Tatik

Իշխանական ժամանակներում ապրում էր մի իշխան: Մի օր նա ցանկանում է բարի գործ կատարել և հիշատակ թողնել ու մտածում է եկեղեցի կառուցել: Այս հարցով նա դիմում է ում որ հարկն է և ստանում եկեղեցի կառուցելու համաձայնությունը: Վստահ եմ, ովքեր ծանոթ են այն ժամանակներին, գիտեն, որ այսօրվա պես ժամանակակից սարքավորումներ չկային եկեղեցի կառուցելու համար, ամեն ինչ կատարվում էր ձեռքով, մարդկանց միջոցով, կովերով լծված սայլերով, որոնք ավազ, շաղախ (ցեմենտ) և զանազան շինանյութեր էին բերում: Անցնում են տարիներ և Աստծու կամքով եկեղեցին կառուցվում է: Եկեղեցու ճակատին մեծ տառերով գրվում է իշխան-բարերարի անունը, և նա նշանակված օրը, իր շքախմբով, հեծած արաբական ձիերին, մոտենում է եկեղեցուն, որպեսզի մասնակցի նրա օծման արարողությանը, ինչպես ընդունված է եկեղեցական կարգուկանոնով: Եվ հանկարծ հրաշք…եկեղեցու ճակատին գրված նրա անունը փոխվում է ու գրվում մի պարզ մայրիկի անուն` Հռիփսիմե Քաղցրիկյան:
Պատկերացնո՞ւմ եք այդ պահը: Ընտիր նժույգավարների մի շքախումբ իշխան-բարերարի առաջնորդությամբ և … Իշխանը բնական է՝ սաստիկ բարկանում է: Ստիպված օրը փոխում են ու նշանակում մի այլ օր բացումը կատարելու համար: Նշանակված օրը իշխան-բարերարը առաջին անգամվա նման նույնպես հանդիսավոր ու շքեղ զարդարված գալիս է եկեղեցի: Եվ … կրկնվում է նույն պատկերը. նրա անունը փոխվում է ու գրվում այդ պարզ մայրիկի անունը: Իհարկե իշխանը նորից սաստիկ զայրանում է, փրփրում, չի իմանում իր անելիքը, սակայն մի քիչ հանգստանալուց հետո, մտածում է գտնել այդ մայրիկին, իմանալու համար, թե նա ի՞նչ է արել, որ իրենից ավելի արժեք ունի և նրա անունն է գրվում իր անվան փոխարեն:: Գնում են ու գտնում այդ տարիքն առած, կյանքի ամբողջ ծանրությունն ու բեռը իր ուսերին հավաքած, կքած տարեց մայրիկին: Իշխան-բարերարը մոտենում է ու հարցնում.
- Մայրիկ դու ինձ ճանաչո՞ւմ ես, ո՞վ եմ ես:
- Չէ,- ասում է նա:
- Ես այս շրջանի մեծահարուստ իշխանն եմ:
- Լավ :
- Դու գիտես, որ այս եկեղեցին իմ տված նվիրատվությամբ է կառուցվել:
- Լսել եմ, Աստված քեզ երկար կյանք պարգևի:
- Շնորհակալ եմ, բայց մի բանի վրա զարմանում եմ, ինչո՞ւ է եկեղեցու ճակատին գրված իմ անունը ջնջվում ու քո անունը գրվում, դու ի՞նչ ես արել:
- Ե՞Ս, ՈՉԻՆՉ, -զարմանում է մայրիկը ու շարունակում անմեղորեն,- «ՄԻԱՅՆ ԹԵ, ԵՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՅԼԵՐՈՎ ԱՎԱԶ, ՇԱՂԱԽ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹ ԷԻՆ ԲԵՐՈՒՄ, ԽՂՃԱԼՈՎ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀՈԳՆԱԾ ԿՈՎԵՐԻՆ ՋՈՒՐ ՈՒ ԽՈՏ ԵՄ ՏՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՌՈՒՑՎԵՑ: ԱՅՍՔԱՆ»:

Իշխան-բարերարն այլևս ոչինչ չի ասում, իր համար պարզ էր ամեն ինչ: Նա այլևս չի վերադառնում եկեղեցի, բացմանը մասնակցելու համար, հասկանալով, որ այդ համեստ մայրիկի կատարածը Աստված ավելի ընդունելի է համարել, քան իր այդքան գումարի ներդրումը: «ԹՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՈՉՎԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԿՈՒՅՍԻ ԱՆՈՒՆՈՎ»,-ասում է Իշխան-բարերարը ու ետ վերադառնում տուն:

Բարի գործի համար այնքան էլ կարևոր չի մեծամեծ գործեր կատարել, փոքրիկ աննշան թվացող բարությունն էլ մեծ արժեք ունի ու կգնահատվի Ամենակարող Աստծու կողմից: Հիշենք նաև Ավետարանից «այրի կնոջ լուման»: Հռիփսիմե մայրիկի հույսը Աստված էր: Եկեք մենք էլ մեր հույսը դնենք Աստծու վրա ու մեր խղճին հակառակ գործեր չկատարենք: Աստծու մոտ ավելի ընդունելի են սրտանց ու հավատով կատարված նույնիսկ փոքր,աննշան բարի գործերը: Նա չի նայում երկար աղոթքին, այլ` սրտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել