Ըստ լրատվամիջոցների, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հրապարակել է վիճակագրական հաշվետվություն նավթագազային արտահանման դինամիկայի, ներկրման, արդյունահանման, պահուստների և այլ ցուցանիշների մասին:
Կազմակերպության տվյալներով՝ 2013թ., անցած տարվա համեմատ, գրանցվել է նավթարդյունահանման ծավալների 0.1% աճ: Նավթի համաշխարհային պահանջարկը աճել է 1.2%-ով: Ընդ որում, OPEC-ի երկրներում նավթի արդյունահանումը նվազել է 2.5%-ով: Համաշխարհային նավթարդյունաբերությունում OPEC-ի բաժինը 44.6%-ից հասել է 43.4%-ի: 
Ցուցանիշների անկումը, անշուշտ, պայմանավորված է նավթ արտահանող առաջատար երկրներից Լիբիայում, Իրաքում և Իրանում առկա խնդիրներով, որոնց հետևանքով նավթի արդյունահանումը այդ երկրներից շարունակում է մնալ խնդրահարույց: 
Լիբիայի և Իրաքի դեպքում դա պայմանավորված է տարիներ շարունակ ընթացող և ավարտման միտում չխոստացող ռազմական գործողություններով, մինչդեռ Իրանի պարագայում առկա խնդիրների պատճառն են Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները:
Այս ամենի արդյունքում ՕՊԵԿ անդամ երկրների մասնաբաժինը նավթի համաշխարհային շուկայում, ըստ ամենայնի, կշարունակի նվազել: 
Բնական է, որ ՕՊԵԿ ներսում առաջացած խնդիրներից կշահեն նավթ արտահանող այն երկրները, ովքեր ՕՊԵԿ անդամ չեն՝ Ռուսաստանը, Մեքսիկան և Նորվեգիան: Չի կարելի բացառել նաև նավթի միջազգային գների որոշակի աճ:
Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ թեև ՕՊԵԿ շարքերում միավորված են 12 անդամ պետություններ, սակայն կազմակերպությունը հաճախ կանգնում է ներքին տարաձայնությունների առկայության խնդրի առջև, քանզի անդամ երկրների շահերը փոխհակասող են: 
Այս տեսակետից հավանական է, որ ՕՊԵԿ-ի դիրքերի զիջումից կշահի, այյսպես կոչված, «յոթ քույրերի», յոթ միջազգային նավթային ընկերությունների միավորումը (կարտելը), որը, հանդիսանալով ՕՊԵԿ-ի հիմնական մրցակից, միևնույն ժամանակ համագործակցում ՕՊԵԿ որոշ անդամների և հատկապես Սաուդյան Արաբիայի հետ:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ այս պարագայում ևս կարող են համընկնել շատ ու շատ այլ հարցերում հակասություններ ունեցող սուբյեկտների շահերը:
Իսկ առաջացած հարցերի պատասխանները կտրվեն մոտ օրերս՝ Լոնդոնի բորսայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել