Ուկրաինայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո Ռուսաստանի դեմ սկսեցին կիրառվել պատժամիջոցներ: Ինչպես և բոլոր այլ նման դեպքերում, առաջամարտիկի դերում հանդես եկավ ԱՄՆ-ն: Իսկ ինչպես այնտեղ ընդունված է, պետության նախաձեռնած միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերում նաև մասնավոր կազմակերպությունները: 
Այս պարագայում խոսքը իբր միջազգային, բայց դե յուրե ԱՄՆ-ում գրանցված և, հետևաբար, ԱՄՆ օրենսդրությամբ առաջնորդվող կազմակերպությունների՝ VISA և MasterCard բանկային քարտերի և վճարային համակարգերի մասին է: Այդ կազմակերպությունները նախ դադարեցրեցին Ռուսաստանի մի շարք բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով վճարումների ընդունումն ու սպասարկումը, այնուհետև սպառնացին ընդհանրապես դադարեցնել իրենց գործունեությունը Ռուսաստանում:
Առաջին հայացքից թվում էր, որ Ռուսաստանի համար դա որևէ խնդիր չպիտի առաջացնի: Սակայն պարզվեց, որ աշխարհի խոշորագույն պետությունը չունի ազգային վճարային համակարգ: Ռուսաստանում ներկայումս գործում են «Сберкарт», «Золотая Корона», «STB Card», «Union Card», «ChronoPay» վճարային համակարգերը: Սակայն միասին վերցրած դրանց համախառն ծածկույթը չի գերազանցում Ռուսաստանում բանկային քարտերի քարտապանների ընդհանուր թվի 6 տոկոսը, ուստիև դրանցից և ոչ մեկը իրապես չի կարող հավակնել ազգային վճարային համակարգ համարվելու չափանիշների բավարարմանը:
Խնդրի լուծումը հասել է ընդհուպ միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակի, ով հանձնարարել է ամենաուշը կես տարվա ընթացքում ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները ազգային վճարային համակարգ ձևավորելու և այդպիսով օտարերկրյա կախվածությունից դուրս գալու համար:
Տարօրինակ է հնչում, սակայն մենք այս առումով հպարտանալու բան ունենք: Հայաստանում ազգային վճարային համակարգը գործում է շուրջ 15 տարի և կարծես թե առանձնակի մեծ դժգոհություններ չի հարուցել:
Ակամա քեզ լավ ես զգում, երբ կարող ես ասել, որ գոնե ինչ-որ բանում մյուսներից առաջ ես: Առավել ևս, եթե այդ մյուսն աշխարհի խոշորագույն պետությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել