Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը հետևած արձագանքները մի տեսակ բացասական նստվածք են թողնում անձամբ ինձ մոտ: Ի՞նչ խոսք, ես շատ հարգում եմ Հայրապետյանին ու համարում եմ նրան օրինակելի մոդել՝ հայազգի մեծահարուստների համար: Ինձ կհասկանա ցանկացած ոք, ով գեթ մեկ անգամ եղել է Արցախում ու հատկապես Հայրապետյանի հայրենի Վանք գյուղում: Մարդը միլիոնավոր դոլարներ է ներդնում Արցախում, թեև զուտ բիզնես տեսանկյունից դա կարող է համարվել ռիսկային ու անգամ չարդարացված ներդրում, բայց ակնհայտ է, որ Հայրապետյանը նման գումարներ ծախսելով Արցախում, ոչ այնքան նյութական շահ է հետապնդում, այլ իր արյան կանչին է ընդառաջ գնում: Իսկ մեր շատուշատ օլիգարխներ, ովքեր ի տարբերություն Հայրապետյանի, իրենց հարստությունը դիզում են մեր հաշվին, փոխանակ այդ փողերը ներդնեն մեր տնտեսության մեջ, ավռալային ռեժիմով կապիտալը դուրս են բերում Հայաստանից ու ներդրումներ անում Ռումինիայում, Բուլղարիայում, Բալկանյան երկրներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր...

Սակայն, կա մի հատ մեծ ԲԱՅՑ. այն անհերքելի փաստը, որ Լևոն Հայրապետյանը շատ բան է արել Արցախի ու Հայաստանի համար, դեռ չի դասում նրան սրբերի շարքը: Ասել է թե, կա հավանականություն, որ նրան անտեղի տեղը չեն ձերբակալել, իսկ եթե հաշվի առնենք, թե ինչ լուրջ մեղադրանքի հետ գործ ունենք (կազմակերպված հանցավոր խմբավորման հետ համագործակցություն), ապա ավելորդ էմոցիոնալությունը ընդհանրապես պետք է բացառվի: Չի կարելի բացառել, որ այս ամենում կան քաղաքական մոտիվներ, բայց չի կարելի բացառել նաև այն, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Հայրապետյանը բացի հայ մեծահարուստ ու մեցենատ լինելուց, նաև լուրջ գործարար է ու ԱՄՆ քաղաքացի, և դեռ հարց է, թե իր գործունեության որ հատվածներում ինչեր է արել: Այնպես որ, հույս ունեմ, որ նա անմեղ է, ու այս ամենը բարեհաջող ավարտ կունենա, բայց միևնույն ժամանակ, պետք է համբերել ու հասկանալ, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել