ չունեմ երաշխավորված աշխատանք (ծրագրավորող չեմ, խոստումնալից գիտնական չեմ, բժիշկ չեմ, մետլախ խփել չգիտեմ, պիցցա ցրել չեմ ուզում): Թեև բավականին հաճախ եմ լինում արտերկրում, դժվարանում եմ պատկերացնել, թե որքան գումար է պետք աշխատել մեկ մարդու հաշվով, որպեսզի այնտեղ վարեմ այնպիսի կենսակերպ, ինչ հիմա ունեմ այստեղ:

Հետո, արտագաղթի տնտեսական ասպեկտի սպեցիֆիկան այն է, որ այստեղից գնացողներն էլ, այնտեղ ապրողներն էլ հաճախ մոռանում են այնպիսի բաների մասին, ինչպիսիք են գնողունակությունը և «պարտքով ապրելը»: Ասենք, մարդը լսում ա, որ Ֆրանսիայում, ասենք, 3000 եվրո փող աշխատելը ռեալ ա, բայց հաշվի չի առնում, որ էդ փողով չես կարող անել նույքան բան, որքան, ասենք, Հայաստանում: Մարդը լսում ա, որ իրա բարեկամի ընտանիքում արդեն 3 հատ ավտո կա, բայց հաշվի չի առնում, որ իրա բարեկամը կարող ա ամեն ավտոն մի 10 տարվա վարկով ա վերցրել, կամ էլ առհասարակ՝ լիզինգ ա անում: Ու նմանատիպ լիքը նյուանսներ կան, որոնք հաշվի չեն առնվում:

Բացի դրանից, վաղը մյուս օր եթե ամուսնանամ ու արդեն սեփական ընտանիքիս ծախսերը ծառանան իմ առջև, ծախսերս անգամներով շատանալու են:

2. Սոցիալ-հոգեբանական

Որքան էլ ինտեգրվես, որպես կանոն, արտագաղթողների առաջին սերունդը այդպես էլ չի հաղթահարում օտարության զգացումը, երբ սկսում է ապրել արտասահմանում: Քո օտարածին լինելը կարող ես զգալ ուժեղ, կարող ես զգալ թույլ, կարող ես միայն դու զգալ, իսկ կարող են քեզ անընդհատ հիշեցնել դրա մասին, բայց, միևնույնն է, դու դա զգալու ես: Ու դա վաղ թե ուշ սկսում է ճնշել ու մշտապես կարոտախտ առաջացնում հայրենիքիդ հանդեպ:

3. Դեմոգրաֆիա և երեխաների դաստիարակություն

Բացի նրանից, որ ամեն արտագաղթողի հետ մեր երկրի բնակչությունն է ինքնին նվազում, ամեն գնացողի հետ Հայաստանը կորցնում է ևս մեկ պոտենցյալ ծնող: Հատկապես ողբերգական է տղամարդկանց արտագաղթի դինամիկան, որովհետև սովորաբար հենց տղամարդիկ են լքում երկիրը՝ ավելի լավ ապրուստի փնտրտուքով:

Մենք արդեն իսկ լուրջ խնդիր ունենք՝ Հայաստանում չամուսնացած տղաների ու աղջիկների թվերի անհամասնության հետ, և այդ խնդիրը տարեցտարի ավելի է խորանում: Գումարենք սրան, որ տղաներից շատերը դրսում ամուսնանում են օտարերկրացու հետ և կտեսնենք, որ երկարաժամկետ հեռանկարով Հայաստանը զրկվում է նաև այդ երեխաներից, որովհետև եթե առաջին սերնդում դեռ հնարավոր է պահել ազգային ինքնագիտակցությունը՝ անգամ մեկ հայ ծնողի պարագայում, ապա ամեն սերնդից հետո, ապրելով ոչ Հայատանում, նոր սերունդն ավելի ու ավելի է հեռանում իր արմատներից:

Եթե ունես երեխաներ, կամ օտարության մեջ ես ունենում երեխաներ, ապա մշտապես խնդիր է նրանց դաստիարակությունը: Հայաստանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ունի շատ ավելի առաքինի միջավայր՝ երեխաների դաստիարակության համար, քան, ասենք, նույն ԱՄՆ-ն, ԵՄ-ը ու Ռուսաստանը: Այնտեղ իրոք կան սպեցիֆիկ խնդիրներ, որոնք մեզ ԴԵՌ մենակ լսելով են ծանոթ: Վստահ եմ, որ ոչ մի ծնող չի ուզենա, որ իր որդին ընկնի թմրանյութերի վաճառքով զբաղվող երիտասարդների ազդեցության տակ, կամ էլ դուստրը կուսությունը կորցնի 14-15 տարեկանում՝ իր դպրոցական սիրո հետ:

Արտագաղթողների համար դեռ հեշտ է, եթե ապրում են մենակ, անգամ եթե դա նշանակում է, որ սկզբի մի 6 տարին չեն կարողանալու տեսնել իրենց հարազատներին (օրինակ՝ Եվրոպայում մշտական կացության խնդիր լուծելիս): Սակայն հենց արդեն տնավորվում ես, նորանոր խնդիրներ են ծագում:

4. Ազգային անվտանգություն (առանց որևիցէ պաթոսի)

Հատկապես տղաների պարագայում, յուրաքանչյուր արտագաղթողի հետ Հայաստանը կորցնում է ոչ միայն քաղաքացու, հարկատուի կամ պոտենցյալ ծնողի, այլև պոտենցյալ զինծառայողի: Մենք պատերազմական դրության մեջ ենք ապրում, ու եթե վաղը պատերազմ սկսվի, հայտարարվելու է մոբիլիզացիա և հեչ լավ վիճակ չի լինի, որ պարզվի, որ մոբիլիզացիոն ռեսուրսի, ասենք, կեսը էլ Հայաստանում չի: Պատկերացրեք. Մոբ պլանով նախատեսված է կազմավորել 400հոգանոց հետևակային գումարտակ, որը ասենք թե պետք է պահի Քելբաջարում 3 կիլոմետրանոց հատված, բայց պարզվում է, որ արտագաղթի ու այլ օբյեկտիվ պատճառներով այդ գումարտակի միայն կեսն է հնարավոր եղել հավաքագրել... Ստացվում է, որ արդեն նրանց մարտունակությունը թուլանում է, կամ էլ պետք է լրացնել այդ թիվը այլ կիսատ գումարտակների հաշվին, իսկ այդ ժամանակ նվազում են մեր ռեզերվները... չեմ ասում՝ ռեմբոներ են գնում, բայց ժամանակակից պատերազմում թվերն ու ռեզերվները օրհասական նշանակություն ունեն:

5. Ինքնախաբեություն ու կարոտ

Անկախ նրանից, թե որքան են նեղացած իրենց երկրից, եթե արտագաղթողները խամյոկատիպ արարածներ չեն, իրենց կարոտում են իրենց հայրենիքը ու վերադառնալու փափագ են ունենում: Ասում են «դե մի օր կդզվի՝ կվերադառնամ»: Բայց իրականում հազարից մեկ է այդպես լինում, ու որքան ավելի երկար ես ապրում դրսում, այնքան ավելի դժվար է վերադառնալ, որովհետև ավելի ու ավելի ես խրվում այնտեղ և ավելի ու ավելի շատ կապող բաներ են առաջանում:

Ոմանք դա փորձում են կոմպենսացնել ֆեյսբուքյան բուռն գործունեություն ծավալելով, անկեղծորեն համարելով, որ իրենք իրոք մեծ բան են անում, բայց կներեք ինձ, սիրելի օտարաբնակ հայրենակիցներ, դեռ ոչ մի գլոբալ հարց Ֆեյսբուքի ստատուսների ու լայքերի քանակով չի լուծվել: Առավել ևս եթե խոսում ենք մեր ներքին գլոբալ հարցերի կարգավորումից, ամեն գնացողի հետ նվազում է նման փոփոխությունների հասնելու հավանականությունը: Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց գիտեմ, որ ոչ մի իշխանություն չի գնում ժողովրդանպաստ քայլերի, եթե չի վախենում ներքևների ճնշումից, իսկ որքան ավելի շատ են արտագաղթում ու հատկապես երիտասարդները, այնքան թույլ է այդ ներքևների ճնշման պոտենցյալը:

Ոչ մեկին չեմ դատապարտում արտագաղթելու համար, ոչ էլ հերոսացնում եմ ինձ, կամ չարտագաղթողներին՝ չարտագաղթելու համար, բայց սա իմ անձնական կարծիքն է: Ավելորդ շահարկումներից խուսափելու համար էլ ասեմ, որ 1 տարի ապրել եմ ԱՄՆ-ում, 2010 թվականից առ այսօր մոտ 20 անգամ եղել եմ Հայաստանից դուրս (այդ թվում՝ ԵՄ-ում ու Ռուսաստանում), միլիոնատեր չեմ, ոչ էլ միլիոնատերերի ընտանիքից եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել