Emedia.am-ը գրում է.

Ինչու է պետք լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման, ինչ դիտանկյունից մոտենալ հարցերին, ինչպես թեման հասանելի դարձնել հայ և օտարազգի լսարաններին. սրանք էին «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» երկօրյա դասընթացի առանցքում դրված հարցերը, որոնք ստացան պատասխաններ:

Հուլիսի 11-12-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպված երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար: «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» դասընթացին մասնակցեցին ՀՀ և Սփյուռքի լրագրողները:

Դասընթացի ժամանակ դասախոսություններով ելույթ ունեցան ՀՑԹԻ-ի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, ՀՑԹԻ-ի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, ՀՑԹԻ-ի գիտաշխատող Լուսինե Աբրահամյանը:

Թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, չափազանց կարևորելով Հայոց ցեղասպանության մասին նյութերի առատությունը լրատվամիջոցներում, առանձնացրեց մի քանի կետեր, որոնք կարող են ուղեցույց ծառայել լրագրողների համար: «Կարևոր խնդիր է համաշխարհային մեդիա դաշտում Հայոց ցեղապանության հարցի` մեզ համար ընդունելի տեղեկատվության մշտական ու ծանրակշիռ ներկայության ապահովումը: Այստեղ սեփական տեղը մշտապես ունենալու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն ու հարթակները: Դեմոգրաֆիական ու ռեսուրսային սակավության պատճառով որոշակի քանակ ապահովելու համար պետք է աշխատեն բոլորը: Այդուհանդերձ, ժամանակակից մեդիադաշտի զարգացման միտումները թույլ են տալիս քիչ ռեսուրսներ ծախսելով` ստանալ մեծ արձագանք ու արդյունք: Սա նաև լուծում է Հայաստանի համար շատ հստակ ազգային անվտանգության խնդիր: Քանի դեռ ակտիվ քննարկվում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, նման ոճրագործության հնարավորությունը որոշ չափով նվազում է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաստեց Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով` որքան էլ Հայոց ցեղասպանության թեման հանրաճանաչ իրողություն է, այնուամենայնիվ, երիտասարդները չգիտեն շատ մանրամասնություններ: «Դրա համար թեմայի իրազեկման, այն ընդունելի ու ճանաչված դարձնելու համար անհրաժեշտ է անընդհատ գրել այս թեմայով: Միաժամանակ, այս ողբերգական տարելիցի շուրջ մեկ անգամ եւս համախմբվում են հայկական համայնքները, հայկական ինքնության ամրությանը նոր զարկ է առնում: Առավել ևս, որ Սփյուռքում ապրիլի 24-ը հենց պայքարելու և արդարությունը վերականգնելու շեշտադրումով է իրականացվում: Իսկ պայքարը չի լինում մեկ օրով, մեկ իրադարձությամբ. այն երկարաժամկետ ռազմավարություն է»,-ընդգծեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել