Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում մեկնարկել է ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կազմակերպության 6-րդ գագաթաժողովը: Կազմակերպությունը հանդիսանում է արագ զարգացող առաջատար երկրների միավորում և ընդգրկում է մոլորակի բնակչության 43 տոկոսը:
Գագաթաժողովին մասնակցող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ մի շարք ուշագրավ հայտարարություններով: Մասնավորապես, նա հայտարարեց, որ կազմակերպության անդամ երկրները մտադիր են փոխել աշխարհի արժութային համակարգը և նվազեցնել այդ համակարգի կախվածությունը ԱՄՆ կողմից վարվող քաղաքականությունից:
«Միջազգային արժութային համակարգը չափից ավելի է կախված ԱՄՆ դոլարի վիճակից, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ԱՄՆ կառավարության արժույթա-ֆինանսական քաղքականությունից», - ասել է Պուտինը:
Սակայն սրանով անակնկալները չսահմանափակվեցին: Նա հայտնեց ԲՐԻԿՍ անդամ-պետություններին ռուսական ГЛОНАСС արբանյակային նավիգացիայի գլոբալ համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու իրնեց մտադրության, ինչպես նաև ԲՐԻԿՍ զարգացման բանկ հիմնելու մասին, որի կանոնադրական կապիտալը կկազմի 200 միլիարդ ԱՄՆ դոլար, և արժութային ռեզերվների փաթեթ: 
Բացի այդ, դրվել է Եվրասիական տնտեսական միության և Հարավամերիկյան տնտեսական միության (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև սերտ տնտեսական համագործակցության և ապրանքաշրջանառության ավելացման խնդիր: Սա ևս կարևոր քայլ է ԲՐԻԿՍ անդամ-երկրների համաշխարհային դերակատարության բարձրացման ուղղությամբ:
Իսկ ամենամեծ անակնկալն էր համացանցի վերահսկողության և կառավարման գործառույթը ԱՄՆ-ից վերցնելու և միջազգային հանրությանը փոխանցելու պահանջը: Սա հատկապես կարևոր է վերջին ամիսներին արձանագրված բացահայտումների և լրտեսական սկանդալների լույսի ներքո: Ընդ որում, ըստ Պուտինի, եթե այդ պահանջը իրականություն չդառնա, ապա հարկ կլինի մտածել այլընտրանքային համացանց ստեղծելու մասին:
Անշուշտ, դեռ շատ առիթներ կլինեն անդրադառնալու ԲՐԻԿՍ-ի գործունեությանը, նպատակներին և ռազմավարությանը: Սակայն այն, որ համաշխարհային դաշտում հայտնվել է հսկայական և բազմապրոֆիլ ռեսուրսների տեր նոր խաղացող՝ աներկբա փաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել