Թուրքիան նախաձեռնել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը՝ Թուրքական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ վարած բանակցության ավարտից հետո: Ուլյուկաևի ասելով՝ թուրք նախարարը հանդես է եկել Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցելու նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«Մենք քննարկեցինք Մաքսային միության և Թուրքիայի հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ: Պայմանավորվեցինք համապատասխան աշխատանքային խումբ ստեղծել և սեպտեմբերին սկսել այդ հնարավորության և հեռանկարի ավելի մանրամասն քննարկումը», - ասել է Ուլյուկաևը՝ G20-ի երկրների առևտրի նախարարների Սիդնեյի հանդիպման շրջանակում: Ներկայում Թուրքիան ունի Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիր:
Այսօր խնդրին անդրադարձել է Ռեգնումը՝ հրապարակելով Անուշ Լևոնյանի «Թուրքիայի մերձեցումը Մաքսային միությանը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը» հոդվածը: Ինչպես հայտնի է, ռուս-թուրքական մերձեցմանը նպաստող ցանկացած քայլ Երևանում երկյուղ է ծնում, որ այն կարող է իրականանալ հայկական շահերի հաշվին: Ադրբեջանի վիճակն այլ է: Մասնավորապես, Բաքվի haggin.az կայքը ենթադրում է, որ նշված բանակցության արդյունքում կարող է ոչ ավել, ոչ պակաս փոխվել Անդրկովկասի տարածաշրջանի երկրաքաղաքական իրավիճակը: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն արդեն մինչև ընթացիկ տարեվերջ պետք է դառնա ինչպես ՄՄ անդամ, այնպես էլ մտնի ԵՏՄ, եզրակացություն է արվում, որ այդ նոր իրավիճակում անխուսափելիորեն պետք է բացվի հայ-թուրքական սահմանը: Բայց, քանի որ Բաքուն միանշանակ դեմ է դրան, ապա կայքը միանգամայն հապշտապ եզրակացություն է անում. «Որպեսզի Թուրքիան կարողանա ՄՄ մտնել, հայկական զորքը պետք է դուրս բերվի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղից և հարակից բռնագաղթած 7 շրջանից»: Ավելին, Բաքվի կարծիքով և Անկարան, և Մոսկվան արդեն ամեն ինչ պայմանավորվել են: «Թուրքական գամբիտի հաջող ավարտից հետո բացառված չէ, որ Ադրբեջանը նույնպես մտնի իր մերձավորագույն դաշնակից Թուրքիայով զորացած Մաքսային միություն: Եվ միակ զոհաբերությունը, որը հարկ կլինի մատուցել խաղի հաջող զարգացման համար, կդառնա Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի բացումը: Դրա փոխարեն Անկարայի և Բաքվի դաշինքն իր գործը կանի նաև Մաքսային միությունում, և նրանք այնտեղ կկարողանան առաջատար դերերից մեկը խաղալ»: Հոդվածի հեղինակը, վերլուծելով ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման արդի վիճակը, հանգում է այն եզրակացության, որ միջնորդները ձգտում են հակամարտող կողմերին մղել կարգավորման փուլային տարբերակի ընդունմանը: Դրա քայլերից մեկը պետք է դառնա հենց հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը և տարածաշրջանում ընդհանուր շուկայի աստիճանական վերականգնումը: Սա գուցեև ներկայիս միակ հարցն է, որտեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտեցումները առավելապես համընկնում են: Հոդվածագիրը ենթադրում է, որ Մոսկվայի և Անկարայի երկկողմանի մերձեցման ձգտումը ՄՄ հարթակում չպետք է Ադրբեջանում հեռուն գնացող հույսեր ծնի: Ռուսաստանը կուզենար Բաքվին ՄՄ մղել իր սեփական, այլ ոչ թե ադրբեջանական պայմաններով: Ընդ որում, ռուսական կողմի հաղթաթուղթը կարող էր դառնալ հայ-թուրքական սահմանի գործոնը, որը չպետք է կապված լինի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, քանի որ դա անխուսափելիորեն կտապալեր անդրկովկասյան տարածաշրջանային առևտրատնտեսական օրգանիզմի վերածնման Մոսկվայի բոլոր ծրագրերը, օրգանիզմ, որը պետք է գործի ռուսական գերակայության ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել