Ասում են, ամոթ է լինել հարուստ մի երկրում, որտեղ մարդկանց մեծ մասն աղքատ է: Սա անգամ ասացվածք չէ, սա կենցաղային իմաստություն է, որ պետք է ականջին օղ անեն այդ թվում Հայաստանում բարեկեցիկ կյանք վարող մարդիկ, առավել ևս, եթե նրանք հանրային դեմքեր են, ու առավել ևս, եթե նրանք այդ աղքատ ժողովրդի կողմից ընտրված իշխանավորներ են:

Սրանից ամիսներ առաջ լայն քննարկումներ առաջացրեցին Նազենի Հովհաննիսյանի նկարները, որտեղ նա երթևեկում էր 11 միլիոն դրամ արժողությամբ Spider տրիցիկլետով: Թեման քննարկվեց-քննարկվեց, Նազենիին քննադատեցին, մեղադրեցին, կշտամբեցին, որոշ դեպքերում էլ ծաղրեցին ու անցավ գնաց:

Հիմա ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է հաճախ լուսանկարներ հրապարակում Բրազիլիա կատարած իր այցից ու բացասական արձագանքների նույն ալիքը բարձրացնում: 
Քավ լիցի, ես բնավ ցանկություն չունեմ ինչ-որ բանում մեղադրել թե՛ Նազենիին, թե Սամվելին, ոչ էլ անգամ նրանց գրպանը մտնելու ցանկություն ունեմ: Վստահ եմ, որ Նազենիի վաստակած միջոցները բավականացնում են նման գնումներ անելու համար:

Ֆարմանյանի պարագայում էլ ոչ մի մեղադրանք չեմ ուզում առաջ քաշել, ուղղակի եթե Նազենիի պարագայում դեռ ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի է պճնանքն ու շքեղ կյանքը ի ցույց դնելու հանգամանքը, որովհետև նա բոմոնդի ու գլամուրային կյանքի ներկայացուցիչ է, աստղ ու ի վերջո կին (իսկ կնոջը չես կարող մեղադրել ճոխությունը սիրելու մեջ), ապա Ֆարմանյանը ԱԺ պատգամավոր է, ով ստանում է մի 400.000 աշխատավարձ՝ հարկատուների փողերից, ու հայտարարագրում է մի քանի հազար դոլար՝ իր հաշվեհամարին:

Հենց հանրային ու ազգընտիր դեմք լինելու հանգամանքն էլ բերում է այն սարկաստիկ հոդվածներին, որտեղ ասվում են, որ Ֆարմանյանը վարկով է գնացել Բրազիլիա՝ Աշխարհի առաջնությանը հետևելու, ու հենց նրա պարտավորեցնող կարգավիճակն էլ պետք է հուշի նրան, որ թեև ինքնին դատապարտելի բան չկա քեզ նման լայն ժեստեր թույլ տալու մեջ, բայց ժողովուրդի մի լայն զանգված կարող է ընկալել միանգամայն անմեղ՝ տեսածն ու հաճույքը կիսելու ցանկությունը նկարները հրապարակելու միջոցով ընկալի որպես «ջիջիլ գցել», ու դա անխուսափելիորեն կառաջացնի ու առաջացնում է հակազդեցություն:

Կրկնում եմ, այստեղ հարցը նրանում չէ, որ ես ինչ-որ խնդիր ունեմ անձամբ Նազենիի կամ Սամվելի հետ (ուղղակի նրանց եմ նշում որպես ամենաթարմ ու ակտուալ օրինակներ՝ քննարկվող երևույթի), հարցը այն չէ, որ ես որևիցէ կերպ կասկածի տակ եմ առնում նրանց ծախսած գումարների մաքրությունը, ոչ էլ ուզում եմ հարամ արած լինեմ, առավել ևս, որ Նազենիին հավանում եմ որպես տաղանդավոր արտիստ ու գեղեցիկ մարդ, իսկ Ֆարմանյանին համարում եմ մեր քաղաքական դաշտի համար եզակի գրագետ ու ադեկվատ քաղաքական գործիչ, ով ինձ թվում է՝ պետք է ավելի բարձր լինի նման ինֆանտիլ կիքսերից ու ճիշտ հետևություն անի, ըստ իս, կառուցողական այս քննադատությունից:

Պարզապես պետք է թե՛ նրանք, թե՛ նրանց կարգավիճակն ու կենսամակարդակն ունեցողները հասկանան այն պարզ իրողությունը, որ սոված ժողովուրդը ապրիորի չի կարող դրական ընդունել ի ցույց դրվող առատությունն ու շքեղությունը, եթե դրանք արվում են հանրային կարծիք ձևավորող ու հանրային բարեկեցության մեջ դերակատարություն ունեցող մարդկանց կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել