Հերթական պատմությունը, երբ բարեգործական արշավը վեր է ածվում անփառունակ ու խիստ տհաճ պատմության, ու ինչպես ինձ ծանոթ դեպքերի մեծամասնությունում, այնպես էլ այստեղ, մեղավոր են հիվանդի հարազատները:

Մեզ մոտ դեռևս չի ձևավորվել բարեգործություններ անելու կուլտուրան ու չի ձևավորվել հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր այդ բարեգործության թիրախն են դառնում:

Չեն հասկանում մարդիկ, որ եթե երեխադ հիվանդացել է, ու կյանքը փրկելու համար դու դիմում ես հանրությանը ու, հանրությունն արձագանքելով, գումար է հատկացնում, այդ գումարը քեզ չեն նվիրում, հարգելի ծնող-հարազատ: Այդ գումարը անգամ տվյալ երեխային չեն նվիրում, որովհետև տվյալ երեխան ա (ինչո՞ւ միայն երեխա, թեկուզ մեծահասակ): Այդ գումարը նվիրում են անծանոթ մարդու՝ ելնելով մարդասիրությունից, ուստի նույն մարդասիրությունից ելնելով, դուք իրավունք չունեք կամայական վերաբերել այդ գումարներին ու տնօրինեք այն՝  ինչպես կամենաք:

Դա ձեր փողը չէ, այն չեն տվել ձեզ պարտքեր փակելու, շոր ու կոշիկ առնելու, կենցաղային պայմանները բարելավելու ու էլի եսիմ ինչի համար: Այն տվել են կյանք փրկելու համար, ու եթե կյանքը փրկվում է, իսկ գումարը ավելանում է, դուք պետք է ձեր հերթին ուղղեք մնացորդը մեկ այլ կյանք փրկելուն, որովհետև կրկնում եմ՝ էդ փողը երեխայի սիրուն աչքերի համար չեն տալիս, ու առավել ևս՝ երեխայի ծնող-հարազատի սիրուն աչքերի:

Եթե անգամ այնպես է ստացվել, որ երեխայի կյանքը փրկել չի ստացվել, ապա հարգելի ծնող-հարազատներ, դուք նորից իրավունք չունեք էդ փողը գրպանելու ու վերաբերելու դրան որպես ընծայի: Ձեր երեխային չհաջողվեց փրկել այդ փողով, գուցե ուրիշ բալիկի հնարավոր լինի փրկել: Մի եղեք էգոիստ, որովհետև եթե բոլորը ձեզ պես վարվեին, ձեր երեխայի համար էլ ոչ մի գրոշ չէր հավաքվի:

Իսկ ամենաստոր արարքը էդ քեզ սատարած մարդկանց պարսավելն ա, ովքեր համարձակվում են ձեզանից հաշիվ պահանջել ու հորդորում են չյուրացնել այդ գումարները: Չգիտեմ՝ օրենքը ի՞նչ ա նախատեսում նման դեպքերում, բայց մի մոռացեք՝ մարդկային օրենքից զատ, կա նաև Աստծո դատաստան, որից ոչ մեկս էլ չի խուսափելու:

Մի օր առանձին կգրեմ, թե ինչ մեխանիզմով կարելի ա խուսափել նման մունդառ պատմություններից, երբ մարդկանց անուններն են ցեխի մեջ հայտնվում ու մեր հավատն է կորում կողքինների հանդեպ, բայց առայժմ էսքանը:

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել