Վերջին 3-4 տասնամյակներում ԱՄՆ-ում բավականին շատ հետազոտություններ են տարվել՝ պարզելու, թե արդյո՞ք ինտելեկտը ժառանգվում է, թե ձեռք է բերվում կյանքի ընթացքում: Սա պայմանավորված է գենետիկայի բուռն զարգացումով և, որքան էլ տարօրինակ հնչի, հատկապես լատինոամերիկյան և արևելյան Ասիայի երկրներից փախստականների թվի աճով: Ժամանողները իրենց հետ ԱՄՆ են բերում իրենց ազգային ավանդույթներն ու կարգերը և ինքնատիպորեն են ընկալում տեղական սովորույթները:

Բնականաբար, գիտնականներին հետաքրքրում է, թե որքանով են արդյունավետ այն ճանաչողական մեթոդները, որոնք կիրառվում են երկրի նոր քաղաքացիների կողմից, ի՞նչ տեղ են զբաղեցնում նոր աշխարհում դասական արևմտյան կոգնիտիվ կարգավորումները և որքանով են դրանք ակտուալ մեր իրականության պայմաններում, ինչպես նաև սկզբնական պայմանների՝ այն է` ինտելեկտի բնածին մակարդակի ազդեցությունն այս ամենի վրա: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետազոտություն՝ այս թեմաների շուրջ:

Շարժուն և բյուրեղացած ինտելեկտ

Ինտելեկտ ասելով սովորաբար հասկանում ենք մտավոր ունակությունները՝ գիտելիքների առկայությունն ու դրանց կիրառության հմտությունը: Սա ենթադրում է վերացական մտածողության առկայություն, նոր տեղեկատվություն ընկալելու և այն վերլուծելու հնարավորություն: Ինտելեկտի նման բնորոշումը հատկանշական է հատկապես արևմտյան մշակույթում, իսկ այ, օրինակ, Աֆրիկայի կամ Արևելյան Ասիայի որոշ տարածաշրջաններում նման ձևակերպումը կվիճարկեին, որովհետև հատկապես ասիական երկրներում ավելի գնահատվում է ոչ թե վերացական գիտելիքը որպես այդպիսին, այլ առավելապես պրագմատիզմը ու իմաստությունը:

Ինտելեկտի մակարդակի չափման ստանդարտ, բայց վիճելի տարբերակը IQ թեստերն են, որոնցով պարզում են թեստավորվողի ինտելեկտի մակարդակը:

Հոգեբանության արևմտյան դպրոցը առանձնացնում է ինտելեկտի երկու հիմնական տեսակ՝ կախված դրա դրսևորման դինամիկայից՝ շարուն և բյուրեղացած: Առաջին կատեգորիայի մեջ են մտնում գիտելիքների ու հմտությունների համամասնությունը, որոնք օգնում են ինտելեկտի ֆունկցիաների (ուշադրություն, արգելակում, ռեակցիայի արագություն և այլն) իրացմանը: Բյուրեղացված ինտելեկտն արդեն կապված է գիտելիքների փաստացի մակարդակի հետ: Ըստ գիտնականների՝ շարժուն ինտելեկտը շարունակում է զարգանալ մինչև 15 տարեկան, 20 տարեկանում ինտելեկտի այդ երկու տեսակները իրար համընկնում են, իսկ 20-ից հետո զարգանում է միայն բյուրեղացված ինտելեկտը, որը սակայն սկսում է նվազել 55-ից հետո:

Շարժական ինտելեկտի մակարդակի որոշման համար ամենից հաճախ կիրառում են Ռավենի զարգացող մատրիցաների թեստը, որի ժամանակ թեստավորողին երկրաչափական մարմինների երեք կոմբինացիաների փոփոխվող նկարներ, որոնց նայելով պետք է հասկանան, թե երկրաչափական ինչ ֆիգուր պետք է լինի 4-րդ նկարում: Ինչ վերաբերում է բյուրեղացած ինտելեկտին, ապա քանի որ այն ենթադրում է կոնկրետ գիտելիքների առկայություն, այդ թվում՝ նաև սոցիոմշակութային, ուստի այն չափում են ընդհանուր IQ թեստով:

Տեսակետներ

Գիտնականների մեծ մասը ձեզ կասի, որ լավ ժառանգականությունը ու լավ կենսամակարդակը (լավ դաստիարակություն, կրթություն ու առողջություն) ինտելեկտի մաքսիմալ բարձր մակարդակ ունենալու գրավականն են, սակայն բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս են բաշխված կենսածին ու ձեռքբերովի ինտելեկտի դերակատարությունները: Սա պարզելու համար ամերիկացի հոգեբանները արդեն մոտ 40 տարի է՝ ուսումնասիրում են ամերիկացիների խմբեր, ովքեր մշակութային, էթնիկ և սոցիալական տարբեր խմբերի են պատկանում: Նրանց հետազոտությունը ներառում է 4 հիմնական խումբ՝ սպիտակամորթ ամերիկացիներ, աֆրոամերիկացիներ, իսպանալեզու ամերիացիներ ու Արևելյան Ասիայից սերող ամերիկացիներ (առավելապես չինացիներ):

Հոգեբանները սկսել էին ուսումնասիրել այս խմբերի երեխաներին ու երկայնական կտրվածքով դիտարկել էին նրանց հասունացումը: Ընթացքում նրանք պարբերաբար չափել էին գիտափորձին մասնակցող այդ մարդկանց IQ-ի մակարդակները: Արդյունքում պարզվել էր, որ նրանց IQ-ն համադրելի է կենսամակարդակի, եկամտների և ընտանիքներին բնորոշող այլ չափորոշիչների հետ, ինչպես նաև բիոլոգիական ծնողների IQ-ի մակարդակի հետ: Հոգեբանները ուսումնասիրել էին ինտելեկտի մակարդակի փոփոխման դինամիկան ու միջավայրի ազդեցությունն այդ ամենի վրա:

Բանն այն է, որ հոգեբանների մի ճամբարը ավելի կարևոր դերակատարություն է տալիս ինտելեկտի ժառանգականության թեզին, և այս դիրքորոշման կողմնակիցները ընդհուպ մինչև 85 տոկոս տեղ են տալիս ժառանգականության էլեմենտին՝ մարդու ընդհանուր ինտելեկտի ձևավորման հարցում, և միայն 15 տոկոսն է, որ ըստ նրանց, ձեռք է բերվում միջավայրի ազդեցության ներքո: Սակայն ոչ բոլոր հոգեբաններն են կիսում այս տեսակետը: Մի բանում, սակայն, գիտնականները համակարծիք են. միջավայրի ազդեցությունը հատկապես կարևոր է վաղ տարիքում, և ժամանակի ընթացքում այն կայուն նվազում է:

Աֆրոամերիկացիներ ու լատինոամերիկացիներ

Ըստ վիճակագրության՝ աֆրոամերիկացի ու լատինոամերիկացի բնակչության կենսամակարդակը զիջում է սպիտակ բնակչության կենսամակարդակին: Այդ անհավասարությունը նկատելի է նաև ինտելեկտի մակարդակի առումով, բայց արդյո՞ք սա չի նշանակում, որ գենետիկ ինտելեկտի վերոնշյալ թեզը հակասականություն ունի:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սևամորթ ամերիկացիների միջին IQ-ն հիմա այն մակարդակում է, որտեղ սպիտակամորթ ամերիկացիների IQ-ն էր՝ 1960-ականներին: Ինտելեկտի մակարդակի նման շեշտակի բարձրացումը դժվար է բացատրել գենետիկ փոփոխությունների հետ: Ավելի հավանական էր, որ միջավայրի ազդեցությունն է ավելի շատացել, ինչպես նաև այն, որ սևամորթ մարդիկ ավելի շատ են ներգրավված երկրի հասարակական կյանքին, քան ապպարտեիդի ու ստրկատիրության տարիներին:

Մինչդեռ այս տեսակետը ունի նաև քննադատներ, ովքեր համարում են, որ տարիների ընթացքում բարձրացել է ոչ միայն սևամորթ ամերիկացիների IQ-ի միջին մակարդակը, այլև նաև սպիտակամորթներինը: Սա նախ վկայում է նրա մասին, որ փոփոխվել են ինտելեկտի գործակցի որոշման մեթոդները, երկրորդն էլ նրա մասին՝ գունավոր բնակչության մոտ պահպանվել են դրական գենետիկ փոփոխությունները, որոնք էլ բերել են IQ-ի միջին մակարդակի բարձրացման: Բացի դրանից, որոշ գիտնականներ զգուշավոր արտահայտում են տեսակետ, համաձայն որի՝ սևամորթների մոտ կա բնածին անվստահություն՝ սեփական մտավոր ունակությունների հանդեպ:

Չինացիներ ու հրեաներ

Չինաստանից սերող քաղաքացիների պարագայում ԱՄՆ-ում ճիշտ հակառակ պատկերն է: Չին երեխաները ինտելեկտի ավելի բարձր կայուն մակարդակ են ցուցաբերում, քան սպիտակ երեխաները: Օրինակ՝ հռչակավոր Բերքլիի համալսարանի ուսանողների 45 տոկոսը ասիացիներ ու ասիական արմատներով ամերիկացիներ են: Մինչդեռ 1960-ականներին ասիացիների միջին IQ-Ն ավելի ցածր էր, քան սպիտակներինը: Տարբերությունը հատկապես նկատելի է մաթեմատիկայի ու բնական գիտությունների գնահատականներում:

Կա հետաքրքիր մի դիտարկում. ամերիկյան դպրոցների լավագույն ցուցանիշները հաճախ համընկնում են ճապոնական դպրոցների միջին ցուցանիշների հետ, սակայն այս հարցում ևս գիտնականները պայմանավորում են տարբերությունը ոչ այնքան գենետիկական պատճառների, որքան միջավայրի ազդեցության հետ՝ ավելի շատ դասաժամեր, ավելի լավ կրթական համակարգ և այլն:

Փոխարենը, շատ գիտնականներ սա կապում են ասիական փիլիսոփայության հետ, համաձայն որի՝ ինտելեկտը ձևավորվում է տքնաջան աշխատանքի միջոցով և այս տեսակետը համընկնում է միջավայրածին ինտելեկտի դոմինանտության կողմնակից գիտնականների հետ:

Նման իրավիճակ է նաև ԱՄՆ-ի հրեական բնակչության պարագայում: Հրեա-աշքենազները կազմում եմ ամերիկացի նոբելյան մրցանակակիրների և էլիտար համալսարանների ուսանողների 30 տոկոսը: Եվ սա չնայած նրան, որ նրանք ընդհանուր բնակչության 2 տոկոսն են կազմում: Իսկ այ հրեա-սեֆարդների պարագայում ցուցանիշներն անհամեմատ ավելի համեստ են:

Ինտելեկտի մակարդակում ժառանգականության դոմինանտության կողմնակիցները հրեաների այս ռեկորդային ցուցանիշները կապում են հենց իրենց թեզի հետ և պայմանավորում ժառանգական գործոնների հետ, սակայն նրանց ընդդիմախոսները կրկին չեն կիսում նրանց դիրքորոշումը: Ըստ նրանց, հրեաներին այս հարցում օգնում է բարձր մշակութային կազմակերպվածությունը և ավանդապաշտությունը, որոնք բերում են ինտելեկտի զարգացման ավելի նպաստավոր միջավայրի:

Ինչպես տեսնում եք, ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները դեռ հակասական ու իրարամերժ բնույթի են ու վաղ է դեռ խոսել վերջնական արդյունքների մասին: Հիմնական տարաձայնություններն առաջանում են անցկացվող հետազոտությունների ներկայացուցչականության մասով, որը թույլ է տալիս միևնույն հետազոտության միևնույն արդյունքները մեկնաբանել այս կամ այն կերպ: Իսկ հարցի պատասխանը, թե ի՞նչը ավելի որոշիչ ազդեցություն ունի մարդու ինտելեկտի մակարդակի վրա՝ ժառանգականությո՞ւնը, թե միջավայրը, մնում է բաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել