Հուլիսի 18-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում կատարեց պատմական էքսկուրս և խոսեց 2008թ. նախագահական ընտրություններից առաջ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կայացած հանդիպման մասին, ուր, ըստ Բաղդասարյանի, Տեր-Պետրոսյանը վերջնագրային ձևաչափով հայտարարեց, թե «Արթո´ւր, դու ընտրություն չունես: Կամ պետք է միանաս ինձ, կամ ես քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»:
Բաղդասարյանի պնդմամբ, ինքը որպես այլընտրանք առաջարկեց «հանդիպումներ անցկացնել ավելի լայն կազմով, մշակել միասնական կուռ ռազմավարություն, քննարկել ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական համագործակցությունը, փոխադարձ սատարման հնարավորությունները» և այլն, սակայն Տեր-Պետրոսյանն անդրդվելի էր՝ «Երեք օր մտածիր, կասես: Ես իմն ասացի»:
Նրանք, ովքեր հիշողությունը չեն կորցրել և հիշում են 2008թ. հունվար-փետրվարին Ազատության հրապարակի հարթակից հնչող արտահայտությունները «դավաճանների», «ծախվածների», «տականքների» վերաբերյալ, հավանաբար Բաղդասարյանի խոսքերը կհամարեն արժանահավատ և, կարծում եմ, իրավացի կլինեն: 
Սակայն խնդիրն ավելի խորն է: Այլ կերպ ասած՝ ո՞ր դեպքում են առհասարակ դիմում նմանատիպ գործելաոճի: Միայն մեկ՝ երբ իրականում խնդիր չեն դնում առաջ քաշելու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման կառուցողական ծրագրեր, երբ իշխանության գալը դիտում են ոչ թե որպես միջոց, այլ նպատակ, երբ խնդիր են դնում ընդամենը մեկանգամյա գործընթացի համար համախմբել բողոքավոր և դժգոհ լյումպեն ընտրազանգվածին և երբ հակված չեն որևիցե մեկի հետ քննարկելու որևէ հարց: 
Ցավոք, այդ ժամանակ դա իրապես այդպես էր: Ծրագրային պայքարը փոխարինվեց էր կոմպրոմատների պայքարով, ու կարծես թե այդ փոսից մենք առայժմ դեռ դուրս չենք եկել:
Նմանատիպ ապակառուցողական գործելաոճն է, որ կարող է հանգեցնել անցանկալի, իսկ երբեմն և ողբերգական հետևանքների:
Ու մեր քաղաքացիները չպետք է մոռանան, որ կարևորը հաճախ ոչ այնքան այս կամ այն խնդրի իրական վիճակն է, որքան այն, թե այն ինչպես և ինչ սոուսով է այն հանրությանը մատուցվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել