Ես չգիտեմ, թե ինչ որակում տալ հեռուստատեսության եթերով հեռարձակվող այս աղբին, բայց սա իրոք անգամ մեր անմակարդակ իրականության համար է չափազանց:

Ու խոսքը այստեղ ոչ այնքան «Բեյբի»-ի ու նրա Մարսելա կնոջ մասին է, այլ հաղորդման հեղինակների, որոնք մերժում են բարոյական ու էթիկական ցանկացած նորմ՝ հետապնդելով բացառապես մեկ նպատակ՝ հնարավորինս շատ դիտումներ ապահովել, ռեզոնանս ստեղծել, սկանդալային իմիջը պահել:

Նախ, ի՞նչ փոխվեց այս երկու հիմար մարդկանց կյանքում, ովքեր իրենց ողջ կեղտոտ սպիտակեղենը ի ցույց հայության դրեցին այս հաղորդումում: Դրանից հետո ինչ-որ մեկին ավելի՞ են հարգելու, թե համերաշխություն է լինելու, թե դադարելու են իրենց ու իրենց երեխաների վրա մատով ցույց տալ: Չեմ ուզում ծավալվել այս երկու անմակարդակ երևույթների հարցով, Աստված իրենց դատավոր, որովհետև մարդկային դատը եթե կարող է ներել տղամարդկության պակասն ու անթասիբությունը, անհավատարմությունն ու անբարոյականությունը (իմ աչքերում երկուսն էլ մեղավոր են), ապա երեխաների կյանքն ու ապագան պղծելու հարցում ներում չեմ տեսնում:

Բայց վերադառնանք հաղորդմանը: Հետաքրքի՞ր է, Արչի անունով այդ անբռնազբոս երիտասարդը խղճի խայթ չի՞ զգում, երբ բերել ու մի 10 տարեկան երեխային լսարանում խոսեցնում է՝ անուղղակիորեն դրդելով նրան, որ այդ տղան եթերով հայտարարի, որ իր մայրն անբարոյական է ու սիրեկան ունի: Հաղորդման կազմակերպիչներին ընդհանրապես հուզո՞ւմ է այն հարցը, որ էդ տղայի վրա վաղը իր հասկակիցներն են մատով ցույց տալու:

Ընդհանրապես, հաղորդման հեղինակները իրենց առջև ի՞նչ խնդիր են դրել՝ ապացուցելու, թե ինչ կեղտ ու ամոթալի անկյուններ կան մեր հասարակության խորշերում, ծաղրի առարկա դարձնել այս հաղորդման հերոսների պես տկարամիտների՞ն, թե օգնել նրանց: Ճիշտն ասած՝ ամեն վայրկյան տեսնում ու զգում էի առաջին երկուսը, ու այդպես էլ չտեսա ու չզգացի երրորդը՝ մարդկանց օգնելու ցանկությունը:

Իմ կարծիքով, այս շոուն ու ընդհանրապես նման ցածրորակ ու զազրանք առաջացնող հաղորդումները պետք է արգելվեն, որովհետև դրանք ԲԱՑԱՐՁԱԿ ոչ մի դրական բան չեն ստեղծում, այլ ստիպում են հիասթափվել երկրիցդ, հասարակությունիցդ, համերկրացիներիցդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել