Միշտ երազել եմ գիշերային ժամին դուրս գալ  փողոց՝ սուրճի բաժակը ձեռքիս :  Քայլել փողոցով ու տաք սուրճ ըմպել : Դանդա՜ղ, առանց շտապելու :  Տանը ֆիլմ դիտելիս  կամ ինչ-որ բան ընթերցելիս ես  սուրճս առանց շտապելու եմ ըմպում: Իսկ հիմա փողոցով քայլելիս  ես կարծես ֆիլմ դիտելիս լինեմ : Մթություն,  Թեթև քամի,ծառերի խշշոց, հեռվից ինձ հասնող թույլ աղմուկ : Մարդկանց փոխարեն գիշերը ստեղծված ֆիլմի հերոսները…պատուհաններն են:

Ամեն պատուհան իր կյանքն ունի , ամեն տուն՝ իր բնավորությունը : Պատուհաններից թափվող լուսավորությունը շատ դեպքերում պատմում է այն ամենի մասին, ինչի մասին կարող են լռել տան բնակիչները :
 Ամբողջությամբ մութ բնակարանի բնակիչները կա՛մ տանը չեն, կա՛մ էլ այնքան զզվելի օր են ունեցել, որ փորձում են  օրն արագ մոտեցնել ավարտին : Փորձում են քնել : Համոզված եմ. քնել չեն կարողանում : Որովհետև այն ամենն, ինչին մենք փորձում ենք արհեստականորեն վերջ տալ, մեզ հանգիստ չի տալիս դեռ երկա՜ր ժամանակ :   Նրանք հիմա պտտվում են անկողնու մեջ ու հասկանում, որ պետք չէ արհեստականորեն ոչինչ  արագացնել, առավել ևս՝ ինչ-որ բանի ժամանակից շուտ վերջ տալ :
Մյուս պատուհանում կիսախավար է : Երևի սենյակում  ցածր երաժշտություն է միացված, ինչ-որ մեկը նայում է  հայելուն ու քթի տակ երգում  :  Նաև հնարավոր է , որ  սենյակի բնակիչն իմ պես ցնորված է ու որոշել է կիսախավարի մեջ ապրել (Ես սենյակումս տարիներ շարունակ լուսավորություն չունեմ: Իմ լույսի աղբյուրը անկողնուս վերևում կախված լուսամփոփն է: Երեկոյանա ժամերին սենյակումս  խենթացնող  ու աննկարագրելի գեղեցկության կիսախավար է տիրում) :
 Այսպես ամեն  պատուհանի մասին  կարելի է  պատմել : Ամեն պատուհան իր ճակատագիրն ունի, ամեն տան  բնակիչ՝ իր  երազանքները :  Գիշերվա ժամերին թվում է, թե լուսավորության օգնությամբ մարդիկ փորձում են իրենց երազանքները պատմել աշխարհին : Որտեղ վառ լույս կա՝ ամեն ինչ լավ է: Որտեղ կիսախավար է՝ մտածմունքներ կան : Գիշերը մենք առանձնանում ենք մեր մտքերի հետ : Պատուհանների կողքով քայլելիս կարելի  է լսել մարդկանց ամենաանկեղծ երազանքները, ցանկություններն ու խոստովանությունները : Գիշերը մտքերը շշուկ են դառնում :
Հրաշալի է քայլել փողոցով  տաք սուրճի բաժակը ձեռքիդ ու, պատուհաններին նայելով ,  փորձել գուշակել մարդկանց երազանքները, տրամադրությունը:  Հետաքրքիր է ծանոթանալ պատուհանների բնավորությունների հետ : Իրենք էլ, մարդկանց նման, միշտ եզակի թվում են : Իրար նման մարդ չկա : Իրար նման պատուհան չկա : Մենք , պատուհանների նման, եզակի ենք :
Ու կարելի է ժամերով քայլել փողոցով, դանդաղ սուրճ խմել այնպես, ինչպես կխմեի տանը՝  ֆիլմ դիտելիս : Վայելել գիշերային  լռությունը: Քայլե՜լ, քայլե՜լ: Թող քամին ամբողջ փողոցով մեկ տարածի սուրճիս բուրմունքը : Թող փողոցի ողջ երկարությամբ , սուրճիս հետ միասին, տարածվեն մարդկանց՝ շշուկ դարձած երազանքներն ու ցանկությունները:
Մի օր պետք է ուղղակի վերցնել մի բաժակ տաք սուրճ ու գիշերով իջնել փողոց՝ պատուհանների հետ ծանոթանալու:
 Ամեն պատուհան իմ պես սուրճի բաժակը ձեռքին  բարեկամ է փնտրում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել