2000 թվականին հորս հետ գնացել էինք Մալաթիայի շուկա՝ ավտոմասեր գնելու: Շուկայի մուտքի մոտ ամուսիններ էին վիճում, ու վեճը թեժացավ, և ամուսինը բռունցքներին սկսեց ազատություն տալ, հենց ամբոխի մեջ կնոջը գցեց քացու տակ: 5 րոպեում մի բազմահազարանոց ամբոխ հավաքվեց ու բոլորը առանց միջամտելու կանգնած դիտում էին: Հայրս մոտեցավ բաժանեց, ամուսնու հետ խիստ խոսեց, ամոթանք տվեց, կնոջը բարձրացրեց վեր, հանգստացրեց ու ճամփու դրեց: Քիչ անց ամբոխը շատ արագ ցրվեց: 
Տարիներ անց, երբ հեռուստաեթերային աղբ մատուցողները իրենց դեմ պայքարողների, բարձրաձայնողների առաջ սկսում են արդարանալ իբր պահանջարկն է ստիպում, որ նման էշություն նկարեն և նման հիմարություններն են հավաքում, մեծ դիտումներ, հիշում եմ այս դեպքը: Պատկերացնո՞ւմ եք, երբ հայրս մոտենար ամուսնուն, ամոթանք տար, նա արդարանար, որ վատ բան չի անում, տես ինչ պահանջարկ կա, ինչքան մարդ է նայում, թե ոնց եմ նվաստացնում կնոջս:
Նույն սկզբունքով էլ կարող է արդարանալ նաև թմրանյութ վաճառողը:
Մի խոսքով, հարգելի հեռուստաեթերի պատասխանատուներ, բերեք հեռուստադիտողի հետաքրքրասիրությունը մի շփոթեք պահանջարկի հետ. դրանք տարբեր կատեգորիաներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել