Բոլորս գիտենք՝ ով է Հովհաննես Այվազովսկին` մեծագույն ծովանկարիչ: Բայց հատուկենտ է այն մարդկանց թիվը, որ կասեն Հովհաննես Այվազովսկին ծովակալ է: Այո, հաշվի առնելով նրա վաստակը ծովանկարչության, հատկապես ծովամարտերի ներկայացման բնագավառում, Ռուսաստանի ցարը մեծ ծովանկարչին շնորհել է Ռուսաստանի կայսրության Պատվավոր ծովակալ կոչում: Այվազովսկու նախնիները 18-րդ դարում Արևմտյան Հայաստանից բազմահազար հայերի հետ գաղթել են Լեհաստան: Հետագայում, հարազատ եղբայրների միջև ծագած անհամաձայնության պատճառով, նկարչի հայրը երիտասարդ հասակում տեղափոխվել է Մոլդովա, այնտեղից՝ Բուկովիա, իսկ 19-րդ դարի սկզբներին` Ղրիմ, որտեղ, հանդիպելով հայուհի Հռիփսիմեին, ամուսնացել է նրա հետ և մշտական բնակություն է հաստատել Թեոդոսիայում: Իրենց ազգանվանը կցելով «սկի» լեհական վերջավորությունը, Այվազյանները որոշ ժամանակ պահպանել են «Գ» սկզբնատառը և գրվել են Գայվազովսկի: Այդ «Գ»-ն մնացել է ռուսերենում գոյություն չունեցող Հ տառի վերահնչյունավորումից: Այդ պատճառով «Հայվազ» ազգանունը գրվել է «Գայվազ»: Հետագայում Այվազովսկիները նետել են «Գ» տառը և սկսել են գրվել Այվազովսկի: Հովհաննես Այվազովսկու մանկությունն ու պատանեկությունը անցել է Թեոդոսիայում: Թեոդոսիան այն ժամանակ մի փոքրիկ, ծայրգավառային առևտրական քաղաք էր: Բնակչության մեծ մասը հայեր էին: Այդ պատճառով շատ բնակավայրեր կոչվում էին հայկական անուններով, օրինակ, Սուրխաթ (Սուրբ Խաչ), Չարխափան, Արմյանսկ, Արմյանսկի Բազար և այլն: Հովհաննես Այվազովսկին նախնական կրթություն ստացել է ծննդավայրում: Ութ տարեկան հասակում հաճախել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցուն առընթեր ծխական դպրոց: Այն տարական դպրոց էր, ուր երեխաներին սովորեցնում էին հայոց և ռուսաց լեզուներ, քերականություն, թվաբանություն, կրոն, ծանոթացնում աշխարհագրության և հայոց պատմության հետ: Այստեղ նա սովորել է 5 տարի: Այդ տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկին ստացել է հայկական կրթություն և ընդհանուր տեղեկություններ հայ ժողովրդի պատմության, մշակույթի և անցյալի գործիչների մասին: Վաղ հասակից նրա հետաքրքրվել է նկարչությաամբ և երաժշտությամբ: Նկարել է գրքերի, թերթերի վրա, երբեմն` կավիճով կամ ածուխով շենքերի պատերին: Վաղ հասակում երաժշտասեր պատանին ինքնուրույն սովորել է ջութակ նվագել: Պատանու նկարչական թոթովանքները գրավել են Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրությունը: Տեսնելով նրա աշխատանքները՝ ճարտարապետը խորհուրդ է տվել նրան, ծանոթացրել է նկարչության՝ հատկապես հեռանկարչության, ծավալայնության և լուսաստվերների նախնական գիտելիքների հետ: Հենց ճարտարապետ Կոխն էլ մի անգամ նրա գծանկարները տարել և ցույց է տվել քաղաքապետին: Քաղաքապետ Ա.Ի.Կազնաչևը նկատելով պատանու արտակարգ ընդունակությունները ցանկություն է հայտնել տեսնել նրան: Հաջորդ օրը պատանի Հովհաննեսը, հոր և ճարտարապետ Կոխի ուղեկցությամբ, մի քանի նոր նկարներ ձեռքին, ներկայացել է Կազնաչևին: Վերջինս ուշադիր դիտելով նկարները, խրախուսում է նրան և նվիրել ջրաներկերի մի տուփ ու նկարչական թղթեր: Ապա ծանոթացնելով իր որդու հետ, առաջարկել է հաճախ այցելել իրենց տուն: Այդ օրվանից Հովհաննեսը դարձել է այդ ընտանիքին հաճախ այցելող հյուրերից: 1830 թ-ին Կազնաչևը նշանակվել է Ղրիմի նահանգապետ և ընտանիքով տեղափոխվել Սիմֆերոպոլ: Նա իր հետ տարել է նաև Հովհաննես Այվազովսկուն և 14-ամյա Հովհաննեսն ընդունվել է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայի առաջին դասարան: Մեկ տարի անց՝ 1833 թվականի հունիսին նրան տրվել է հետևյալ տեղեկանքը.«Տավրիկյան գիմնազիայի 2-րդ դասարանի աշակերտ, քաղքենիական կոչում ունեցող Իվան Գայվազովսկին, 1831 թ. օգոստոսի 15-ից ընդունվելով Տավրիկյան գիմնազիային, սովորել է այստեղ առաջին երկու դասարաններում մինչև ներկա թվականը: Ինչպես երևում է ուսուցիչների վկայությունից, ռուսերեն քերականությունից և աշխարհագրությունից, հանրահաշվից և երկրաչափության նախնական հիմունքներից, գերմաներեն լեզվի նախնական կանոններից ունեցել է բավականաչափ հաջողություն, լատիներեն և ֆրանսերեն լեզուների նախնական կանոններից՝ լավ, կենդանաբանությունից և գծանկարչությունից՝ շատ լավ, ընդհանրապես գծանկարչության արվեստից՝ գերազանց հաջողություններ»: Նույն տարվա հուլիսի 9-ին Հովհաննես Այվազովսկին այդ տեղեկանքով ընդունվել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: Նա սովորել է Մաքսիմ Նիկիֆորովիչ Վորոբյովի դասարանում: 1835 թվականին ցարը Պետերբուրգում աշխատելու է հրավիրել ֆրանսիացի ծովանկարիչ Ֆիլիպ Տաներին: Ցարը դիմել է նաև գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտին՝ նրանից պահանջելով «հարմար թեկնածու» Տաներին աշակերտելու համար: Պրեզիդենտ Օլենինը տվել է Այվազովսկու անունը: Տաները դիտել է Այվազովսկու աշխատանքները և ընդունել նրան իր արվեստանոցում աշակերտ: Նույն թվականին Այվազովսկին, առանց Տաների իմացության, իր նկարներից մի քանիսը ցուցադրել է ակադեմիական ցուցահանդեսում: Տաները գանգատվել է ցարին, և ցարը հրամայել է ցուցահանդեսից հանել Այվազովսկու նկարները: Հենց այդ ժամանակ նվաստացած Այվազովսկուն մխիթարել և հուսադրել են ռուս մտավորականները: Նրան այցելել և մխիթարութարական խոսքեր են ասել հայտնի բանաստեղծ Ժուկովը, առակագիր Կռիլովը: Նրանք խորհուրդ են տվել Այվազովսկուն չդադարել նկարել: Նույն տարում Տաները մեկնել է Փարիզ: Հաջորդ տարվա գարնանը ակադեմիայի պրոֆեսոր Զաուերվեյդը ցարի մոտ համարձակորեն ասել է. «Ակադեմիստ Այվազովսկին Տաներից վատ չի նկարում»: Եվ չվախենալով ցարի դեմքի դժգոհ արտահայտությունից՝ ավելացրել է, որ Տաներն է նրան պատկերել սև գույներով, և նրա սուտ ցուցումներով Այվազովսկու նկարները հանվել են ցուցահանդեսից: Ցարը ցանկացել է տեսնել Այվազովսկու այն նկարները, որոնք հանել են ցուցահանդեսից: Հաջորդ օրը ցարը ուշադիր դիտել է նկարները և շատ գոհ մնացել: Նա կարգադրել է վճարել երիտասարդ նկարչին 1000 ռուբլի թղթադրամ և նշանակել նրան ուղեկցող իր որդուն՝ Կոստանդինին, Բալթիկ ծովում նախատեսված փորձնական զորավարժության ժամանակ: 1830 թ-ի կեսերին ռուս մեծանուն նկարիչ Բրյուլովը Այվազովսկուն ներգրավել է «Եղբայրություն» խմբակը, որի անդամներից էին կոմպոզիտոր Գլինկան, գրողներ Չերնիշևը, Յանենկոն և շատ ուրիշ մեծանուն արվեստագետներ: Այս խմբակի հավաքույթների ժամանակ Այվազովսկին վերջնականապես ձևավորել է իր գեղարվեստական ճաշակը: Այդ հավաքույթների ժամանակ Այվազովսկին նաև նվագել և երգել է հին ղրիմյան երգեր, որոնցից մի քանիսը հետագայում Գլինկան օգտագործել է «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայում: Ամռան ամիսներին Այվազովսկին մասնակցել է Բալթիկ ծովի ռուսական նավատորմի փորձնական զորավարժություններին: Գտնվելով ռազմանավի վրա՝ նա մոտիկից տեսել և ուսումնասիրել է ռազմանավերի շարժումը ծովի ալիքների վրա: Զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո Այվազովսկին նկարել է «Մեծ նավատորմը Կրոնշտադտում» կտավը և մի քանի ծովանկար, որոնք ներկայացրել է ակադեմիայի վարչությանը: Բարձր գնահատելով ուսանողի առաջադիմությունը՝ գեղարվեստի ակադեմիան որոշել է նրան պարգևատրել երկրորդ կարգի ոսկե մեդալով: 1836 թ-ին ակադեմիայի աշնանային ցուցահանդեսում Այվազովսկին հանդիպել է Պուշկինին: Ժամանակակիցները պատմել են, որ այդ հանդիպումից հետո Այվազովսկին նոր աշխուժությամբ է լծվել աշխատանքին: Այդ ցուցահանդեսի ժամանակ Հովհաննես Այվազովսկու անունը հաճախ հայտնվել է մամուլի էջերում: Հաջորդ տարվա ապրիլին թագաժառանգ Կոստանդինը, որին նկարիչը ուղեկցել էր Բալթիկ ծովում ռազմանավերի զորավարժությունների ընթացքում, ցանկություն է հայտնել գնել ոսկե մեդալով պարգևատրված և արդեն ակադեմիային պատկանող նկարը: Նկարիչը նկարել է այդ կտավի պատճենը և այն հանձնել պատվիրատուին: 1837 թ-ին նկարած «Անդորրություն» կտավի համար պարգևատրվել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալով: Նույն թ-ին ակադեմիայի վարչությունը որոշել է Այվազովսկուն երկու տարով, որպես ակադեմիայի թոշակառու, ուղարկել Ղրիմի թերակղզի, ուր պիտի նկարեր նոր ծովանկարներ: Դրա համար անհրաժեշտ էր ստանալ ակադեմիայի հովանավորի՝ ցարի համաձայնությունը: Դիմումից հետո չորս ամիս անց ստացվել է ցարի պատասխանը, որը թույլ է տվել Այվազովսկուն մեկ տարով մեկնել Ղրիմ, բայց ոչ որպես ակադեմիայի թոշակառու: Նույն հրամանագրով ցարը ցանկացել է գնել Ակվազովսկու 7 կտավներ, նրանց համար վճարելով 3.000 ռուբլի: Այս որոշումով երկու տարով կրճատվել է Այվազովսկու դասընթացը: 1838 թ-ի մարտի սկզբներին Այվազովսկին մեկնել է հայրենի Ղրիմ: Գարնա սկզբներին Այվազովսկին Թեոդոսիայում էր: Մեկ տարի շարունակ Այվազովսկին նկարել է Ղրիմի բնությունը: Նա ստեղծել է չորս մեծ կտավ: Այվազովսկին նաև հրավեր է ստացել մասնակցել Սև ծովում կատարվելիք զորավաժություններին: Զորավարժությունները վերջացել են հուլիս ամսին: Այդ ընթացքում նկարիչը նկարել է մի քանի էսքիզներ և փոքրիկ կտավներ: Սակայն այդ շրջանում վերջացել են Այվազովսկու դրամական միջոցները և նա ստիպված նամակով դրամական օգնություն է խնդրել ակադեմիայի վարչությունից: Այվազովսկու կյանքի ամենբեղմնավոր շրջաններից է Ղրիմում անցկացրած արձակուրդները, որոնց ընթացքում նկարիչը նկարել է ավելի քան 20 մեծ կտավ: Հաջորդ տարվա հուլիսին ակադեմիայի որոշմամբ Այվազովսկին և մի քանի այլ նկարրիչներ գործուղվել են արտասահման: Հուլիսի 20-ին Այվազովսկին մեկնել է Իտալիա: Նա հանդիպել է Մխիթարյան միաբանների, և’ ռուս, և’ այլ ազգերի մեծագույն արվեստագետների հետ: Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ընթացքում նկարել է բազմաթիվ հիանալի ծովանկարներ, որոնք տեղ են գտել Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Երևանի և շատ ուրիշ քաղաքների թանգարաններում: Նա իր կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքներից և բազնաթիվ պետությունների գեղարվեստի ակադեմիաների կողմից: Հայ մեծանուն նկարիչը պարգևատրվել է նաև Թուրքական կառավարության կողմից: Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալները և իր հավատարիմ շան հետ գնում է դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ՝ նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և բավականին հեռանալով ափից՝ հանում է դրանք շան վրայից և նետում անհատակ ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպեսզի հավատարիմ կենդանին էլ մաքրվի դրանցից: Լվանալով իր ձեռքերը՝ Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի մեջով, մտնում է իր արվեստանոցը և սկսում է նկարել: Հաջորդ առավոտյան նրա արվեստանոցի պատից կախված էր «Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում» կտավը… Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում: Ստեղծել է վեց հազարի հասնող կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացումը: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Հովհաննես Այվազովսկու ներկապնակը եղել է հարուստ, սակայն կան պատկերներ, որոնց վրա աշխատել է 3-5 գույնով: Նրա պատկերները ներաթափանցված են խորը հայրենասիրությամբ և հումանիզմով: Մեծ ծովանկարիչը թաղված է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Շիրմաքարի մակագրությունը քաղված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»` «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։ Այվազովսկու մահից հետո կինը` (երկրորդ) Աննան, դադարել է տանից դուրս գալ` որպես սգո նշան: 25 տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չի հեռացել իր բնակարանից: Նա միայն ամեն գիշեր գնում էր ծովափ և նստում նույն նստարանին, որը տեղի բնակիչները սկսել էին անվանել «Աննա Այվազովսկու նստարան»: Այվազովսկին ունի հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ։ Նա երևացող ազդեցություն է գործել ռուսական գեղանկարչության վրա։ Նրա արվեստին հետևել են ռուս նկարիչներ Լ.Ֆ.Լագորիոն, Ռ.Գ.Սուդկովսկին, Ա.Պ.Բոգոլյուբովը, Ա.Ի.Կուինջին, ծովանկարչի երեք թոռները՝ Մ.Պ.Լատրին, Ա.Ե.Գանզենը, Կ.Կ.Արցեուլովը և ուրիշներ։ Մեծ է Այվազովսկու ծառայությունը հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Նրա «Թիֆլիսի տեսարան»-ը (1868) հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից է։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը» (1882, մասնավոր հավաքածու), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքամ» (1895) և այլ կտավներում։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Մ.ճիվանյանը, Մ.Մահտեսյանը, Վ.Մախոխյանը։ Նրա արվեստը որոշակի ազդեցություն է ունեցել Գ.Բաշինջաղյանի ստեղծագործության վրա։ Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Հարուստ է նաև Հայաստանի պետական պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել