Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ ԵՄ-ի ղեկավարները որոշել են ընդլայնել սանկցիաներն ընդդեմ Ռուսաստանի: ԵՄ-ը պետք է հասնի նրան, որ Զարգացման և վերակառուցման բանկը չֆինանսավորի ռուսական ծրագրերը, իսկ Եվրոպական ներդրումային բանկն էլ իր հերթին դադարեցնի ֆինանսավորումը Ռուսաստանի պետական ծրագրերին: Այն ընդգրկելու է նաև ռուսական ընկերություններ, «որոնք ապակայունացնում են Ուկրաինան»: Սանկցիաների խստացումն այն քաղաքական քայլն է, որից զգուշանում էին նաև ռուս վերլուծաբանները: Սանկցիան, իբրև քաղաքական գործիք, իբրև իշխանության արտահայտման տարատեսակ ունի ինստրումենտալ-կամային բնույթ, հետևաբար՝ դրա ազդեցության ձևը խսիտ առարկայական է, թիրախավորված: Այն հարաբերությունների փոփոխման կամ նոր հարաբերությունների ձևավորման հիմք է: Ի՞նչ քաղաքական-տնտեսական հետևանքների, հարաբերությունների զարգացման կարող է հանգեցնել ԵՄ սանկցիան (իհարկե, դրան շատ գործուն աջակցություն է ցուցաբերելու ԱՄՆ-ը) Ռուսաստանի համար: Կարելի է մի քանի սցենար առանձնացնել.

1. Տնտեսական ճգնաժամի սցենար. այն լրջորեն հարվածելու է Ռուսաստանի տնտեսությանը, որտեղից, առանց այն էլ առաջին կիսամյակի ընթացքում, ըստ ՌԴ ԿԲ-ի, արդեն 74,6 մլրդ դոլարի կապիտալի արտահոսք է եղել, պետբյուջեն ունի 649,3 միլիարդ ռուբլի (գրեթե 18 մլրդ դոլար) հավելուրդ, որը տնտեսագետները գնահատում են իբրև տնտեսության առջև ծառացած խնդիրների կամ մարտահրավերների հետևանք, քանի որ Ֆինանսների նախարարությունն այն պահում է արհեստականորեն: Այս ծավալի կապիտալի արտահոսքն աննախադեպ է, օրինակ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 անգամ: Այս պատկերն ուղիղ կապի մեջ է միջազգային պատժամիջոցների հետ:

2. Հակադարձման կամ վերակենդանացման սցենար. կարող է առաջացնել Ռուսաստանի ուժեղ հակազդեցությունը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի կարճ ժամանակով, քանի որ հակազդեցությունը ենթադրում է խոշոր ֆինանսական ռեսուրսներ, հատկապես, որ Ռուսաստանը չի տիրապետում դիվանագիտական ռեսուրսների: Նրա կողքին կանգնելու են մեկ տասնյակ միջազգային աուտսայդերներ, լավագույն դեպքում (Ղրիմի հարցով ՄԱԿ ԳԱ-ում քվեարկության օրինակը): Հավանական է, որ դաշնակից Հայաստանն այս անգամ չկանգնի իր կողքին, որը թեև թույլ հարված է, բայց այս պարագայում անգամ թույլ հարվածն էլ ուժգին է: Բացի դրանից, լուրջ խոչընդոտ է նաև Ուկրաինան, որը նույնպես պահանջում է հսկայական ռեսուրսներ, հատկապես, եթե Մոսկվան որոշի հարվածել ուկրաինական բանակին: Ստացվում է երկու ճակատով պայքար, որից մեկը՝ պատերազմական:

3. Վերազգային ծրագրերի ավարտի սցենար. եվրասիական ծրագրերը կարող են դառնալ թանկ հաճույք, որոնք, առանց այդ էլ լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ չեն լուծում, տեղի կունենա դրանց ակնառու ֆորմալացում, Ղազախստանը վերջնականապես կթեքվի դեպի Չինաստան՝ խուսափելու համար սննկացող Ռուսաստանի համար դառնալ ֆինանսա-տնտեսական կայունացման աղբյուր: Հայաստանը նույնպես կարող է վերափոխել կողմնորոշումը դեպի ԵՄ:

4. Կոնֆլիկտի էսկալացման և շեղման մարտավարության սցենար. ըստ այս սցենարի՝ Մոսկվան վերջնականապես կդիմի «կոշտ ուժի» մեթոդին, կմիջամտի ուկրաինական ճգնաժամին և կստեղծի իր փայփայած «ոչ թռիչքային զոնան»՝ ուկրաինական հրետանին ոչնչացնելու և այլ ռազմական օջախներ բացելու համար:

Թեև այս սցենարները պատժամիջոցների քաղաքականության հետևանքային դրսևորումներ են, հաշվի առնելով ԵՄ-ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլոբալ (Ռուսաստանին մեծ վերապահումներով կարելի է համարել գլոբալ լիդեր) լիդերի կարգավիճակը, երբ մի կողմի մարտահրավերն առաջ է բերում մյուսի պատասխանը, և հակառակը՝ պատասխանը բացում է նոր մարտահրավեր, ու այդ շրջապտույտը շարունակվում է, սակայն չի բացառվում, որ Մոսկվան ուղղակի որոշի դուրս գալ մրցակցությունից և Ուկրաինայի հարցում պահպանի չեզոքություն, նույնիսկ՝ ազդեցություն գործի զինյալների վրա, որպեսզի դադարեցնեն բախումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել