Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ Ilur.am–ին տված հարցազրույցին։

-Տիկի՛ն Նաղդալյան, Ձեր վերաբերմունքը Լևոն Տեր-Պետրոսյանի «հրատապ» հարցազրույցին։

- Կարծում եմ՝ միայն քաղաքական դեմքը բացառապես և վերջնականապես կորցնելու և քաղաքական լուսանցքում հայտնվելու ծանրակշիռ իրողությունը կարող էր դրդել՝ հանդես գալու այսպիսի «հրատապություն» ներկայացնող հարցազրույցով և այն օգտագործել պատմական մոռացությունից հանելու և հիշեցնելու երբեմնի նախագահության և չկայացած հանդիպումների մասին: Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք՝ ամառվա այս տապին «հրատապ հարցազրույց»:

Առաջինը, ինչի շուրջ կուզեի խոսել՝ հարցադրումների ուղղվածությունն է, որոնց հետ կարելի է և՛ չհամաձայնել, և՛ զարմանք հայտնել: Բայց առավել տարակուսելի է այս հարցազրույցի ալիևյան հռետորաբանությունը, հատկապես Մինսկի խմբի աշխատանքներին առնչվող գնահատականով: Մինսկի խմբի առաջարկներից այսօր «բարձրաձայն բողոքավորը» Ալիևն է, որն անթաքույց կերպով զբաղված է այդ ձևաչափի անխնա քննադատությամբ, անգամ Եվրոպայի խորհրդում իր ելույթի ուղիղ կեսը օգտագործեց դրա համար, նաև Կազանի և այլ գործընթացներում փորձեց տորպեդահարել ձևաչափը:

Պարզ է՝ այստեղ ոչ ադրբեջանանպաստ լուծումներ են առաջարկվում, և դրանցից դժգոհ են ազերիները, բայց որ դրանցից դժգոհ է Հայաստանի առաջին նախագահը, զարմանք է հարուցում: Ուզում եմ մեր ընթերցողին, մեր հանրությանը հիշեցնել, որ ընդամենը վերջին 4-5 տարիների ընթացքում եռանախագահների մի քանի համատեղ հայտարարություններում ամրագրվել են կարևորագույն դրույթներ, որոնք իրենց իսկ պնդմամբ, պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անտեղի են և չեն կարող ընդունելի լինել: Իսկ 2013 թ-ի հունիսին Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունը կարելի է որակել որպես վերջին 5-6 տարիների ընթացքում հայկական արտաքին քաղաքականության էական ձեռքբերում, ոչ թե դժգոհել Մինսկի խմբից կամ նրա անգործությունից:

Ինչ վերաբերում է եվրասիական միության շրջանակներում Ղարաբաղի հարցի անսպասելի արծարծմանը, ապա չեմ կարծում, որ ռեալ քաղաքականությամբ զբաղվող որևէ մեկի համար սա անսպասելի էր, և այս պահին նման կերպ որակելը, պարզապես հանրային ուշադրության մանիպուլյացիայի անազնիվ փորձ է: Իրականում շատ ավելի ազնիվ կլիներ խոստովանելով, որ չի տիրապետում տեղեկատվությանը, պարզապես լռել և ոչ թե հանդես գալ ազերիներին վայել հռետորաբանությամբ:

-Տիկի՛ն Նաղդալյան, առաջին նախագահն իր հարցազրույցում մեղադրանք հնչեցրեց նաև սահմանամերձ շրջաններում ադրբեջանական ոտնձգություններին հայաստանյան կողմի անհամարժեք հակադարձման առիթով: Հիմնավորվա՞ծ են արդյոք նման մեղադրանքները.

- Փա՛ռք ու պատիվ մեր բանակին և հայրենիքին ծառայող մեր երիտասարդ զինվորներին ու սպաներին, ովքեր բարձր մարտական ոգով և պատրաստվածությամբ՝ և՛ պաշտպանում են մեր սահմանը, և՛համարժեք, դեռ մի բան էլ ավելի պատասխանում հակառակորդին, որի մասին վստահ եմ՝ քաջատեղյակ է հայտարարության հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել