Էհ, ասողին լսող է պետք:
«...կամ գրում են, որ Վ. Գասպարյանի մեքենան 70 մետր բարձրունքից գլորվել է ձորը` իմանալով, որ «Վ. Գասպարյան» արտահայտությունն ասոցացվելու է ներքին գործերի նախարարի հետ ու նյութը կարդացողների թիվը մեծանալու է, իսկ Վ. Գասպարյանն, ասենք որեւէ մարզի գյուղերից մեկում ապրող Վաղինակ Գասպարյանն է, որի ավտովթարի մասին նյութը լրատվամիջոցին հետաքրքրել է զուտ էժանագին «տրյուկի» տեսակետից եւ ոչ երբեք Վաղինակ Գասպարյանի հանդեպ ունեցած մտահոգությունից: Իսկ «տրյուկը» նվազագույնը քսան տարվա վաղեմություն ունի, որ ազատականացող ետխորհրդային տարածք թափանցեց արեւմուտքի դեղին մամուլից ու ժամանակի ընթացքում դուրս մղվեց առաջատար լրատվամիջոցներից»

Կից նյութը`

Կամ մեզանից ոչինչ կախված չէ, կամ ամեն ինչ կախված է մեզանից

«Գրողներն ավելի բախտավոր են, քան ժուռնալիստները, բայց ժուռնալիստներն էլ գլուխ կախելու հիմքեր չունեն: Հազարավոր, միլիոնավոր ընթերցողներ սիրով են ուզում հիշել նրանց ազգանունները: Եթե հիշում են-իր` ժուռնալիստի շնորհիվ:Եթե չեն հիշում- իր`ժուռնալիստի մեղքով»:

Վարդգես Պետրոսյան

 Սկզբի փոխարեն

Վարդգես Պետրոսյանի այս տողերը նրա «Ստորագրության պատիվը» հրաշալի հոդվածից են, իսկ հոդվածին, վստահ եմ` նաեւ Վարդգես Պետրոսյանին, այսօրվա լրագրողները հիմնականում ծանոթ չեն:

Տարիներ առաջ որոշել էի, որ թողնելու եմ ժուռնալիստիկան ու այլեւս ոչինչ չեմ գրելու, քանի որ մասնագիտությունը, որի մասին երազել էի, որը սովորել էի այբուբենից, որին հասնելու համար զրկանքներ էի կրել, երկար, շատ երկար ճանապարհ էի անցել, պայքարել էի` աչքիս առաջ  իր հավաքականության մեջ տրանսֆորմացվում էր անստորագիր լրագրության: Սա բառախաղի համար չեմ գրում: Ինձ համար փիլիսոփայությունները տարբեր են: Ինձ սովորեցրել էին հարգել ստորագրության պատիվը, եւ որ ստորագրության պատիվը ժուռնալիստիկայում կրեդո է: Այսօր արդեն, ցավոք, լրագրությունն է տրանսֆորմացիայի ենթարկվում: Լրագրությունն այսօր իր հավաքականության մեջ դարձել է սղագրություն, որի հիմքում փողագրությունն է ու սրանք նույնպես բառախաղերի համար չեմ գրում: Հենց այս տրանսֆորմացիայի հիմքում է թաքնված այսօրվա անժուռնալիստիկա լրագրության տխուր պատկերը: Բայց հիմա գրում եմ`հատկապես հրապարակավ դիմելու համար վերջին մոհիկան ժուռնալիստ ընկերներիս, գործընկերներիս, ովքեր դեռ գրում են, խմբագրում են, ովքեր մտածում են, որ այլեւս այսպես չի կարելի, ովքեր կարծում են, որ դեռ կարելի է փրկել մասնագիտությունը, կարելի է ինչ որ բան անել…

Ինչ անենք`վերադարձնելու համար ժուռնալիստիկան: Ինչ անենք` վերադարձնելու համար ստորագրությունն ու ստորագրության պատիվը: Ինչ անենք` փրկելու համար մասնագիտության դեմքը: Ինչ անենք` հասարակությանն ազատելու այսօրվա տրանսֆորմացված, մուտանտային լրագրությունից: Հարցերս բոլորովին էլ հռետորական չեն ու ենթադրում են քննարկում, բանավեճ, ելքերի որոնում, համախմբվելու հնարավորություն, լուծումներ առաջարկելու պատրաստակամություն եւ այլն: Կամ մեզանից ոչինչ կախված չէ, կամ ամեն ինչ կախված է մեզանից:

Եվ այսպես ամեն օր…

«Հարբած տղամարդը բռնաբարել է հարեւանուհուն», «El-Style» հայկական ամսագիրը շարունակում է մերկացնել հայ աստղերին», «Պյատիգորսկի մոլագար Համբարձումովն ինքն է բանտարկություն խնդրել` վախենալով ինքնադատաստանից», «Կոշիկի նորոգման կրպակում թմրանյութեր են պահել», «Գողության մեղադրանքով հետախուզվողին բերման են ենթարկել», «Վանո Սիրադեղյանը մահացե՞լ է», «Ամազոնի մոտ գիտնականներն առնանդամ հիշեցնող սողուն են հայտնաբերել», «Սևանում 4 հոգի խեղդվելուց են փրկվել», «Հայաստանում «մեծանում» է ամուսնանալու տարիքը», «Մայրը երեխաների սենյակի դուռը գամել էր, որպեսզի չխանգարեին իր անձնական կյանքին», «Տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի գլուխը և գետը նետել», «Արթիկի ճանապարհին «Օպել»-ի և ավտոբուսի բախումից վիրավորներ կան», «Ֆոլքլենդյան կղզիներում պղծել են արգենտինական գերեզմանատունը», «Ծեծկռտուք «8-րդ հրաշալիք» ռեստորանում»…

Այս եւ նմանատիպ նողկալի «լուրերի»  վերնագրային շարքը կարող էի շարունակել, եւ այս նողկալի «լուրերի» վերնագրերը վերցված չեն դեղին մամուլի էջերից ու ընտրված չեն հատուկ, միտումնաբար, սեւացնելու կամ գույները խտացնելու նպատակով:

Սրանք, քիչ բացառություններով, հայկական առաջատար լրատվական կայքերի, առաջատար մամուլի տպագիր ու ինտերնետային էջերի, պետական լրատվամիջոցների լրահոսերի հիմնական թեմաներն են, գլխավոր էջերի գլխավոր նյութերը` արյունոտ դանակների, կախաղանի պարանների ու մոլագար դեմքերի կրկնվող լուսանկարներով`գողացված վիրտուալ աշխարհից:

Այս լրահոսն այսօրվա հայկական լրագրության տխուր պատկերն է, հավաքական պատկերը, որն ամեն օր իր նվաստացնող բնույթով մխրճվում է մարդկանց գիտակցության ու ենթագիտակցության մեջ`շեղելով, նսեմացնելով մարդու արժանապատվությունը, ոչնչացնելով ամենայն արժեքային համակարգ:

Այս լրահոսն օրվա մեջ տասնյակ անգամ նույն լրատվամիջոցների կողմից համառորեն տեղադրվում է ֆեյսբուքյան խմբերում ու այդ տարածքում մի քանի ժամ անցկացնող մարդը, լրատվական կայքերին օրվա ընթացքում անըդհատ հետեւող մարդը կարող է հայտնվել խորը դեպրեսիայում, կարող է անիծել Հայաստանում ծնվելու եւ ապրելու իր ճակատագիրը, կարող է ատել Հայաստանն ու Հայաստան երկիրը, պետությունը: Ավելի թույլ նյարդերի տերերը կարող են ազատ տարածքներ փնտրել երեւանյան կամուրջներում`ցած նետվելու համար: Երբեմն թվում է, թե առաջատար մեդիայի ղեկավարներն իրենց պարտքն են համարում վարձատրել հոգեկան անհավասարակշիռ մարդկանց մի խմբաքանակի, ովքեր հաճույքով ու երանությամբ, հիմնականում ռուսական ստորագույն կայքերից  պեղում են անոմալ երեւույթներ, անասնական իրադարձություններ ու անգրագիտորեն վերաշարադրելով ու վերնագրային խամաճիկությամբ մատուցում են հասարակությանը:

«Մարդիկ» խորագրի ներքո հրապարակում են  «Քսենիա Սոբչակը փորձել է հարսանեկան զգեստը », «Դերասան Քյուբա Գուդինգ կրտսերին փնտրում է ոստիկանությունը » նյութերը, «Հասարակություն» խորագրի ներքո գրում են, որ  «Բրազիլիայում առնանդամ հիշեցնող օձ են գտել», որ «Ամուսինը ծեծ ու ջարդով փորձել է կնոջից խլել որդուն, որ տա քրոջը, ով չի կարողացել մայրանալ» ու գրեթե  ութերգեյթյան սկանդալի հանգույն հայտարարում են. «Նոր վարկած Վանոյի  «Մահվան» և գտնվելու վայրի մասին »` նյութի բովանդակությունն էլ . «Սիրադեղյանի ծանոթներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, մի նոր վարկած ներկայացրեց, համաձայն որի Վանոն սպանվել է արտերկրում», կամ երկու տարվա վաղեմության մի նյութ են տեղադրում Youtube-ի արխիվներից` նյութն էլ ուղիղ եթերում փսխող ինչ որ տխմար մի հաղորդավարուհու մասին` ինչ որ անհայտ ու զզվելի մի հեռուստահաղորդումից կամ գրում են, որ Վ. Գասպարյանի մեքենան 70 մետր բարձրունքից գլորվել է ձորը` իմանալով, որ «Վ. Գասպարյան» արտահայտությունն ասոցացվելու է ներքին գործերի նախարարի հետ ու նյութը կարդացողների թիվը մեծանալու է, իսկ Վ. Գասպարյանն, ասենք  որեւէ մարզի գյուղերից մեկում ապրող Վաղինակ Գասպարյանն է, որի ավտովթարի մասին նյութը լրատվամիջոցին հետաքրքրել է զուտ էժանագին «տրյուկի» տեսակետից եւ ոչ երբեք Վաղինակ Գասպարյանի հանդեպ ունեցած մտահոգությունից: Իսկ «տրյուկը» նվազագույնը քսան տարվա վաղեմություն ունի, որ ազատականացող ետխորհրդային տարածք թափանցեց արեւմուտքի դեղին մամուլից  ու ժամանակի ընթացքում դուրս մղվեց առաջատար լրատվամիջոցներից:

Եվ այս ողջ նողկանքը, սպեկուլյատիվ այս լրագրությունը տարածվում է «հասարակությունն այդ է պահանջում»  արդարացուցիչ դեպք հանցանացի անվամբ, իսկ էության մեջ`ընդամենը գովազդատուներին ու ֆինանսավորողներին խաբելու նպատակ ունի`ցույց տալու համար այցելությունների թվեր, ռեյթինգներ ու պոկելու համար գոյատեւման միջոցներ: Եթե Հայաստանում մի քիչ գրագետ լինեին գովազդատու ընկերությունները, մարկետինգը ոչ թե սիրուն աղջիկների մասնագիտություն լիներ, այլ գիտություն, կհասկանային, որ այդ թվերը ոչ մի կերպ չեն արտացոլում գովազդ-թիրախային խմբեր-արդյունք հարաբերակցությունը:

Իսկ եթե անպայման հարկավոր է խաբել գովազդատուներին, Վոլգոգրադում հարեւանուհուն բռնաբարած ստահակի կամ առնանդամանման սողունի մասին լուր հրապարակելու փոխարեն կարելի է օգտվել նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, որոնք թույլ են տալիս  ապահովել այցելություններ քանակ այնքան, որքան ներում են ձեր ֆինանսական հնարավորությունները: Իսկ ավելի գրագետ ու ավելի ազնիվ լինելու պարագայում կարելի է օգտվել կայքերի առաջխաղացման ժամանակակից, օրինական մոդելներից: Ավելի բարոյական է, քան ուղիղ եթերում փսխղող հաղորդավարուհու երկու տարվա վաղեմության լուրն ու արյունոտ դանակների լուսանկարներ տարածելը: Ճիշտ է` ավելի թանկ է:

Մտահոգություններ` լուծում գտնելու…մտահոգությամբ

Սովորաբար նման բառեր օգտագործել չեմ սիրում, բայց այն, ինչ հիմնականում կատարվում է այսօր հայաստանյան մեդիայում, ազգային դավաճանության նման մի բան է ու, ցավոք, հիմնականում  նաեւ այն մարդկանց կողմից, ովքեր մեդիայի անունից ամենաշատն են խոսում բարոյականության, արժեքային համակարգերի, սերունդների փչացման եւ այլնի մասին, ովքեր տարբեր տոնայնությամբ ու տարբեր դիրքերից բոլորին մեղադրում են Հայաստանը չսիրելու, գողանալու, թալանելու, սերունդներին զոմբիացնելու եւ այլ հրեշավոր մեղքերի մեջ:

Միայն «Ոսկե Ծիրանի» օրերին Հայաստան այցելեցին տասնյակ հռչակավոր մարդիկ` ռեժիսորներ, դերասաններ: Մարդիկ, ում հետ աշխարհի թոփ լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ ամիսներ շարունակ հանդիպումների են սպասում: Ամիսներ առաջ Հայաստանում էր հռչակավոր գրող Բորխեսի այրին, բացվել էր Բորխեսի լուսանկարների ցուցահանդեսը, տասնյակ ցուցահանդեսներ բացվեցին ժամանակակից արվեստի ոլորտում, որ պատիվ կբերեին ցանկացած մոդեռն պետության, թատերական փառատոնի շրջանակներում Երեւանում էին շատ հանրահայտ դերասաններ, ու զարմացել էին, որ խաղում են դատարկ դահլիճներում, մեր թատրոններում բեմադրվում են ներկայացումներ, որոնց շուրջ նյութ կա` խոսելու նյութ, մեր ռեժիսորները նկարահանում են կինո, որտեղ դարձյալ քննարկելու նյութ կա` թեկուզ այն տեսակետից, թե ինչու են հաճախ նկարահանում այդքան վատ կինո: Հետաքրքրում է քաղաքականությունն ու տնտեսությունը, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՆՀԿ-ն` դարձյալ նյութ կա` ահռելի նյութ, վերլուծելու, բացահայտելու, ապացուցելու նյութ: Հասարակությունն է հետաքրքրում` նյութ կա` անսպառ նյութ: Իսկ այս ամենի մասին կամ թռուցիկ անդրադարձ է, կամ`լռություն, կամ բամբասանք, կամ սպեկուլյատիվ լրատվություն, իսկ լավագույն դեպքում մամուլիասուլիսային սղագրություն` հիմնականում առանց հասկանալու, առանց բանախոսներին ճանաչելու:

Այն, որ շատ իրադարձությունների մասին շատ հաճախ ոչ ոք տեղյակ չի լինում, անշուշտ, նաեւ կազմակերպիչների, նաեւ տգետ չինովնիկների, նաեւ անգործունակ ու անմեղասունակ նախարարությունների, նախարարների մեղքն է, մեծ մեղքը: Նաեւ այն, որ PR-ը նույնպես սիրուն աղջիկների մենաշնորհն է Հայաստանում եւ ոչ մասնագիտություն: Բայց  հայ ժուռնալիստիկայից վերացել է նաեւ նյութը, վերացել է փնտրելու, գտնելու, քննելու, բացահայտելու, լույս սփռելու, վերլուծելու, եզրահանգումներ անելու ժուռնալիստական դասագրքային մոտեցումը: Ու եթե ինչ որ բան է պետք փնտրել` ուրեմն Youtube-ում  կամ Google-ում: Սրանք նոր տեխնոլոգիաներին չտիրապետելու արդյունքներն են, ճիշտ այնպես, ինչպես մեծամասամբ համակարգիչը Հայաստանում ուղղակի փոխարինել է սովետական գրամեքենային: Սրանք ժուռնալիստների չկրթվելու, չկարդալու, մասնագիտությանը չտիրապետելու արդյունքներն են: Ով է իրավունք տվել նկարահանելու վթարի ենթարկված տարեց կնոջ արյունոտ մարմինն ու այն դարձնելու հանրության սեփականությունը` առանց տուժողի հարազատների իմացության ու թույլտվության: Սրանք մեդիայում կուտակված մի փոքր մաս խնդիրների արդյունքներն են` ինչպես չորս նյութ գրել տալ չորս հարյուր դրամի դիմաց, ինչպես չուղարկել իրադարձության վայր, այլ նստեցնել նույն Google-ի առաջ ու բավարարվել անգրագետ copy-paste-ով: Ինչպես մի կիսագրետ երեւույթով կերակրել մի քանի տասնյակ կայք, հեռուստատեսություն, տպագիր մամուլ:

Այո, ողջ աշխարհում հասարակությունն ավելի թեթեւ, ավելի սկանդալային նյութի կարիք ունի: Այո, նոր տեխնոլոգիաները փոխել են մարդկանց մտածողությունը, փոխել են թերթերի, հեռուստաընկերությունների դերերը, մատուցումները, պայքարն արժեքավորի ու անարժեքի մեջ դաժանորեն է: Այո, Լեդի Գագայի էպատաժային ոտքերն ավելի են փնտրվող, քան Ֆելինիի «Ամարկորդը»: Դա ստիպում է ժամանակակից աշխարհի ռիթմը, ապրելու կենսակերպը, բայց ազատ խոսքի աշխարհում տարանջատումներ կան, չափանիշներ կան, չափորոշիչներ կան, ներքին արգելակումներ կան, զսպաշապիկներ կան`օրենքի, ավանդույթի, նախադեպի տեսքով: Կան խմբագիրներ, ովքեր հարգում են իրենց պետությունը, հասարակությունը: Իրեն հարգող, ավանդույթ ունեցող, առաջատար կոչվող որեւէ լրատվամիջոց աշխարհի որեւէ երկրում չի կարող իր երկրի գիտնականի նոբելյան մրցանակի հավակնող գյուտի մասին լուրը գերադասել հարեւանուհուն բռնաբարող անասունի մասին լուրից, իր երկրի մեծ կոմպոզիտորի այլ երկրում տեղի ունեցող համաշխարհային պրեմիերայի մասին լուրը գերադասել ութսունչորսամյա տատիկին բռնաբարած տականքի մասին լուրից եւ այսպես շարունակ: «Ֆայնենշլ թայմսը» կամ «Նյու Յորք թայմսը» չեն մրցում տաբլոիդների հետ եւ հակառակը: «Ֆայնենշլ թայմսը երբեք չի գրի 84 ամյա տատիկին բռնաբարողի մասին, թեեւ այդպիսի անասուններ Ամերիկայում էլ կան, նույնիսկ`ավելի: Այո, լուրջ մեդիայի ղեկավարներն էլ են տեղ տալիս սկանդալին, էպատաժին, շոուին, բայց իրենց «բարձրությունից» եւ առանց մրցելու միայն ստորին բնազդները շարժող լրահոս արտադրողների հետ: Ի վերջո, աշխարհի հեղինակավոր, առաջատար մամուլում վաղուց արդեն պարզ ժուռնալիստներ չեն աշխատում: Աշխատում են վերլուծող ժուռնալիստներ, տեսաբան ժուռնալիստներ: Արդյոք որեւէ մեկը կարող է Հայաստանում, չնչին բացառություններով, տարանջատել լրատվամիջոցները` դեղինը, սպիտակը, տաբլոիդը, ֆինանսականը, մշակութայինը, լուրջը, անլուրջը, վստահելին եւ այլն:

Ինչ անենք…

Եթե մի քիչ հումորով, ուրեմն գուցե խնդրենք ոստիկանությանը, որ ոստիկանական ամփոփագրերը վաճառի աճուրդով, որպեսզի հայկական մեդիան չվերածվի ոստիկանական ամփոփագրի: Գուցե խնդրենք քրեաօլիգարխիկ համակարգին, որն, ըստ էության, չնչին բացառություններով, անօրինականորեն ֆինանսավորում է հայկական աչքի ընկնող էլեկտրոնային ու տպագիր մեդիան` «անազնիվ» իշխանականներից  մինչեւ «ազնիվ» ընդդիմականներ` որոշակի պայմաններ դնելու իրենց ֆինանսառուների առջեւ: Գուցե խնդրենք միջազգային գրանտատու կազմակերպություններին, որպեսզի  հայկական մեդիային ֆինանսավորելուց առաջ հիմնականում ոչ թե թելադրեն  քաղաքական կամ այլեւայլ շահեր, այլ` որոշակի մեդիա չափորոշիչներ, արեւմտյան սահմանումներ, կառավարում, մշակույթ եւ այլն: Իսկ եթե ավելի լուրջ`գուցե խնդրենք Հանրապետության նախագահին (եթե սա դուր չի գա ոմանց եւ կմեղադրեն պետական դավաճանության մեջ, ինչպես եթերային քաղաքականության համար խնդրողներին, ուրեմն խնդրենք ՀԱԿ-ին, Բարգավաճ Հայաստանին, ում ուզում եք` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կամ Հռոմի Պապին) օրենսդրական կտրուկ, գուցե նաեւ ցավոտ ռեֆորմներով կարգավորելու մեդիա ոլորտը: Առանց քաղաքականացման ու խտրականության, ինչպես ամեն բան Հայաստանում, բոլոր պրոֆեսիոնալների համախմբմամբ, առանց մերկանտիլ շահերի առաջնահերթության: Ժամանակակից կառավարման պահանջներին, մարկետինգային մոտեցումներին համապատասխանեցնելու, բաց եւ թափանցիկ դարձնելու կարիք ունեն թե մեդիայի ֆինանսական կողմերը, թե գովազդային խնդիրները, թե մասնագիտական չափորոշիչները: Եվրոպական շատ երկրներ արտոնագրման խիստ համակարգեր են կիրառում ժուռնալիստական դաշտում, շատ ազատ երկրների մեդիա ոլորտը ամենայն մանրուքի աստիճան կանոնակարգված է, մեդիան կարգավորող օրենսդություններում կան չի կարելիներ, սահմանափակումներ, չափորոշիչներ: Եվ ոչ մի ազատ երկրում մեդիայում այքնան անիշխանություն չկա, որքան Հայաստանում: Հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինելու մեդիայի ֆինանսական աղբյուրներին ճիշտ այնպես, ինչպես մեդիան ունի այդ իրավունքը հասարակության հանդեպ: Մեդիան չի կարող պատասխանատու չլինել խոսքի ազատության առջեւ: Մեդիան չպետք է կարողանան վարել պատահական մարդիկ, ինչպես օդանավերը չեն կարող վարել ոչ օդաչուները:

Ժամանակին, երբ կարգավորված չէր բանկային համակարգը, մի քանի հարյուր ռուբլի ունեցողը դառնում էր բանկիր, հավաքում էր մարդկանց գումարներն ու «պայթում» էր: Այսօր այդպես պայթեցնում են մեդիա ոլորտը: Աշխարհի ոչ մի ազատ երկրում հնարավոր չէ առավոտյան արթնանալ, պատվիրել մի քանի եվրո արժողության որեւէ կայք, լցնել այն աղբով, գողանալ լուսանկարներ ու նյութեր ու հայտարարել, որ դու լրատվամիջոց ես: Ու ոչ միայն հայտարարել, այլեւ կանգնել ասենք «Ֆայնենշլ թայմսի» կողքին:

Գուցե միայն այս դեպքում կձերբազատվենք նաեւ «ընդդիմադիր եւ իշխանական մեդիա» անհեթեթ մոտեցումից, մտածողությունից, իշխանական ու ընդդիմադիր ժուռնալիստիկայից, որովհետեւ այդպիսի բան աշխարհում գոյություն չունի: Աշխարհում կան դեմոկրատներ, հանրապետականներ, սոցիալիստներ եւ այլք, կան ֆինանսական, մշակութային եւ այլ շրջանակներ, կա շոու բիզնես եւ այլն:  Աշխարհում կան ժուռնալիստներ, ովքեր ունեն աչք, հայացք, դիտողականություն, միտք, գրելու եւ վերլուծելու կարողություն ու մասնագիտական պարտք` անկախ իրենց քաղաքական կամ սեռական կողմնորոշումներից, միշտ մի քիչ թարս են նայում իշխանությանը, բայց եւ չեն մեղադրվում պետական դավաճանության մեջ, երբ իշխանության գործունեությունում դրական բան են տեսնում: Սա ուղղակի:

Որպես վերջ

Նոբելյան մրցանակակիր Վարգասն իր հանրահայտ ճառում ասում էր. «Եթե գրա­կա­նու­թյան ծաղկ­ման հա­մար մի հաս­արա­կու­թյան մեջ պար­տա­դիր պայ­ման լի­ներ սկզ­բում հաս­նել բարձր մշա­կույ­թի, ազա­տու­թյան, բա­րե­կե­ցու­թյան և ար­դա­րու­թյան, այն եր­բեք գո­յու­թյուն չէր ու­նե­նա: Ընդ­հա­կա­ռա­կը, գրա­կա­նու­թյան, նրա ձևավո­րած պատ­կե­րա­ցում­նե­րի, ներշն­չած իղ­ձե­րի ու ձգ­տում­նե­րի և իրա­կա­նու­թյու­նից այն հի­աս­թա­փու­թյան շնոր­հիվ, որով վե­րա­դառ­նում ենք դե­պի գե­ղե­ցիկ անուրջ­ներ կա­տա­րած ճամ­փոր­դու­թյու­նից, հա­սա­րա­կու­թյունն այժմ նվազ դա­ժան է, քան երբ հե­քի­ա­թա­սաց­նե­րը սկ­սե­ցին մար­դա­սի­րա­կան դարձ­նել կյանքն իրենց հե­քի­աթ­նե­րով: Առանց լավ գր­քեր կար­դա­լու մենք ավե­լի վա­տը կլի­նե­ինք, քան կանք, ավե­լի հար­մար­վո­ղա­կան, պա­կաս ան­հան­գիստ և անհ­նա­զանդ, և քն­նա­դատ ոգին՝առա­ջըն­թա­ցի շար­ժիչ ու­ժը, գո­յու­թյուն ան­գամ չէր ու­նե­նա»:

Ուղղակի կուզենայի գրականություն բառը փոխարինել ժուռնալիստիկա բառով ու կրկին հրապարակավ դիմել վերջին մոհիկան ժուռնալիստ ընկերներիս ու գործընկերներիս. ԻՆՉ ԱՆԵԼ. Ու երջանիկ կլինեի, եթե կայանար քննարկումը, բանավեճը, ելքերի որոնումը, համախմբվելու հնարավորությունն ու լուծումներ առաջարկելու ցանկությունը: Մենք պետք է ապացուցենք, որ կամ մեզանից ոչինչ կախված չէ, կամ ամեն ինչ կախված է մեզանից ու փոխենք հայկական լրագրության տխուր դեմքը…Եթե մեզ հիշեն, հիշելու են մեր շնորհիվ, եթե չհիշեն` չեն հիշելու մեր մեղքով: 

Արայիկ Մանուկյան

Աղբյուրը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել