Մինչ Թբիլիսիում վրացի՝ ազգը փչացնող, վրացու տեսակը վտանգող որոշ ազգայնականներ անամոթաբար հարձակվում են Թբիլիսիի Սբ. Էջմիածնի՝ հոգևորականների ու հայ հավատացյալների վրա, իսկ ահա, չնայած այս, ճիշտ է, չէի ցանկանա անվանակոչել հայատյացության մթնոլորտում, բայց այս արարքը այլ կերպ պարզապես անհնար չէ բնորոշել, Վրաստանի պետական սահմաններում գտնվող Ջավախքը, միևնույնն է, շարունակում է իր հուլիսյան տոնախմբությունները, տոնելով՝ Հայ ազգի աշուղ Ջիվանու օրեր (գ. Կարծախ), Հայ ազգի նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի օրեր (գ. Գանձա), այդ թվում՝ նաև Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը (առավել հանդիսավորությամբ՝ գ. Ազավրեթ):
Իհարկե, հուլիսի 19-ի կատարվածը անբացատրելի, անընդունելի, մարդկությանը անհարիր վարքի դրսևորում է: Անշուշտ, սա պետք է դատապարտել ոչ միայն հայերիս, այլ նաև ցանկացած բարոյական ազգի կողմից: Կարծում եմ՝ ներկայիս գործող իշխանությունները՝ գոնե իրենց ազգի պատկերը չվտանգելու համար իրենց համապատասխան քայլերը չեն ուշացնի և այդ ամբողջովին վտանգված ամբոխախմբին կտան իրենց արարքին արժանի լուծումը: Իսկապես, շատ ցավալի է նման դեպքերի շարունակական զարգացումները հարևան, քրիստոնյա, բարեպաշտ, բարեկամ երկրում: Այստեղ վտանգվածը և ցավալին այն է, որ բազմիցս ենք տեսել որոշ վրացի ազգայնական «խմբավորումների» կողմից կատարված հակահայկական գործողություններ, որոնք հիմնականում իրենց դրսևորումն են գտել հայկական եկեղեցիների վրա հարձակումերով, ավելին՝ եկեղեցու սպասավոր անձնակազմին հայհոյելով, ընդհուպ մինչև ծեծկռտուքներ: Չէի ուզենա ասել, որ Վրաստանի կաթողիկոսը՝ արդեն բավականին տարեց Իլիա Երկրորդը ունեցել է և ունի խիստ հակահայկական կեցվածք, երևի թե կոռեկտ չեմ լինի, սակայն փաստը մնում է փաստ, որ երբեք էլ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակումները խստագույնս չեն դատապարտվել նույն պատռիարքի՝ Իլիա երկրորդի կողմից, իսկ Վրաստանում, վերջինիս այսպես ասած «հեղինակությունը» մի փոքր ավելի ընդլայնված է, քան պարզապես կունենար հոգևոր աշխարհի առաջնորդը: Իսկ տվյալ ազգի հանդեպ ամենաազդեցիկ անհարգալից վերաբերմունքը, կարծում եմ, հարված հասցնելն է հոգևոր, պատմամշակութային արժեքներին: Այստեղ, կարծում եմ, միգուցե աննշան, բայց և իր ազդեցությունը ունի ադրբեջանական լոբբիզմը, ինչը շատ ցավալի կլինի վրացի ժողովրդի համար, որ կարող են ենթարկվել նման ազդեցությունների:
Այո, սա կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն է, և պետք է, որ անընդունելի լինի նաև միջազգային հանրության կողմից, քանի որ ընդամենը օրեր առաջ Վրաստանի պառլամենտը վավերացրեց հունիսի 27-ին վարչապետի կողմից ստորագրված մի շարք եվրոպական փաստաթղթեր: Իսկ, կարծում եմ, նույն Եվրոպան նման պատկերով Վրաստան չէ, որ ուզում է տեսնել իր շարքերում: 
Հ.Գ Իհարկե, այնուամենայնիվ, բարձր գնահատելով Վրաստանի ներքին կայունությունը, Վրաստանի իշխանությունները, իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել