Իրոք ունենք օպերատիվ, քաղաքացու համար ստեղծված, հասանելի, պրոֆեսիոնալ և դժվարության պահին արձագանքող 911 ծառայություն:

Երեկ երկրորդ անգամ դիմեցի 911 ծառայության օգնությանը:

Սակայն մինչև երեկվա դեպքին անցնելը, պատմեմ առաջինի մասին:

Առաջին դեպքը

Առաջին դեպքը մոտ մեկ տարի առաջ էր:
Երկաթյա մուտքի դռան ռուսական կողպեքը ներսից կոտրվել էր և բանալին չէր աշխատում: Գիշերվա 1ն էր:
Չնայած որ ուշ ժամ էր, կանչեցի ծանոթ վարպետին, որ ոչ հեռու էր ապրում: Նա եկավ, սակայն որևէ բան անհնար էր անել:
Նա ինձ խորհուրդ տվեց զանգել 911, որպեսզի գան, մտնեն դրսի կողմից տուն, բնակարանի կողպեքը ներսից քանդեն:

... Ինձ հետ նմանատիպ դեպք պատահել էր 2012-ին` Դյուսելդորֆում: Դյուսելդորֆից Ամստերդամ մեկնման կիրակնօրյա առավոտյան, թարսի պես, հյուրանոցի դուռը փակվել էր, բանալին ներսից դռան վրա թողնված: Հյուրանոցի ադմինիստրացիան ինձ ասաց, որ 911 անցանկալի է կանչել, քանի որ միայն կանչն արժե 700 եվրո: Նրանք այդ պատճառով կանչեցին մի ռուս պապիկի, որ դուռ բացելու իր մեթոդն ուներ` մետաղյա բարակ լարով:
Այս մեթոդը աշխատեց անգամ ճապոնական կողպեքի վրա ....

Վերադառնանք Երևան:
Քանի որ ես երբեք չէի օգտվել մեր 911 ծառայությունից, հատկապես այս գերմանական փորձից հետո, վախեցա, որ ահագին թանկ կարժենա:
Բայց դե վիճակն անելանելի էր: Այլ ելք չկար:

Զանգեցի 911:

Ներկայացրեցի իրադրությունը: Այն կողմից ճշտեցին իմ տվյալները, հեռախոսահամարները:
Ասացին, որ կարող են օգնել և շուտով փրկարար բրիգադը կժամանի:
Կարճ ժամանակ անց մեր բակ մտավ փրկարար ծառայության մեծ մեքենան` լուսավորված եզրերով:

Տղաները արագ, որոշ ճշգրտումներից հետո, ակնթարթորեն բարձրացան վերևի հարկի բնակարան, նրա պատուհանից` պարաններով կախվելով, դրսից` մտան իմ 3րդ հարկի բնակարան, քանդեցին կողպեքը, մեկ թուղթ տվեցին ինձ ստորագրելու և հեռացան:
Ընթացքում նրանցից մեկը անընդհատ հետևում էր ժամանակին:

Եկան, արագ կողմնորոշվեցին, անվճար օգնեցին ու հեռացան:
Ես ապշած էի:
Երբեք չէի պատկերացնի, որ մեր այս քայքայված, բյուրոկրատական, կաշառակեր, դանդաղաշարժ երկրում այսպիսի հրաշք 911 կարող է լինել:

Երկրորդ դեպքը

Սա երեկ էր:

Ուրեմն մեր վերևի հարկի բնակարանից, արդեն երրորդ անգամ, ջուր է հոսում (ոչ թե կաթկթում, այլ իրոք հոսում) շենքի միջանցքի առաստաղից, այլ բնակարանների պատերով և թափվում է առաջին հարկի աստիճաններով դուրս:

Այս երրորդ դեպքը շատ բնութագրական է: Քանի որ այն ցույց է տալիս ոստիկանություն, ջրմուղ, համատիրություն կառույցների անպետքությունը:

Թե ինչու, դատեք ինքներդ...

185 ջրմուղ զանգերը անօգուտ էին: Այս երեք դեպքերում էլ զանգել ենք: Եվ պարզել, որ

  • Ջրմուղը չունի շուրջօրյա օպերատորական ծառայություն:
  • Ջրմուղը չի աշխատում շաբաթ և կիրակի օրերին: 
  • Աշխատանքային օրերին ջրմուղի բրիգադները ունեն մեծ հերթեր և թե երբ կհասնի մեզ օգնելու հերթը, չգիտեն: Իսկ հարևանների զանգերին օպերատորը առաջին երկու անգամից հետո, այլևս չի էլ պատասխանում: 
Ընտրությունների նախօրեին, երբ ընտրողների ձայները կարևոր էին, մեզ այցելեց Շենքերի կառավարում համատիրության նախագահը: Նա տվել էր հեռախոսահամարներ, որոնք ևս մեր դեպքում անհասանելի էին:
Համատիրությունը չունի շուրջօրյա սպասարկում և փաստորեն հիշում է մեզ միայն վարձեր հավաքելուց: Աշխատանքային օրերին զանգերս համատիրություն ևս տեղից չշարժեցին այդ կառույցը:


Քանի որ այն բնակարանի բնակիչը, ով արդեն երրորդ անգամ հեղեղում է մեր շենքը, համառորեն չի բացում դուռը, չի պատասխանում զանգերին, չի նորոգում իր խողովակները, ապա միակ կառույցը ում ներկայությամբ կարող են մուտք գործել բնակչի բնակարան` ոստիկանությունն է:
Ոստիկանը և համատիրության ներկայացուցիչը կարող են մտնել այդ վթարային բնակարան, փակել ջուրը, կնքել բնակարանը, կազմել ստորագրություններով ակտ, որը հետո կներկայացվի այդ պահին ահնասանելի սեփականատիրոջը:
Սա շատ կարևոր պահ է, քանի որ Երևանի բնակարանների մեծ մասում մարդիկ չեն ապրում, բնակարանները փակ են, սեփականատերերը անհասանելի, իսկ իրենց բնակարարանները ապահովագրված չեն այսպիսի դեպքերի պատճառ լինելուց:

Ես զանգեցի 102:
Պատմեցի դեպքը: Երկար լսելուց հետո, հերթապահը ասաց, որ զանգեմ Արաբկիրի ոստիկանություն, քանի որ դա է մեր շրջանը:
Զանգեցի:
Պատմեցի դեպքը, որ շտապ պետք է մուտք գործվի և ոստիկանի ներկայությամբ փակվի ջուրը ներսից:
Հերթապահ Բաբայանը, ասաց, որ եթե լիներ կրիմինալ դեպք, իրենք կարձագանքեին, բայց ջրի հարցերով իրենք չեն զբաղվում, և զանգեմ 102:
Ես ասացի, որ 102-ից են ինձ ուղղորդել դեպի իրենց, ու նորից պետք չի զանգեմ 102, անվերջ ցիկլով:
Ասացի, որ օրենքով իրենք պետք է ներկա լինեն բնակարանի բացելուն:
Բայց նա պնդում էր, որ այսպիսի դեպքերը հազարավոր են և ոստիկանությունը չի կարող դրանց արձագանքել:

Հարգելի ոստիկանություն, իսկ հարյուրավոր ոստիկաններ Մաշտոցի պուրակի ապօրինի բուծիկների պաշտպանության համար կարող եք երեք ամբողջ ամիս պահել:
Կարող եք օլիգարխի ռեստորան, դղյակ պաշտպանել:
Իսկ այս պահին, քաղաքացիներին, ում հարկերով դուք աշխատում եք, չեք օգնում?

Իսկ ջրի հոսքը չէր դադարում:

Ու նորից զանգեցի 911:
Պատմեցի վիճակը, փոխանցեցի իմ տվյալները, այդ բնակարանի տվյալները, սեփականատիրոջ անհասանելի համարները:
Մի քանի անգամ, մինչև փրկարար բրիգադի ժամանումը, 911 օպերատորը զանգում էր ինձ:
Նա խորհուրդ տվեց գտնել շենքի ջրի մուտքի փականը և փակել ամբողջ շենքի ջուրը:
Մենք փակել էինք:

Հետո 911 ծառայության օպերատորը ինձ ասաց, որ կապնվեմ և կանչեմ համատիրության ներկայացուցչին ու ոստիկանություն:
Ինչը պետք է ըստ օրենքի լիներ և 911 շատ ճիշտ էր գործում:
Բայց ես արդեն նկարագրեցի վերևը, որ ոստիկանությունը և համատիրությունը չէին արձագանքում:

Միակ հույսը` համատիրություն, ջրմուղ, ոստիկանություն, սեփականատեր շարքից -  մնաց նորից 911ը:

Ժամանած փրկարարները, տեղում նորից ճշտեցին վիճակը: Անգամ նրանք զանգեցին ոստիկանություն, որ գան իրենց մուտքի անվտանգությունը ապահովեն: Բայց ավաղ, նրանց էլ չլսեցին: Պատկերացնում եք?

Շնորհակալություն քեզ 911:

Ծառայություն, որը փակում է և համատիրության անգործությունը, և ոստիկանության անգործությունը, և ջրմուղի անգործությունը, և անպատասխանատու քաղաքացի սեփականատերերի անգործությունը:

Ապրեք դուք, Տղաներ:

Իսկ հարցերը` ոստիկանությանը, ջրմուղին և համատիրությանը մնում են:
Ում համար եք դուք ստեղծված?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել