Ամառային Երևանի եռացող կենցաղ: 

Կինո Մոսկվայի բակ: Ոսկե ծիրան, ֆիլմեր, իրարանցում, միջինից ցածր որակի նվագախումբ՝ նույն որակի նվագացանկով, շախմատի մեծ ֆիգուրներ, դրանք էս կողմ - էն կողմ քարշ տվող երեխաներ ու դրանց վրա "սիրուն" դիրքերով նկարվող աղջիկներ: Լեփ-լեցուն սրճարաններ, մեքենաների աղմուկ, տուրիստներ...

Էդ ամենի կողքին խլացած կոչ՝ օգնել Այգեպարին: Դրամահավաք, թերթիկներ անցորդներին, ուղեկցվող՝ կարող եք գումար նվիրաբերել հիմա էլ, գանձանակը փոքր ու թափանցիկ: 

Ու կաթում են երևանցիների օգնության կաթիլները Այգեպարի խնդիրների, դժվարությունների ծովում: Պատ պիտի շարել դպրոցի ու մանկապարտեզի շուրջ՝ 30 սմ հաստությամբ և 3 մետր բարձրությամբ: Էդ հաստությունը բավարար է, որ ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանի երեխաներին...

Կկարողանա՞նք ամբողջ քաղաքով, մեր ավելցուկից, շարել էդ պատը... 

Երբ երեկոները հասնում ենք տուն՝ մեր խաղաղ անկյունը, ապահով քնացնում երեխաներին, ապահով լուսացնում առավոտը, մենք վստահ ենք, որ մեզնից հեռու են կրակոցները, բայց իրականում Երևանի աղմկոտ կաղապարը մեզ թույլ չի տալիս լսել դրանց ձայնը գիշերվա կեսին: Կաղապարից դուրս՝ սահմանը մոտ է, կրակոցները լսելի: 

Էդ պատը պիտի շարենք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել