Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ հռչակվեց շուկայական տնտեսությամբ կառավարվող երկիր, անկախացումից հետո միայն: Սեփականության պետական ձևից անցումը սեփականության բազմաբնույթ (մասնավոր) ձևին մեծ փոփոխություն էր մինչ այդ Խորհրդային Հայաստանի վարչահրամայական (պլանային) տնտեսության համար: Թվում էր, թե տնտեսական մոդելի փոփոխությունը պետք է զարգացում ապահովեր Հայաստանի տնտեսությանը, բայց, ինչքան էլ որ ցավալի է, Հայաստանը, քաղեց երբևէ ստեղծված ամենալավ տնտեսական համակարգի միայն թերությունները: Այդ են վկայում ՀՀ-ում տնտեսական հիմնախնդիրները, որոնք գնալով ավելանում են: Թերևս ՀՀ-ում ամենամեծ հիմնախնդիրը գործազրկության բարձր մակարդակն է, որը 2013 թվականին կազմել է շուրջ 18.64%: Այս թիվը իրենից ներկայացնում է միայն գրանցված գործազուրկների քանակը, հետևաբար այն իրականում ավելի մեծ է: Գործազրկությունը ունի տնտեսական և սոցիալական հետևանքներ: Եթե գործազրկությունը երկրում մեծանում է 1%-ով, ապա իրական ՀՆԱ-ի աճը նվազում է 2%-ով: Շուկայում նվազում են սպառողները, ինչը հանգեցնում է արտադրական ծավալների կրճատման, ընդ որում կրկնակի: Գործազրկությունը հանգեցնում է աղքատության, երկրում աղքատները և ծայրահեղ աղքատները կազմում են ընդհանուր բնակչության 30%-ը, նույն ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ի 70%-ը տնօրինվում է 40 ընտանիքի կողմից: Ահա այստեղից էլ բխում է Հայաստանի տնտեսության երկրորդ հիմնախնդիրը` մենաշնորհների (մոնոպոլների) առկայությունը: Մենաշնորհ է կոչվում այն երևույթը, երբ շուկայում արտադրողը մրցակից չունի, նա է թելադրում գինը, որակը, և թե ինչպիսին կլինի ապրանքը և ինչ գնով կվաճառվի շուկայում, կախված է արտադրողի բարեխղճությունից: Սպառողը այդ դեպքում այլընտրանք չունի և ստիպված է բավարարվել նրանով, ինչ կա շուկայում: Իսկ մնացած արտադրողները պարզապես հնարավորություն չունեն շուկա մտնելու: Իրականում մենաշնորհ չի կարող լինել առանց պետական «աջակցության»: Պետությունը չի խանգարում (եթե իհարկե չի էլ օժանդակում) երկրում մենաշնորհների առաջացմանը, այժմ Հայաստանում մենաշնորային դիրք ունեցող հայտնի օլիգարխները շատ հանգիստ խուսափում են հարկերից և օգտվում սպիտակ օձիգավորների աջակցությունունից: Իրականում նրանք չէին կարող մենաշնորհ դառնալ, եթե չունենային հասարակական էլիտայի` պետական հովանավորությունը: Բնականաբար, այս պայմաններում տնտեսական աճի մասին խոսելն անիմաստ է: Երկրում մենաշնորհը հանգեցնում է նրան, որ գնաճը պետության կողմից կառավարելի չէ (2013-ին գնաճը կազմել է 6.8%): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմում է ավելի պակաս քան 3,000 դոլարը, համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ-ում այս թիվը մեծ է մեր թվից շուրջ 15 անգամ, այն կազմում է 45,000 դոլար: Հայաստանում սալդոն միշտ բացասական է, ներմուծումը երեք անգամ գերազանցում է արտահանմանը, երկրի արտադրական ծավալները շատ ցածր են, իսկ խոշոր արտադրական ճյուղերի գերակշիռ մասը գտնվում են այլ պետությունների ձեռքում: Հայաստանում առևտրաշրջանառությունը կենտրոնացված է Երևանում, իսկ երկրի մնացած շրջանները զրկված են զարգացման հեռանկար ունենալու հնարավորությունից: Այժմ փորձեր են իրականացվում երկրի տնտեսական կենտրոնը Դիլիջան տեղափոխելու համար, բայց դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Ըստ Forbes ամսագրի Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում գրավում է «պատվավոր» երկրորդ հորիզոնականը: Հետազոտությունը իրականացվել է` հաշվի առնելով երկրում մակրոտնտեսական ցուցանիշները և տնտեսական աճի կանխատեսումները: Իսկ ի՞նչ է անում մեր պետությունը այս «պատվաբեր» կոչումից ազատվելու համար, գուցե՞ գերադասում է լինել առաջինը նույնիսկ այս ասպարեզում, կամ վարկանիշ է էլի, թող բարձր լինի: Ստացվում է մենք քաղում ենք շուկայական տնտեսության միայն թերությունները, մեր երկրում ո՛չ ազատ մրցակցություն կա, ո՛չ շուկայում արտադրողների բազմազանություն, շուկայական գինն էլ… է, ո՞վ գիտի` ով է որոշում, մենք դրա հետ կապ չունենք: Գուցե ժամանակն է վերադառնալու հին ու բարի պլանային տնտեսությանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել