Արդեն գրել էինք, որ հուլիսի 4-ին Բաքվի Մուշվիհաբադ ավանում և Սաբիրաբադի շրջանում տեղի ունեցան բախումներ Ադրբեջանի ՆԳՆ ստորաբաժանումների և վահաբիզմի հետևորդների միջև: Սաբիրաբադում և Ադրբեջանի այլ վայրերում վահաբականները «մորուք խուզելու» ծես են կատարել, իսկ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչված կառույցը Սաբիրաբադի դեպքերի առնչությամբ հանդես է եկել սպառնալիքներով Ադրբեջանի իշխանությունների հասցեին: Բնականաբար, այդ ամենը չէր կարող անհաղորդ թողնել Ադրբեջանի իշխանություններին: Այդ կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հրավիրել է ՆԳՆ կոլեգիայի նիստ, որում հնարավոր վտանգների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանձնարարականներ է տրվել: Այն, որ Ադրբեջանին բարդ օրեր են սպասվում, կասկածից վեր է: Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարբեր շրջաններում սալաֆիների (վահաբիների) և շիաների միջև բախումներ են արձանագրվել: Կարծիք կա, որ Սիրիայում և Իրաքում օրեցօր մեծ թափ ստացած բախումները հավանաբար ներթափանցեն նաև Ադրբեջան: Բանը, ըստ էության, արդեն դուրս է եկել շիաներ-վահաբականներ առճակատման տիրույթից և վերածվել է դիմակայություն արմատական իսլամիստական խմբավորումների միջև՝ ընդհուպ միջև զինված ընդհարումների տեսքով: Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք են մեղավոր առկա իրավիճակի ի հայտ գալու մեջ: Երկրում տիրող սոցիալական անարդարությունն ու կոռուպցիան մարդկանց մղում են իսլամական ֆանատիկոսների գիրկը: Ընդ որում, տվյալ պարագայում խոսքն արդեն ոչ թե առանձին կրոնամոլների մասին է, այլ կազմակերպված և կենտրոնացված կառավարում ունեցող կառույցների: Ինչպես նշում է ադրբեջանցի մի լրագրող. «Տարիներ շարունակ իշխանությունները չէին երկխոսում քաղաքական ընդդիմության հետ, իսկ հիմա ստիպված են երկխոսել մորուքներ սափրողների հետ»: Ակնհայտ է, որ կատարվում են քայլեր Ադրբեջանում էթնիկական և կրոնական առճակատում հրահրելու ուղղությամբ: Ընդ որում, այդ քայլերի սցենարը գրվել է ամենևին էլ ոչ Ադրբեջանում: Ու որքան ժամանակը գնում է առաջ, այնքան այդ ուժերը գործում են բացեիբաց: Ըստ վերջին օրերին տարածվող լուրերի՝ ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող հարցն է կանանց առևանգման և սեռական շահագործման խնդիրը, որը լայնորեն տարածված է վահաբիստական շրջանակներում: Այն, որ մեր հարևանների մոտ ընթանում են լրջագույն գործընթացներ, այլևս աներկբա է: Եվ չի բացառվում, որ այդ ֆոնին Ադրբեջանի իշխանությունները կրկին սկսեն շահարկել արտաքին էշնամու գործոնը, որի դերում, անշուշտ, իրենք տեսնում են Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել