Մոտ 3 ու կես տարի շարունակվող սիրիական ճգնաժամի արտաքին ազդեցության ամենամեծ հետևանքները, ինչպես տեսնում ենք առայժմ կրում է այդ երկրի արևելյան հարևանը՝ Իրաքը․ այն հայտնվել է տրոհման եզրին, երկրի տարածքի մի ստվար հատվածում Սիրիայում զգալի հաջողություններ արձանագրած «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը խալիֆայություն է ստեղծել, որը ղեկավարվում է «շարիաթի» կանոններով, ավելին՝ այն հանդես է գալիս նաև սեփական սահմաններն ընդլայնելու հավակնոտ ծրագրերով։ 
Մինչդեռ պետք է նշել, որ սիրիական հակամարտության հենց սկզբից այդ երկրի ամենախոցելի հարևանն էր Լիբանանը, որը նախ դարձել էր տարանցիկ գոտի՝ Միջերկրական ծովով դեպի Սիրիա զինյալների ներթափանցման համար, ապա հայտնվել էր նախ միջկրոնական, միջհամայնքային լարվածության մեջ, ապա նաև՝ քաղաքական խորը ճգնաժամում, որը շարունակվում է ցայժմ։ Երկրի տարբեր շրջաններում զգալի աճ գրանցած տարաբնույթ բռնարարքներից, տեղի ունեցած առանձին զինված հարձակումներից, ահաբեկչական գործողություններից, մոտ մեկ տարի շարունակ նոր կառավարության ձևավորման անհաջող փորձերից, իր աշխատանքային ժամկետները գերազանցած խորհրդարանից և նոր նախագահի ընտրության արդեն 8-րդ փորձի տապալումից բացի, Լիբանանին սպառնում է նոր աղետալի մարտահրավեր՝ խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամ՝ պայմանավորված արդեն երկրի բնակչության թվաքանակի 1/3-ը գերազանցող սիրիացի փախստականների հիմնախնդիրներով։
Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ռաշիդ Դերբասի հաղորդմամբ, իր ղեկավարած կառույցի հաշվարկներով՝ մինչև տարեվերջ սիրիացի փախստականների թիվը կհասնի 1,5 մլն, ինչը բավականաչափ ծանր բեռ է շուրջ 4,4 մլն բնակչություն ունեցող այդ երկրի համար․ տարբեր հաշվարկներով՝ 2012-2014 թթ․ պատերազմի պատճառով հայրենիքը լքած սիրիացիների ներհոսքի պատճառով Լիբանանի փխրուն տնտեսությունն արդեն իսկ կրել է 7,5 մլրդ դոլարի կորուստ։ Այսպիսի պայմաններում լիբանանցի պաշտոնյան համոզված է, որ հարևան երկրից փախստականների նման հոսքը սպառնում է կաթվածահար անել Լիբանանի տնտեսական, քաղաքական, անգամ իրավապահ համակարգերը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանն ընդունել է բոլոր սիրիացի փախստականների 38%-ին, այսինքն՝ ավելի, քան որևէ այլ երկիր։ Այս երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների կեսից ավելին երեխաներ են, որոնց մեծ մասը չի հաճախում դպրոցներ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Նինետ Կելիի հաղորդմամբ՝ միջազգային կառույցների կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցության ներկա ծավալների պայմաններում մոտ 172 հազար փախստական երեխաների չի հաջողվում տեղավորել լիբանանյան դպրոցներում։
Կազմակերպության հաշվարկներով՝ երկրում հաստատված փախստականների խնդիրները լուծելու համար ընթացիկ տարվա կտրվածքով Լիբանանին անհրաժեշտ է 1,6 մլրդ դոլար, մինչդեռ հանգանակվել է նշված գումարի միայն 23%-ը։
1960-1970-ականներին մոտավորապես նմանատիպ իրավիճակում էր հայտնվել Հորդանանը՝ պարբերաբար շարունակվող արաբ-իսրայելական պատերազմների հետևանքով թագավորության տարածքում հաստատված 100 հազարավոր պաղեստինցի փախստականների պատճառով․ այդ շրջանում, Հաշիմյան թագավորությանը մեծ դժվարությամբ, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել ներքին զինված հակամարտությունից, ինչին, սակայն, դիմակայել չհաջողվեց նույն Լիբանանին՝ արդեն 1970-ականների կեսերին․ շուրջ 15 տարի տևած քաղաքացիական պատերազմում պակաս դերակատարություն չունեցան ցայժմ պետականություն չունեցող պաղեստինցիները։ Թեպետ ներկայում դրությունը որակապես այլ է, հիմնական դերակատարներն էլ տարբեր են, բայց իրավիճակը նույնքան պայթունավտանգ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել