Ռուս հասարակությունն ու օրենսդիրները մանրից ցնդում են:
Ինչպես գրում է «Коммерсант» պարբերականը, Ստավրոպոլի դատախազությունը պահանջել է դպրոցական գրադարաններից հեռացնել «Էրոտիկա, միստիկա, սարսափ և խուլիգանություն պարունակող գրքերը»: Դպրոցականների համար արգելված գրողների ցանկի մեջ են Սերգեյ Եսենինը, Վլադիմիր Նաբոկովը, Իվան Բունինը: Դատախազությունը պահանջել է, որպեսզի հանվեն մասնավորապես Նաբակովի այն գրքերը, որտեղ առկա է միստիկա, ինչպես նաև Եսենինի խուլիգանական բանաստեղծությունները: «Դպրոցականներին վաղ է կարդալ այդպիսի գրքեր: Մեզ մոտ, եթե նայենք վիճակագրությանը, 9-12 տարեկան գողեր կան: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են նրանք կարդացել»,- հայտնում են դատախազությունից: Այժմ, մեկ ամսվա ընթացքում, դպրոցների ադմինիստրացիաները պետք է հեռացնեն «վտանգավոր գրքերը»՝ ընդհանուր հասանելիությունից:
Ըստ իս, այդ 9-12 տարեկան գողերը ընդհանրապես ժամանակ և ցանկություն չեն ունեցել բան կարդալու, էլ ուր մնաց Եսենին ու Նաբոկով կարդային ու գնային գողության: Բայց դա էլ մի կողմ: Հիշեցնեմ, որ 2012 թ.-ի սեպտեմբերի 1-ից էլ արգելվել էր հայտնի «Ну, погоди!» մուլտֆիլմի ցուցադրումը՝ ցերեկային ժամերին՝ մուլտֆիլմում առկա դաժանության տեսարանների համար: Այն ցուցադրվում է երեկոյան 23:00-ից հետո: Այսինքն ստացվում է, որ եթե 3-5 տարեկան երեխան անկարգ է, ուրեմն «Ну, погоди!» շատա նայել: Է ես նայում եմ էն «Маша и Медведь»-ը, դաժանության տեսարանների առումով «Ну, погоди!»-ին տալիս անցնումա :
Այս ամենի մեջ ինձ մի բանա հետաքրքիր. նման օրենքներ ընդունողներն ու առաջարկողները այդ մուլտֆիլմերի ու գրքերի ազդեցության տակ են մեծացել: Հիմա ի՞նչ, ստացվում է, որ նրանք գող, ավազակ ու բռնություն գործադրող են: Եթե այո, ապա խնդիր չկա:
Ինչպես Ռոլանդ Ռեյգանն էր ասում. «Ես նկատել եմ, որ ամեն ոք, ով կողմնակից է աբորտին, մի ժամանակ ծնվել է»:
Մի խոսքով, թողնենք ռուսներին իրենց օրենսդիրների հետ, ու Աստված չանի, որ դրանք սկսեն մեզ համար օրենքներ ընդունել.մերոնք մեզ լրիվ հերիք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել