Havatarim mterim

Մինչեւ մենք մեզ Երկրին խորթ չհամարենք, Երկնքում հարազատ ոչինչ չենք փնտրի, եթե չմերժենք հարափոփոխն ու անցողիկը, մնայունն ու հավիտենականը չենք ընդունի եւ չենք հասկանա:
Քանի դեռ Քրիստոս Երկրի վրա՝ մարդկանց մոտ էր եւ հոգում էր նրանց մարմնավոր կարիքները, նրանք ձրի ստանալիք եւ անաշխատ շահ ունէին Նրանից, գոչում էին «օվսաննա», բայց երբ հասկացան, որ Նրա թագավորությունն այս աշխարհից չէ, եւ այն չի հանդիսանում որպես նրանց համատեղ շահերի հարթակ, հրաժարվեցին Նրանից:
Հիսուս քարոզում է հրաժարում երկրից ու երկրայինից եւ երկինք է հրավիրում. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ …, սովորեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ»Մատթ.11;28-29, Հիսուս ինքնակատարելագործման կոչ է անում, ինչի համար պետք է ջանքեր գործադրել: Հիսուս տվեց, որպեսզի ոգեւորի նրանց, ովքեր պատրաստակամ են տալու, եւ տալիս է նրանց, ովքեր պատրաստ են ստանալու: Հիսուս կոչ է անում վերստին ծնվել: Եթե պտղի ներարգանդային զարգացումը թերի է, ապա ծնունդը լինում է անկատար ու ոչ կենսունակ, իսկ հետագա սնուցումն ու խնամքը՝ անհնար կամ անօգուտ: Այսպես է նաեւ հոգեւոր կյանքում: Նախքան մկրտությունը պետք է որոշակի «ներարգանդային» փուլ անցնել՝ լիարժեք ծնունդ ունենալու համար: Սա կարեոր է, որպեսզի լիարժեք կերպով հասանելի ու հասկանալի լինեն աստվածընկալ շնորհները, որպեսզի հոգեւոր սնունդը՝ նախ «կաթի», ապա «պինդ կերակրի» տեսքով, յուրացվի եւ մեզ նոր հոգեւոր լիցքեր պարգեւի: Մկրտությունը կոչվում է նոր ծնունդ ոչ այն պատառով, որ հաջորդում է մարմնավոր ծննդին, այն ծնունդ է ի վերուստ՝ վերեւից, մեղքի մահից մարդուն նորոգող ծնունդ է, «որովհետեւ Աստծո սերմը մնում է նրա մեջ. անկարող է մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնված» Ա Հովհ.3;9: Ինչպես Խոսքը մարմին առավ Կույսի որովայնում՝ մտնելով խոնարհություն կոչվող դռնից, նույնկերպ էլ մեր մեջ ներբնակվելով՝ դառնում է Հոգի եւ Կյանք: Հետեւաբար, հոգեւոր ծնունդը սկսվում է Խոսքի հանդեպ հավատից, խոնարհությունից ու Խոսքին հնազանդությունից, ինչպես մարդու անկումը սկսվեց կասկածից եւ հանդուգն անհնազանդությունից, «իսկ ովքեր ընդունեցին Իրեն, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, ովքեր Իր անվանը կհավատան: Նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին»: Այսինքն մկրտությունը փաստացի ծնունդ է՝ բոլոր կանոններով ու օրենքներով: Այդ կարեւորագույն իրադարձությունը, որով սկսվում է մեր հոգեւոր կյանքն ու մտերմությունն Աստծո հետ, պետք չէ անտեսել՝ որպես աննշան ու անկարեւոր մի դեպք, որովհետեւ «Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ անել չի կարող»: Մարմինը ընդամենը ընդունում, կրում եւ հաղորդում է տիեզերական իմֆորմացիան, որն անհրաժեշտ է հոգու կենսագործունեության եւ կատարելագործման համար: Շնորհ, թե արատ՝ արմատավորվում են մարդու էության մեջ, փոխանցվում են գեներով, ամրապնդվում են ստացած դաստիարակությամբ: Աստված կանչում է մարմնավոր ծնունդով, ընտրում է հոգեւոր ծնունդով, մեզ մնում է միայն դրսեւորել հավատարմություն՝ հանդեպ Հիսուսի անձի մեջ Աստծո եւ մարդու հաշտության: Աստվածասեր մարդու՝ աշխարհը նախընտրող մարդկանց հասկանալու ջանքերն իզուր են, իզուր են նաեւ հակառակ կողմի փոխադարձ ջանքերը, այսօր Աստծո գոյության մասին ոչ ոք այլեւս չի վիճում, վիճարկվում է Աստծո ամենազորությունը եւ ադեկվատությունն ընդհանրապես. ո՞վ է Աստված, որ պահանջներ ներկայացնի, պատժի կամ դատի: Բայց Ճըշմարտությունը չի կարող կլանվել եւ անհետանալ անօրինության մեջ, Նա ապրում է Եկեղեցում եւ ապրեցնում է Եկեղեցին, Եկեղեցի, որ Հոգի Աստծուն Հոգով եւ Ճշմարտությամբ երկրպագողների հոգեւոր միությունն է Ամենատես Աստծո հայացքի առաջ:
Հավատարիմները զգում են միայն սեր եւ վստահություն, նրանց սրտերը մաքուր են նենգավոր կասկածից, նախանձից եւ ատելությունից, նրանք հանձն չեն առնում կրել ինքնաբավության անտանելի ծանր բեռը եւ հույսը չեն փոխարինում ինքնախաբեությամբ:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել