Վերջերս մեքենայիս աջ հայելին էր կոտրվել, իսկ թե ինչքան կարևոր է այն մեքենա վարելիս, վարորդները գիտեն, մի խոսքով՝ սկսեցի պահեստամասերի խանութներում հարցուփորձ անել ու միանգամից բախվեցի մեր դառը իրականությանը՝ բարձր գներ: Այսօր ընկերս գնում էր Վրաստան և դարձյալ մեքենայի գործերով, և խնդրեցի հայելի բերել հետը, ու այն արդեն Հայաստանում է, արժեքն ընդամենը 6500 դրամ է, իսկ Հայաստանում այն տատանվում էր 20.000-ից 25.000-ի սահմաններում: Այսինքն՝ Հայաստանում հարկային ու մաքսային վարչարարությունն այնպես է կառուցված, որ ներկրողները ստիպված են թանկ վերավաճառել, իսկ Թիֆլիսն էլ շատ մոտ է, ու մարդիկ գնում են Վրաստան: Ստացվում է, որ տուժում է համ սպառողը, համ էլ ներկրողը, քանզի ընկնում են շրջանառության ծավալները: Իսկ հիմա հարց ՀՀ կառավարությանը՝ մի՞թե դժվար է հասկանալ, որ Վրաստանի կառավարության վարած խելացի քաղաքականությունը ստիպում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վարորդները գնան ու հարստացնեն Վրաստանին, մի՞թե դժվար է հասկանալ, որ տնտեսությունը վերականգնելու համար պետք է գոնե մեր ռեսուրսն օգտագործել, իսկ ռեսուրսն այս պարագայում ավտոմեքենաների սեփականատերերն են, ՇԱՏ ՊԱՐԶ է, որ եթե կա շատ մեքենա, կա նաև բենզինի, գազի, ավտոպահեստամասերի սպառում, ՃՈ-ի շատ ակտեր և այլն: Բայց մենք թույլ ենք տալիս, որ հայ վարորդներին ավելի ձեռնտու լինի գնալ ու Վրաստան հասնելը, քան մեր երկրում սեփական տնտեսության աճին նպաստել: Բանաձևը շատ պարզ է՝ իջեցվում է մեքենաների մաքսատուրքը, կամ եթե չի արվում դա, ապա ծանր սոցիալական վիճակում գտնվող Շիրակի մարզի Ամասիայի շրջանի դատարկվող գյուղերից մեկի տարածքում ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ստեղծել և թույլ տալ, որ այնտեղ կենտրոնանան ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող մարդիկ. համ երկրի մի հատվածում մարդավարի ապրելու հնարավորություն կստեղծվի, համ հայ վարորդները էժան պահեստամասեր կգնեն, համ էլ Հայաստանում փողի շրջանառություն կավելանա: Կարծում եմ՝ այստեղ բարդ բան չկա, այլ կա հայրենասիրության պակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել